«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2011-04-21 | #72, 2011-04-22 | #73, 2011-04-23


ԵՐԵՎԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հասարակական տրանսպորտի ոլորտում իրականացրած մոնիտորինգի արդյունքներին եւ պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին:

Ինչպես հայտնեց վարչության պետը, մոնիտորինգի ժամանակ ուսումնասիրվել են ավտոբուսների եւ միկրոավտոբուսների արտաքին մաքրությունը, վարորդների արտաքին տեսքը, ամրագոտիներից օգտվելը եւ երթուղիներ դուրս գալու ժամանակային միջակայքը: Պարզվել է, որ որոշ երթուղիներ չեն բավարարել անհրաժեշտ թվով շարժակազմով, ինչը նրանց պայմանագրային պարտավորվածություններից է: Խոսքը թ.14,16, 32, 43 ավտոբուսային եւ 53, 69, 93, 110, 102, 109, 118, 112 միկրոավտոբուսային երթուղիների մասին է: Հենրիկ Նավասարդյանը հայտնեց նաեւ, որ շարժակազմի երթուղի դուրս գալու ժամանակային միջակայքը շատ երթուղիներում երկար է եղել, սահմանված 5-6 րոպեից ավելի, որը երեկոյան հասնում է 8-10 րոպեի: Ի դեպ, տրանսպորտի վարչության պետին հիշեցրինք, որ հատկապես ձմռանը, երեկոյան ժամը 19-ից հետո շատ երթուղիներում ընդհանրապես աշխատող միկրոավտոբուս կամ ավտոբուս չի լինում:

Իր խոսքում տրանսպորտի վարչության պետը կրկին անդրադարձավ քաղաքապետի հրահանգին, որ առնվազն 1 օր քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակիցները իրենց ծառայողական կամ սեփական մեքենաների փոխարեն տրանսպորտով գան աշխատանքի, որպեսզի տեսնեն եւ ամբողջացնեն լուծման կարիք ունեցող խնդիրները: Ինքըՙ Հենրիկ Նավասարդյանը հայտնեց, որ հաճախ է օգտվում հասարակական տրանսպորտից, նաեւ անձնապես խնդիրները տեսնելու համար: Տրանսպորտի վարչության պետը լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը էջ է բացել «Ֆեյսբուքում», եւ առաջարկեց կոնկրետ դժգոհությունների եւ բողոքների մասին դիմել իրեն henrik.navasardyan@yandex.ru հասցեով:

«Ազգի» հարցնՙ ուղղված տրանսպորտի վարչության պետին, Երեւանի հասարակական տրանսպորտի գլխավոր խնդրինՙ գերբեռնվածությանն ու դրա լուծման ուղիներին էր վերաբերում: «Կոնկրետ ի՞նչ է արվելու այս տարի գերբեռնվածության խնդրի լուծման համար, եւ քանի՞ ավտոբուս է բերվելու փոխարինելու համար միկրոավտոբուսներին» հարցին Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ այս տարի նախատեսվում է 80-100 ավտոբուս բերել Չինաստանիցՙ որպես վարկային օժանդակություն: Չինաստանում մրցույթ կլինի եւ կընտրվի ավտոբուսներ մատակարարող ընկերությունը, որից հետոՙ օգոստոս-սեպտեմբերին այդ ավտոբուսները կբերվեն Երեւան: Բացի դրանից, միկրոավտոբուսային այն երթուղիներում, որտեղ ուղեւորահոսքը մեծ է, առաջարկվել է ներկրել ավտոբուսներ: Ընդհանուր առմամբ միկրոավտոբուսների թիվը ներկայիս 2650-ից կկրճատվի մինչեւ 1500, իսկ ավտոբուսների թիվը ներկայիս 370-ից կհասնի 800-850-ի: Միաժամանակ, սահմանվել են Հայաստան ներկրվող ավտոբուսների լայնության եւ երկարության չափանիշներըՙ լայնությունը պետք է լինի առնվազն 240 սմ, երկարությունըՙ առնվազն 740 սմ:

Բնականաբար, լրագրողների բազմաթիվ հարցերն առնչվում էին մայրաքաղաքի տրանսպորտի այլ խնդիրներինՙ միկրովատոբուսների սրահների ներքին մաքրությանն ու վիճակին, գիշերը ուղեւորավարձը 200 դրամ դարձնելուն, կանգառներում տաքսիների առատությանը եւ այլն, որոնց վերաբերյալ Հենրիկ Նավասարդյանը փորձում էր որոշակի պատասխաններ տալ: Պատասխանները տրամաբանական էին, բայց վերջին 10-15 տարիներին բազում նման պատասխաններ են տրվել Երեւանի քաղաքապետների եւ տրանսպորտի վարչության պետերի կողմից, իսկ խնդիրները շարունակել են մնալ չլուծված:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4