«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2011-04-21 | #72, 2011-04-22 | #73, 2011-04-23


«ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ»

Վերնիսաժում կատարվող փոփոխությունները եւ տարիներ շարունակ բարձիթողի վիճակն այս օրերին դարձել են շատերի քննարկման թեման: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ Վերնիսաժի կանաչ տարածքներում առեւտուր անելն արգելվել է, իսկ վաճառքի համար տրամադրված վայրերն էլ պետք է լինեն բարեկարգ: Քաղաքապետարանի նախաձեռնություններին լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ անդրադարձան նաեւ ճարտարապետներ Լեւոն Իգիթյանն ու Սաշուր Քալաշյանը : Վերջինս, նշեց, որ Վերնիսաժը զբոսաշրջության առումով հետաքրքրություն ներկայացնում է, սակայն պետք է տեղակայված լիներ այլ տեղում, ոչ թե կառավարության շենքերի հարեւանությամբ: Իսկ Լեւոն Իգիթյանը Վերնիսաժի ներկայիս տեղին դեմ չէ, այլ դեմ է անբարեկարգ ու թափթփված վիճակին. «Ձեզ դու՞ր է գալիս միջավայրը, որտեղ վաճառվում են նկարներն ու հուշանվերները»:

Այնուհետեւ խոսելով Երեւանի ընդհանուր ճարտարապետական վիճակից` Սաշուր Քալաշյանն առաջարկեց քաղաքին նայել «զբոսաշրջիկի աչքերով». «Այդ ժամանակ կտեսնեք, թե քանի շենքից գեղագիտական հաճույք կստանաք»: Ճարտարապետ Քալաշյանը մայրաքաղաքի տեսքը 3 գնահատականից էլ ցածր գնահատեց` «3-»: Վերջինիս կարծիքով` քաղաքի նման վիճակը պայմանավորված է նաեւ սոցիալ-հոգեբանական վիճակով: Իրապես, յուրաքանչյուր երկրի ճարտարապետություն արտացոլում է նաեւ այդ երկրի հոգեբանական վիճակը, կարգապահությունն ու օրինապահությունը: «Մեր բոլոր օրենքներով գրված է, որ ապօրինի շինարարությունը պետք է պատժվի, իսկ մեզանում պատժելու փոխարեն խրախուսում են»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4