«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2011-04-21 | #72, 2011-04-22 | #73, 2011-04-23


ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ

Ճիշտ մեկ տարի առաջ այս օրերին Մարտունի քաղաքում բացվեց Արմենական-ՌԱԿ «Մարտունի» ակումբը: Այդ առիթով կուսակցության «Երիտասարդական ակումբ»-ը խորհրդանշական 125 հատ ծառ տնկեց Մարտունի քաղաքում: Ծառատունկը իր մեջ կրում էր խորհուրդ` Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ «մեկուկես միլիոն ծառ տնկել» ի հիշատակ անմեղ զոհերի, եւ «Արմենական» կուսակցության 125-ամյակի:

Մարտունիում 15 նորագիր անդամներ այդ օրը ավանդական կուսակցությանն անդամակցելու երդման ուխտով` «Երդվում եմ խղճովս ու պատվովս ծառայել ազգիս ու ժողովրդիս» լրացրին Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության շարքերը:

Այդ օրը իսկ որոշվեց Մարտունի քաղաքում հիմնել կուսակցության գրասենյակ, որի կահավորման հովանավորությունը իր վրա վերցրեց ՌԱԿ փոխատենապետ, Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Բաբկեն Մկրյանը, իր տիկնոջՙ Անահիտ Մկրյանի հետ:

Պրն Բաբկեն Մկրյանը բարեգործական տարբեր ծրագրերով, ինչպես նաեւ Հայաստանի Թեքեյան մշակութային միության ամենամյա «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը մասնակցելու առիթով գտնվում էր Երեւանում եւ բնականաբար մասնակցեց գրասենյակի բացմանը:

Արմենական-ՌԱԿ «Մարտունի» ակումբին գույքն ու համակարգիչը նվիրելու առիթով ակումբում էին Արմենական-ՌԱԿ կենտրոնական վարչության անդամներ Գայանե Մուրադյանը, Սուրեն Սարգսյանը, Սուսաննա Ղազարյանը եւ Արմեն Ադամյանը: Ակումբի ատենապետ Հուսիկ Մխիթարյանը մեծ ոգեւորությամբ նշեց, որ քաղաքում կուսակցական ակումբի գրասենյակի առկայությունը հանդիպման վայր է դարձել ոչ միայն կուսակցականների, այլեւ համակիրների համար, Արմենական-ՌԱԿ Մարտունի ակումբի կուսակցության անդամ Սարգսյան Օֆիկն էլ ավելացրեց, որ տարին նախընտրական է, եւ այս ամենում կարեւոր գործն է լինելու` ՌԱԿ գաղափարախոսության տարածումը:

Այնուհետեւ բացման մասնակիցները այցելեցին տեղի մանկապարտեզ եւ խաղալիքներ նվիրեցին երեխաներին:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4