Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերության ներկայացրած «Յուրի Գագարինի» անունը կրող «Sukhoi siperjet 100» մակնիշի նոր արտադրության ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարեց Մոսկվա: Մինչ այդ ինքնաթիռը կարճատեւ տեխնիկական թռիչք էր կատարել Թբիլիսի. ինքնաթիռի առաջին ուղեւորը «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն էր:
Աշխարհում առաջին «Sukhoi superjet 100» ինքնաթիռը թողարկվել է 2007-ին. այս տարի Միջազգային ավիացիոն կոմիտեն հավաստագրել է այն: «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանի տեղեկացմամբ` երկրորդ «Sukhoi superjet 100»-ը Հայաստան կբերվի այս տարվա հունիսին, իսկ մեկ տարի անցՙ երրորդը:
«Ինքնաթիռի տեխնիկական վիճակը բարձր մակարդակի վրա է», հավաստիացրեց Բելլույանը` հավաստիացնելով, որ «Sukhoi» արտադրության ինքնաթիռները դեռ կնվաճեն աշխարհը:
Անձնակազմի 12 անդամ է վերապատրաստվել «Sukhoi superjet 100»-ը գործարկելու համար: Այն իր հզորությամբ գերազանցում է «Էյրբաս»-ին եւ «Բոինգ»-ին, սակայն ավելի քիչ վառելիք է ծախսում: Վառելիքի քիչ ծախսի պայմաններում հնարավոր կլինի ինքնաթիռի ուղեւորների համար տոմսերի գները զեղչել 15 տոկոսով:
«Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի խոսքերով` ընկերությունը շարունակելու է նոր ինքնաթիռներ ձեռք բերելու եւ նոր ուղղություններով չվերթեր իրականացնելու քաղաքականությունը:
Հ. Հ.