«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2011-04-21 | #72, 2011-04-22 | #73, 2011-04-23


«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ» ԳՐՔՈՒՅԿԻ ԱՌԻԹՈՎ

Աբովյան փողոցի «Արտբրիջ» գրախանութ-սրճարանը օրեր առաջ դարձյալ հյուրընկալ էր. այս անգամ մտավորական մի խմբի հանդիպումն այնտեղ Փարիզի «Սիժեստ» հրատարակչության լույս ընծայած «Երեւանյան դիմանկարներ» ֆրանսերեն գրքույկի առիթով էր: Դրսում հորդ անձրեւ էրՙ ժանգոտած օդի, ներսում տաք զրույցՙ արվեստագետ մարդկանց մտքերի փոխանակման: «Արտբրիջի» պատերի լուսանկարները գրքույկի մթնոլորտն էին փոխանցում: Իսկ գրքույկը ակնարկների շարք է Երեւանի մասին, այստեղ ապրող մարդկանց միջոցով, որոնց պատմությունները ստեղծում են քաղաքային կյանքի պատկերՙ ընթացող ժամանակի մեջՙ ավելի անմիջական, կենդանի եւ այսօրեականՙ տարբերությամբ ընդունված դասական մոտեցումների (քաղաքի պատմություն, ճարտարապետություն): Քաղաքի կերպարը ստեղծում են մարդիկ: Այս մոտեցումով են կազմել գիրքը հեղինակներ Վարուժան Սիրապյանը եւ նրա վաղեմի ընկեր ֆրանսիացի լուսանկարիչ Իվ Դեվյուլֆը, որն այժմ ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի աշխատակիցն է:

Իվ Դեվյուլֆը Հայաստան առաջին անգամ Սպիտակի երկրաշարժի օրերին եկավ, երկրորդ անգամՙ 22 տարի հետո, անցյալ տարվա սեպտեմբերին: Սիրեց մեր քաղաքն ու իր բնակիչներին, նրա ֆոտոխցիկն այստեղ որսաց ու արձանագրեց հետաքրքրական շատ պահեր ու երեւույթներ: Մարդկանց ճանաչելու համար նրանց հետ շփվել է պետք, զրուցել. լրագրողի մասնագիտությունն օգնեց լուսանկարչինՙ հասկանալու նրանց առօրյան ու հոգսը: Եվ ստեղծվեցին երեւանցի պարզ մարդկանց կերպարներ: Ահա փողոցի ծաղկավաճառն ու երեւանյան տաքսիների վարորդները, որոնց անմիջական խոսք ու զրույցը այս խավի մարդկանց հետաքրքրական դիմանկարն է ստեղծում: Քաղաքային միջավայրի, ինչպես ասում են, աղը մտավորական շերտն է, արվեստի, գիտության մարդիկ, որ հարստացնում ու զարդարում են այդ կյանքը, պատմություն ստեղծում: Սամվել Գասպարյանը «Արեգ» հրատարակչության տնօրենն էՙ իր գործի նվիրյալ, գիր ու գրականության մշակ: Սամվել Երիցյանըՙ վինագործների հայտնի գերդաստանից, շարունակում ու զարգացնում է նախորդների ազնիվ արվեստը: «Արտբրիջի» տնօրեն Շաքե Հավան Կարապետյանը, ծագումով Պարսկաստանից, այստեղՙ Երեւանում, իր բացած ինքնատիպ սրճարան-գրախանութով, գողտրիկ ու սիրելի անկյուն է ստեղծել:

Այդպես անցնում է քաղաքի ռիթմըՙ դանդաղ ու հանգիստ, իր մարդկանցով, բարքերով ու սովորություններով, լավ ու վատ կողմերով: Իվ Դեվյուլֆի ֆոտոխցիկը, բնականորեն, արձաքանգել է ոչ հաճելի պահեր եւս: Ցավոքՙ Երեւանի պատմության ամենահին նմուշների, ուրարտական քաղաքակրթության վաղնջագույն հետքերիՙ Էրեբունի հնավայրի քարերի անխնամ վիճակներ-անհեթեթ խզբզանքներ:

Դիմանկարային այս շարքը շարունակվելու է եւ եթե կրկին անդրադարձ լինի Երեւանին, հուսանք, որ ուրիշ արժանավոր մարդիկ եւս, որ կան մեր քաղաքում, կպատմեն սովորական ու անսովոր պատմությունը մեր:

Վարուժան Սիրապյանը ֆրանսահայ մտավորական է, հիմնականում գրահրատարակչական գործունեությամբ զբաղվող: Ավանդույթներով ու զարգացումներով հարուստ ֆրանսիական հրատարակչական միջավայրում կայանալը այդքան էլ հեշտ չէ. ջանքեր ու աշխատանք շատ է պահանջում: Նրա գլխավորած SIGEST հրատարակչությունը 2004 թվականից 40-45 գիրք է արդեն լույս ընծայելՙ հիմնականում գիտական, քաղաքական, մշակութային ուղղվածությամբ: 2007-ին Ֆրանսիայում, երբ Հայաստանի մշակութային տարի էր անցկացվում, հայերեն թարգմանվեց եւ տպագրվեց «Տենտենի արկածները» կոմիքսները (պատկերապատումներ): Հայաստանի հետ համագործակցություն սկսվեց «Արեգ» հրատարակչության «Հայաստանի հրաշալիքներ» հանրագիտարանի առիթով, որի երեւանյան հայերեն տպագրությունը արագ սպառվեց: Փարիզում գիրքը լույս տեսավ նոր, գեղարվեստական ավելի շքեղ ձեւավորմամբ եւ դարձյալ հաջողություն արձանագրեց: Համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեցին նաեւ Ֆրանսերեն-հայերեն, Հայերեն-ֆրանսերեն բառարանները: Այժմ ֆրանսերենով հրատարակության է պատրաստվում Հովհաննես Թումանյանի բալլադների, պոեմների եւ հեքիաթների պատկերազարդ ընտրանին, որ կմասնակցի Ժնեւի գրքի միջազգային տոնավաճառին, ուր Հայաստանը ներկա է լինելու որպես պատվո հյուր:

2004-ի վերջերին Վարուժան Սիրապյանը Փարիզում ձեւավորեց «Արշակ Չոպանյան» ինստիտուտը, որն աշխատանքներ տանում է ազգային-քաղաքական հարթության մեջ: Այդ թվականին լրացավ գրող, մշակութաբան, հասարակական գործիչ, հայագետ-թարգմանիչ Արշակ Չոպանյանի մահվան 50-ամյակը. «Ուզեցինք իր ապրած տան վրա հուշատախտակ մը դնել: Բայց այդ նույն տարին սկսան Թուրքիո Եվրոպա մտնելու խոսակցությունները: Թուրքերը գիրքերով ու ֆիլմերով լոբբիինգ սկսան ընելՙ ցուցնելու համար, թե Թուրքիան մոդեռն, լայիք, դեմոկրատ երկիր մըն է: Մենք ալ, ինչպես Արշակ Չոպանյանը 100 տարի առաջ ըրած էր, որոշեցինք Թուրքիո իրական պատկերը տալՙ ինչպես պոզիտիվ, այնպես էլ նեգատիվ կողմերով ներկայացնել»: Ժողովածուն խորագրվեց «Ճերմակ գիրք»ՙ ուղղված հարցի թաքցված, չերեւացող կողմին, ընդգրկելով այնպիսի նյութեր, որ չէին հրապարակվի ֆրանսիական մամուլում: Գրքի 1600 օրինակ տարածվեց դիվանագիտական շրջանակներում, բաժանվեցին եվրոպական պառլամենտականների, պատգամավորների, սենատորների:

Ավելի նպատակային գործունեությունը պահանջում էր համակարգված եւ պարբերական աշխատանք. մտահղացվեց եւ իրագործվեց «Եվրոպա եւ Արեւելք» ֆրանսերեն պարբերականը, որ լույս տեսնել սկսեց տարին 2 անգամ: Հանդեսն ունի հստակ քաղաքական-հասարակական ուղղվածություն եւ թեմատիկ առանձնացում, ի մասնավորիՙ Փոքր Ասիայի, Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրների հետ այնպիսի փոխհարաբերությունների շուրջ, որոնք ուղղակիորեն կամ միջնորդված առնչվում են հայությանը, հայ դատին: Բացի 10 մշտական հեղինակներից, ամսագրի հետ համագործակցում են հայ եւ օտարազգի, ամենատարբեր մասնագիտությունների տեր անձինքՙ Վարուժան Սիրապյանի ընդհանուր խմբագրությամբ եւ առաջնորդողով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. Վարուժան Սիրապյան. լուսանկարը Մանե Գասպարյանի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4