Վաղն առավոտյան Լոս Անջելեսում կկայանա թեթեւագույն քաշային կարգի 4 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարի 3-րդ տեղի համար մենամարտը Վախթանգ Դարչինյանի եւ Յոնի Պերեսի միջեւ: Այդ մենամարտում կխաղարկվի նաեւ IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այդ երեկոյի ընթացքում Աբներ Մարեսի եւ Ժոզեֆ Ագբեկոյի միջեւ կայանալիք մենամարտում պետք է որոշվեր մրցաշարի հաղթողը: Սակայն Ագբեկոյի հիվանդության պատճառով այդ մենամարտը հետաձգվել է: Այնպես որ Դարչինյանի եւ Պերեսի մրցավեճը բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտն է:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին մենամարտում Դարչինյանը պարտվել էր Ժոզեֆ Ագբեկոյին միավորներով: Դարչինյանի ներկայացուցիչները պաշտոնապես բողոքարկել էին մենամարտի արդյունքը: Թեեւ այն չեղյալ չէր համարվել, սակայն Դարչինյանին էր վերադարձվել IBF-ի վարկածով չեմպիոնական գոտին: Բացի այդ, հայ բռնցքամարտիկին իրավունք էր վերապահվել ռեւանշ-մենամարտ անցկացնել Ագբեկոյի հետ: Իհարկե, դա այն դեպքում, եթե Վախթանգը հաղթի Պերեսին: Ահա թե ինչու առաջիկա մենամարտը շատ կարեւոր է Վախթանգի համար, որը խոստացել է նոկաուտով հաղթել մրցակցին, մանավանդ որ մենամարտը կայանալու է Երեւանի ժամանակով ապրիլի 24-ի վաղ առավոտյան:
Դարչինյանի համար այս մենամարտը կլինի 40-րդը պրոֆեսիոնալ ռինգում: Նա տոնել է 35 հաղթանակ, 3-ում պարտվել է, մեկն ավարտվել է ոչ-ոքի: Կոլումբիացի Յոնի Պերեսը 32 տարեկան է, 3 տարով փոքր է Դարչինյանից: Նա պրոֆեսիոնալ ռինգում 22 մենամարտերից 20-ում է հաղթել, կրել է մեկ պարտություն, մեկ հանդիպում էլ ավարտել է ոչ-ոքի: