Շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում ավարտվեց նախնական փուլը: Կանանց մրցաշարում կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց Տաթեւ Աբրահամյանը, որը կշարունակի պայքարը մեդալների համար: Ավարտական տուրում նրան բավարարում էր ոչ-ոքին, ուստի հաշտություն կնքեց Իրինա Զենյուկի հետ: Մելեխինա-Գոլեթիանի, Բագինսկայտե-Կրուշ պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան:
Վճռորոշ նշանակություն ուներ Աննա Զատոնսկիխի եւ Սաբինա Ֆոյշորի մրցավեճը: Զատոնսկիխին հաջողվեց չափազանց կարեւոր հաղթանակ տոնել ու վաստակելով 4 միավոր, հավասարվել Ֆոյշորին: Այժմ 4-րդ ուղեգրի համար պայքարում Զատոնսկիխը պետք է լրացուցիչ մրցախաղ անցկացնի Ֆոյշորի հետ:
Կանանց մրցաշարի նախնական փուլի հաղթող դարձավ Իրինա Կրուշըՙ վաստակելով 5,5 միավոր: 2-րդ եւ 3-րդ տեղերը 4,5-ական միավորով զբաղեցրին Քամիլա Բագինսկայտեն եւ Տաթեւ Աբրահամյանը: Այս եռյակը կշարունակի պայքարը չեմպիոնի տիտղոսի համար:
Տղամարդկանց պայքարում Վարուժան Հակոբյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Յան Էլվեստի հետ ու 3 միավորով գրավեց 5-րդ տեղը: 1-ին ենթախմբից ուղեգիր նվաճեցին Գատա Կամսկին եւ Յուրի Շուլմանը, որոնց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Կամսկին վաստակեց 5 միավոր, Շուլմանըՙ 4,5:
2-րդ ենթախմբում առայժմ հայտնի է կիսաեզրափակիչի միայն մեկ մասնակիցը: Դա Ռոբերտ Հեսն է, որը ոչ-ոքի խաղալով Յասեր Սեյրավանի հետ, վաստակեց 5,5 միավոր: Իսկ ահա 4-ական միավոր վաստակած Ալեքսանդր Օնիշչուկն ու Սեմ Շենկլենդը լրացուցիչ մրցախաղում կվիճարկեն 2-րդ ուղեգիրը: Ավարտական տուրում նրանց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: