«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


«ՀԱՐՑԸ ՄԵՐ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻ ՄԵՋ Է»

«Ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, թուրքական հասարակությունը ճանաչի», անդրադառնալով փաստին, որ հերթական անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Ցեղասպանություն» բառը չարտասանեց, ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը երեկ «Հայելի» ակումբում կայացած մամլո ասուլիսում:

Նրա գնահատմամբ` երկրի ներսում հարցեր ունեցող երկիրը չի կարող ուրիշներին պահանջներ ներկայացնել ու հարցեր բարձրացնել:

«Ես հարցեր ունեմ լուծելու իմ ներսում, իմ ընտանիքում իմ երեխան ու կինը պահանջներ ունեն ինձնից, եթե հարեւանս ճանաչի, որ ես վատ ամուսին եմ, ի՞նչ կտա դա իմ կնոջը: Ոչինչ, միայն բարոյական հաղթանակ, իսկ դա ոչինչ է»: Բաբայանի խոսքերով աշխարհի սերը կարող ենք շահել, երբ ցույց տանք, որ այս «կղզյակում արժանավայել կյանք կա»:

«Լավագույն ելքն այն է, որ յուրաքանչյուրը գտնվի իր իսկական տեղում: Իմանանք մեր անելիքն ու այն կատարենք»: Սա էլ պատմաբան Սուրեն Սարգսյանի տեսակետն է: Նրա գնահատմամբ` այսօր պահանջատիրությունն ավելի բարձր մակարդակի վրա է: «Այսօրվա սերնդի երակներում արյան շարժ կա: Համոզված եմ, որ այս տենդենցը կշարունակվի, եւ աշխարհը հաշվի կառնի ու մեր պահանջատիրությունն իր տեղը կգտնի: Մեր ցավը հասկանալի կլինի, եթե մեր հիմնական չհասկացողը հասկանա ու ընդունի իր կատարած ոճիրը: Հարցը մեր եւ թուրքերի մեջ է»:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ առաջարկում է ազգային գաղափարախոսական կենտրոն ունենալ, որն իր շուրջ կհամախմբի հայությանը: «Պետք է արժանապատիվ ներկայանանք, որպեսզի աշխարհը հարգի մեզ: Այլեւս վիզը ծուռ, ձեռքը պարզած, խեղճ չպետք է լինենք: Ամոթ է»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4