1915 թ. հուլիսի 18, շաբաթ երեկո, Վասպուրականի Այգեստան բնակավայրում խուճապ էր: Մարդիկ հարկադրաբար, թուրքական յաթաղանից փրկվելու համար, պետք է թողնեին իրենց ծննդավայրը, հարազատ հողը, պապենական բնակարանները: Աղմուկ, աղաղակ, լաց ու կոծ: Արնախում տաճիկը մահ ու սարսափ էր սփռել Հայաստանում, ավերածություն: Բնավեր վասպուրականցիները անեծք էին թափում տաճիկի գլխին: Մարդիկ քայլում էին, քայլել ասելը քիչ է, հազիվ էին քարշ տալիս տանջված ոտքերը: Քանի՜-քանի՜ հիվանդ ու հոգնաբեկ ծերունիներ, մանուկներ մնացին գաղթի ճամփեքին, քանիսները խելագարվեցին: Գնում էր տեղահանված մի ողջ երկիրՙ Վասպուրական աշխարհը, բզկտված, արյունլվա: Նրանց շարքում էր նաեւ Խերանյանների գերդաստանը:
Հետագայում արդեն ճանաչված գրող Մկրտիչ Խերանյանը, որն այդ ժամանակ 15 տարեկան էր, հիշում է այդ սարսափելի օրերը, թե ինչպես գաղթականների մի բազմամարդ խումբ հասավ Վաղարշապատ, ապաստան գտնելով Վանքի տարածքներում, հարեւան անտառում: Այդ ամենի մասին նա պատմում է իր «Երկար, երկար մի ճանապարհ» հուշապատում գրքում: Պատմում է, որ այստեղ, Վաղարշապատում նույնպես շատերն իրենց մահկանացուն են կնքում: Խերանյանների ընտանիքը, ի վերջո, բարի մարդկանց օգնությամբ ապաստան է գտնում Էջմիածնից հեռու գտնվող Քյորփալու գյուղում (այժմՙ Արշալույս), ուր ապրում է մեկ տարի: Այստեղ էլ իր մահկանացուն է կնքում Մկրտիչի եղբայրըՙ Կարոն: Տառապյալների շատ գերդաստաններ բնակություն են հաստատում Արեւելյան Հայաստանի տարբեր բնակավայրերում:
Մկրտիչ Խերանյանը որպես մանկավարժ աշխատում է Քյորփալուում, Սամաղարում, Էջմիածնում, դառնում է ճեմարանի սան, իրեն ամբողջապես նվիրելով գրականությանը: Երբ կարդում էի նրա հուշագրությունները, հանդիպեցի մի հետաքրքրական պատմության, որի մասին իմանում էի առաջին անգամ:
Տաճիկները Ալեքսանդրապոլը գրավելուց հետո նախապատրաստվում էին շարժվել դեպի Երեւան: Այդ մասին էլ գրում է իր գրքումՙ «Վինոգրադով» հատվածում: «Թուրքական հրամանատարը Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, հարձակում նախապատրաստելով Երեւանի վրա, հրամայում է դեպոյի մեքենավար Վինոգրադովինՙ թուրքական զորքն Ալեքսանդրապոլից տեղափոխել Երեւան: Ռուս մեքենավարը նախՙ կտրականապես մերժում է կատարել այդ հրամանը, բայց հետո, մահվան սպառնալիքի տակ, համաձայնում է վերջապես, սակայն նախօրոք որոշելով, որ վիժեցնելու է այդ դիվային ծրագիրը: Վինոգրադովը եւ իր ընկերները Ալեքսանդրապոլից դեպի Երեւան տանող գծի վրա, ութ կիլոմետր հեռանալով Ալեքսանդրապոլից, խորտակում են գնացքը, լեփ-լեցուն թուրքական զորքով: Զոհվում է նաեւ ինքըՙ Վինոգրադովը»: Այդ մասին Խերանյանը տեղեկանում է «Մշակ» թերթից, որն այդ լուրը հասցրեց ողջ հայությանը:
Ո՞վ է եղել այդ Վինոգրադովը, որը հայ ժողովրդի այդ օրհասական պահին իր կյանի գնով թիկունք է դառնում տառապյալ հայությանը:
Եվ այսօր միտք է ծագումՙ որոնել ու գտնել, թե ով է եղել այդ ռուս մեքենավարը, որն իր հերոսական արարքով այն օրերին արժանանում է հայ ժողովրդի եղերական օրերի պատմության էջերում հավերժ հիշվելու գնահատանքին, որպես իսկական հերոս:
Մկրտիչ Խերանյանը, գաղթի ճանապարհին տեսած ողբերգությունների վկան, սիրված մանկավարժ էր, անվանի գրող, իր Վանին, հայրենիքին անմնացորդ նվիրված անձ: Հիշում եմ նրան, որին ինքս էլ պարտական եմ հայ լեզվին ու գրականությանը լավատեղյակ լինելու համար: Ասես իր ծննդավայրի կարոտից էր, որ թախծոտ աչքեր ուներ: Տունը, ուր ապրում էին Խերանյանները Երեւանում, գտնվում էր Նոր Բութանիա թաղամասում, որն այսօր էլ կա: Բակում սեփական ձեռքերով պատրաստել էր Վանա լճի փոքրիկ նմանակը: Հիմա կլիներ 110 տարեկան, այսօր էլ նա մեզ հետ է եւ Մեծ եղեռնի կենդանի վկան էՙ իր թողած գրական ժառանգությամբ, եւ շարունակում է իր կյանքի երկար ու երկար ճանապարհը, կրկին ընդվզելով երիտթուրքերի անողոք հանցագործությունների դեմ: Հայ ամեն ժառանգ, ով տեղյակ է պատմությանը, այսօր էլ դատապարտում է Մեծ եղեռնը եւ երիտթուրքերի հետնորդներին, որոնք փորձում են ուրանալ այն ամենը, ինչ կատարել են իրենց ոճրագործ նախնիները:
ԴԵՐԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ