«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

Ինչպես հաղորդում են Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի տեղեկատվական կենտրոնից, ապրիլի 24-ին Կալկաթայում (Հնդկաստան) մոտ երեք հազար մարդ աղոթեց եւ հարգեց Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը. սա մեծ մխիթարություն էր սակավաթիվ հնդկահայ համայնքի համար:

Ամեն տարի Սուրբ Զատկի տոնին Կալկաթայի քրիստոնյաները հավաքվում են Անգլիկան Սուրբ Պողոս Մայր Տաճարի հարակից տարածքում` փառաբանելու մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը: Հոգեւոր եւ մշակութային հանդիսությունը եզրափակում է Կալկաթայի կաթոլիկ արքեպիսկոպոսն իր Զատկական պատգամով: Այս տարիՙ առ ի հարգանքս Մեծ Եղեռնի զոհերի, տոնախմբության կազմակերպիչները հրավիրել էին հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանին` աղոթելու եւ իր պատգամը փոխանցելու:

Հանդիսավար անգլիկան եկեղեցու հոգեւորական Հայր Անդրյու Սիմիկը, մինչ հնդկահայոց հոգեւոր հովվին բեմահարթակ հրավիրելը, ներկաներին հայտնեց, որ այս տարի Սուրբ Զատիկը համընկնում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի հետ եւ մասնակիցներին հրավիրեց աղոթելու 1,5 միլիոն անմեղ նահատակների հոգիների համար:

Հայր Խորենը նախ հայերենով աղոթեց Մեծ Եղեռնի զոհերի հոգիների խաղաղության համար, ապա խոսեց Հայոց ցեղասպանության մասին` ի մասնավորի ասելով. «Ամեն տարի` ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Օսմանյան Թուրքիայիՙ հայության բնաջնջման փորձը` 1915 թվականի 1,5 միլիոն հայերի հիշատակը: Այդ կոտորածին զոհ գնացին անմեղ ու անպաշտպան մանուկներ, ծերեր, կանայք ու տղամարդիկ Թուրքական ժխտողականության պատճառով Ցեղասպանությունից հետո մնացած մեր վերքը դեռ չի ապաքինվել, շարունակում է արյունել Մի ամբողջ ազգ խաչին գամվեց միայն քրիստոնյա, միայն հայ լինելու համար»:

Երեկոյին մասնակցեց նաեւ Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախումբը` կատարելով հատվածներ Սուրբ Պատարագից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4