Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից մեր ստացած տեղեկությունների համաձայն, սիրիական իշխանություններին դավադրող արտաքին ուժերի առաջին շարքում է Թուրքիան: Վերջին 4-5 տարիներին տարածաշրջանում որպես Սիրիայի «միակ իսկական բարեկամ» հանդես եկող այս պետությունը, ըստ սիրիական հարցերին լավատեղյակ մեր աղբյուրի, վերջին շաբաթներին զենք ու զինամթերք է հայթայթում Սիրիայի արմատական մուսուլման խռովարարներին: Որպես հավելյալ ապացույց մեր աղբյուրը տեղեկացրեց նաեւ, որ Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններից մեկում Անկարան վերջերս հաստատել է ռադիոկայան, որ արաբերեն լեզվով հաղորդումներ է տալիս երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ ըմբոստությունը գրգռող հաղորդումներ:
Պատասխանելով Սիրիայի 2-րդՙ ամենահայաշատ քաղաք Հալեպում տիրող իրավիճակի մասին «Ազգի» հարցինՙ լիբանանահայ մեր լրատուն ասաց, որ այդ քաղաքում լարված, բայց անցնցում իրավիճակ է տիրում: Այնուհետեւ բացատրելով նա տեղեկացրեց, որ Հալեպը, ի տարբերությունը սիրիական այլ քաղաքների, բացահայտորեն հակասալաֆական դիրքորոշում ունի, այսինքնՙ դեմ է կրոնական մոլեռանդությանը, որը հատուկ է սալաֆիներին, որոնք համարվում են արաբական թալիբներ: Այլ խոսքովՙ նրանք դավանում են Շարիաթի օրենքները եւ քաղաքացիական որեւէ այլ օրենք կամ սահմանադրություն չեն ընդունում: