Եվրոմիության նախագահող երկիրը սպասում է նախագահության ավարտին, որ լրջորեն զբաղվի մամուլով
Հունգարիայի մամուլի մասին նոր օրենքը ԵՄ ներկայիս նախագահող երկրում կարող է հաստատել ավտորիտար իրավիճակ, երբ մամուլի ամբողջական վերահսկողությունն իրականացվում է` իրավական առումով չխախտելով ԵՄ որեւէ չափանիշ: Թղթի վրա օրենքն առանձնակի վտանգ չի ներկայացնում, սակայն կիրառության մեջ խորհրդարանում մեծամասնություն ձեւավորած «Ֆիդես» կուսակցությունը հինգ անդամից բաղկացած մամուլի խորհուրդ է ձեւավորել հենց օրենքը գրողներից, որին տրված լիազորությունների ամենափոքր մասի կիրառման դեպքում անգամ հունգարական մամուլը կարող է դառնալ «կամակատար, լսող»: Հունգարիայում սեփական քայլերի քննադատությունը նախապես լռեցնելու ցանկությամբ առաջնորդվող իշխող կուսակցությունը նոր օրենքը ձեւակերպել է իրավական առումով գրագետ ու իր շահերին համապատասխան:
Մամուլի խորհուրդը` 4+1 կախյալներով քննադատություն լռեցնելու ակումբ
Սննդի ինժեներ, բայց դրամի փոխանակման կետում աշխատող հունգարացի Քրիստոֆը վերջին ընտրություններում չի քվեարկել հօգուտ ներկայումս իշխանությունը ներկայացնող, ազգայնական մոտիվներով բոլոր հարցերը ներկայացնող «Ֆիդես» կուսակցության, ու նոր կառավարության շատ քայլեր բնավ էլ Բուդապեշտի բնակչի սրտով չեն: Բայց այս տարվա հունվարին ընդունված ու եվրոպական գրեթե բոլոր կառույցների ու համապատասխան ներկայացուցչական ատյանների կողմից քննադատության արժանացած մամուլի մասին հունգարական օրենքը, ըստ Քրիստոֆի, ներկայիս կառավարության ամենափոքր մեղքերից է:
Ու թեեւ Քրիստոֆը հակադիր ուժերին է տվել իր քվեն, նրա հայացքները համընկնում են այն դրույթներին, որոնք իշխող «Ֆիդեսը» դրել է մամուլի մասին նոր օրենքի հիմքում: Խոսքը շահարկվող «փոքրամասնությունների իրավունքների ու ատելության սերմանման դեմ պայքարի մասին» է: «Ես վախենում եմ ռոմաներից», ասում է Քրիստոֆըՙ նկատի ունենալով Հունգարիայի հանրության մի մասը կազմող գնչուներին: Գնչուները հունգարական հասարակության մեջ ընկալվում են որպես հանցագործներ, որոնցից պետք է զգուշանալ:
Հունգարական նախկին իշխանությունների` երկիրը սնանկության եզրին հասցրած քաղաքականությունից հետո հունգար քվեարկողների համար «Ֆիդեսը» ստեղծված իրավիճակից դուրս գալու հույս էր: Կուսակցության առաջնորդ ու այդպես վարչապետություն ձեռք բերած Վիկտոր Օրբանից «ակնկալվում» է լուծել երկրի բյուջեի ահռելի դեֆիցիտի հարցը, գնչուների հարցը, Տրանսիլվանիայի, Սերբիայի հյուսիսի, Վոյեվոդինայի եւ այլ տեղերում ապրող հունգարների` «աշխարհից տարբեր, հունգար լինելու» դրսեւորման, կոռուպցիայի, սնանկության եզրին կանգնած տնտեսության հարցերը: Հունգարիայի վարչապետն այս մասին խոսում էր մինչեւ ընտրությունները եւ շարունակում է խոսել, բարձրաձայնելով, թե փոփոխության է ենթարկվելու նաեւ Հունգարիայի 62 տարվա սահմանադրությունը, որի համար անհրաժեշտ է խորհրդարանի որակյալ մեծամասնություն:
Խորհրդարանական մեծամասնություն դարձած այս ուժն առաջին հերթին մեկ աղբյուրից սնվելու պարտադրանքի առաջ է կանգնեցրել հանրային լրատվամիջոցներին, այսինքն` դրանք այլեւս նորություններ չեն հավաքում, այլ ստանում են մեկ աղբյուրից` Հունգարիայի լրատվական գործակալությունից: Ըստ իրավական փորձագետ Ջուդիս Բայերի, բացի «նորություններ արտադրող ու տրամադրող» Հունգարիայի լրատվական գործակալությունից, որի թողարկումները կողմնակալության նմուշ են, հունգարական մամուլում մեղադրյալի իրավիճակում հայտնվածներին պաշտպանելիս անգամ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Ընդ որում, հունգարական մամուլի «դիվանը» դիտարկում եւ հետաքննություն կարող է սկսել սեփական նախաձեռնությամբ` առանց «վիրավորված արժանապատվությամբ» մեկի կամ խմբի բողոքի:
Կառավարության քննադատությունը կարող է պատժամիջոցների կիրառման բերել, որը, սակայն, թերեւս միակ ժողովրդավարական դրսեւորմամբ, ստեղծված մամուլի խորհրդի խորհրդական Գյորգի Օսցկոյի մատուցմամբ, կարող է բողոքարկվել դատարաններում: Ընդ որում, ըստ խորհրդի ներկայացուցչի, այնպես է ստացվում, թե նման օրենքի ընդունումն անհրաժեշտություն էր, ելնելով ոչ միայն փոքրամասնությունների հանդեպ ատելության սերմանման դեմ պայքարի կարեւորությունից, այլեւ ԵՄ նոր դիրեկտիվից, որ վերաբերում է թվայնացմանը: Եվ դեռ լավ է, որ պատժամիջոցների կիրառումը պետէ է պրոգրեսիվ լինի, ասել է թե նախ պետք է զգուշացնեն, ապա նոր նշանակեն տուգանքներ:
Մամուլի նոր օրենքով ստեղծված խորհուրդը, ի դեմս այն ինը տարով «Ֆիդես»-ի լիդեր, ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի նշանակած նախագահի, պատժամիջոցներ կարող է կիրառել որեւէ հստակ ձեւակերպման չարտահայտված «վիրավորանքների ու զրպարտության» համար, այն էլ 90 հզ.-ից 722 հզ. եվրո գումարի չափով, կամ անգամ զրկել գրանցումից: Իսկ թե ինչպիսի արձագանք կգտնի այսպիսի գործելակերպը տնտեսական ճգնաժամից ելքեր որոնող հունգարական մամուլի համար, հայտնի կդառնա հուլիսի մեկից հետո, երբ օրենքն ուժի մեջ մտնի, ընդ որում, այն օրը, երբ ավարտվում է ԵՄ-ում Հունգարիայի նախագահությունը:
Չբողոքող հունգարների ազգայնական հանգստությունը
«Ռադիոյի իմ գործընկերներն ու ես մեկ րոպե լռությամբ հենց ռադիոեթերում դժգոհություն հայտնեցինք մամուլի նոր օրենքի առնչությամբ»: Հունգարիայի հանրային ռադիոյի պրոդյուսեր Ժոլթ Բոգար Ռադիոն իրենց զոհ չի համարում, թեեւ աշխատանքային հարցերում «լռության րոպեն» վերածվել է լուրջ խնդիրների: Թեեւ իրեն զոհ չի համարում, բայց Բոզարի պարագայում գործընկերներից հիասթափությունն ակնհայտ է. «Մտածում էինք, որ շատերը կմիանան մեզ ու կկրկնեն, բայց փաստացի ոչ մեկը չմիացավ»:
Օրենքի փիլիսոփայությունը մամուլը հնարավորինս ավելի շատ վերահսկելու պետության ցանկությունն է, որի դեմ բողոքող մի խումբ լրագրողները մասնագիտական համերաշխության չեն հանդիպել: Դրա փոխարեն, մամուլի նոր օրենքի դեմ բողոքի ամենազանգվածային դրսեւորումը ժամանակակից ձեւակերպման ու կազմակերպման ձեւաչափ ունի: Վերջին քսան տարվա հունգարական իրականության բողոքի երեք ակցիաներն էլ կազմակերպել ու իրականացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված ու ակտիվ գործող «մեկ միլիոն մարդ հանուն ազատ մամուլի» խումբը: Խմբի հիմնադիր, նախկին զինվորական Ռոբերտ Ֆոլկելն իր հիմնած շարժումն ուղղակի քաղաքացիական է համարում, որին քաղաքական գործիչներին անգամ խնդրում են չմասնակցել` չշահարկելու իրավիճակը:
Ինը տարով ընտրվող մամուլի խորհրդի նախագահին եթե նշանակում է կառավարության գլուխ կանգնած Օրբանը, ապա մնացյալ չորսին հաստատում է Օրբանի կուսակցության մեծամասնությամբ ձեւավորված խորհրդարանը: «Հունգարական մամուլը քարոզչություն է անում, չի հնչում քննադատություն, նորություններում քննադատական խոսք իսկ չկա», հավաստիացնում է Ֆոլկելը: Նրա խոսքերով, այս հարցում հունգարական մամուլը երկփեղկված է, իսկ ԵՄ առաջարկած մի քանի կետերն էլ, որ ընդունվել են, առավելապես բարելավել են օտարերկրյա մամուլին վերաբերող դրույթները:
ԵՄ նախագահող երկրի` «մեկ խողովակից» լուրերը
Այդուհանդերձ, մոնիտորինգի ու հնարավոր պատժամիջոցների կիրառման վտանգի առաջ է ոչ միայն հունգարական հեռուստատեսությունը, այլ տպագիր մամուլն ու էլեկտրոնային ԶԼՄ-ները: Ընդ որում, ըստ պրոֆեսոր Պետեր Բաժոմի Լազարի, պատժամիջոցների կիրառման հիմք կարող է համարվել այնպիսի մի լղոզված ու հունգարական օրենսդրության մեջ ձեւակերպում չստացած երեւույթ, ինչպիսին «հանրային բարոյականությունն է»:
«Հնարավոր է, որ Հունգարիան նոր դեմոկրատիա է հարաբերականորեն երիտասարդ քաղաքական կուսակցություններով, ոչ շատ ուժեղ սոցիալական արմատներով: Այսինքն քաղկուսակցությունների դիրքերն ամուր չեն ինչպես ավանդական դեմոկրատիաներում, ու իրենց պահելու համար նրանք կարիք ունեն ռեսուրսների, ու երբ կառավարությունը գաղութացնում է մամուլը, այդպես կարողանում է լռեցնել քննադատությունն ու լրջորեն ընդլայնել իր ռեսուրսները», գտնում է Բաժոմի Լազարը:
Քննադատությունը, որ կարող է հանցակազմ պարունակող որակվել, կրկնվելու դեպքում, ըստ հունգարական նոր օրենքի, կարող է հանգեցնել նրան, որ ԶԼՄ-ն չի կարողանա նոր արտոնագրի համար մասնակցել մրցույթի. այսպես հեշտ ու անմիջական լուծում է ստացել անցանկալի լրատվամիջոցներին երկար ժամանակով դաշտից դուրս թողնելու հարցը: Եվ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով նախկին ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտիի ներկայացմամբ, արտոնագրման մրցույթներից լրատվամիջոցներին դուրս թողնելու արդյունքում մի հինգ տարում Հունգարիայի մամուլի խորհուրդն «իր ուզած կերպով կգծի հունգարական մամուլի պատկերը»:
Հարաշտիի մատուցմամբ, այս իրավիճակը Եվրոպայում աննախադեպ է, անգամ համեմատած Ադրբեջանի, Ռուսաստանի հետ, իսկ արդարացումները, թե փոքրամասնությունների իրավունքներն են փորձում պաշտպանել կամ ատելության ու թշնամանքի դեմ են պայքարում, սնանկ են, քանի որ այդ հարցերը կապ չունեն մամուլի անկախության հետ: «Մամուլի այս օրենքն այսբերգի գագաթն է, որին կարող է հաջորդել սահմանադրական փոփոխությունները, որից հետո Սահմանադրական դատարանը, որ մինչեւ հիմա բավականին ուժ էր, կդառնա միայն ֆասադ»:
Հունգարիայում ներկայումս իշխող «Ֆիդես» կուսակցությունն, ըստ Հարաշտիի, ուզում է իշխանություն կուտակել, եւ նրանց գործելակերպի հետեւանքով «մամուլի բովանդակությունը կլինի մեկ ձեռքում, թեեւ սեփականատիրությամբ կարող է ներկայացվել բազմաթիվ ձեռքերում գտնվող իրողություն»: Ըստ այդմ, հանրային լրատվամիջոցները կօգտագործվեն քարոզչության համար, իսկ մասնավորները` կամ կրկին նույն նպատակի, կամ ժամանցի համար:
Իսկ լրատվամիջոցներն իրենք ձեւ են անում, թե նման խնդիր չկա ու շարունակում են հուսով սպասել հուլիսի մեկին, մտահոգությամբ, որ մամուլի նոր օրենքի կիրառությունն իսկապես կարող է կաթվածահարել հունգարական մամուլի զարգացումը: Մյուս կողմիցՙ ի՞նչ կմտածեն, կեզրակացնեն ԵՄ հարեւանները, ու մասնավորապես արեւելյան գործընկերներն ի դեմս Հայաստանի, երբ ԵՄ նախագահող երկրի կառավարությունը մամուլն ուղղակի գլորում է դիկտատուրայի գիրկը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բուդապեշտ-Երեւան
(շարունակելի)
Հ.Գ. Հունգարիա այցելությունն ու խնդրին ծանոթացումն իրագործվել է ԵՄ կողմից` Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում ձեւավորված լրագրողական ցանցի կովկասյան խմբի համար: