Ադրբեջանում բոլորը պարտավոր են պայքարել «հայ ծայրահեղականների, ահաբեկիչների, անջատողականների, պատմության կեղծարարների, մշակութային կողոպտիչների», մի խոսքով` հայ ժողովրդի եւ ամեն հայկականի դեմ: Այդպես է պահանջում իշխանությունը:
Այդ նպատակին պիտի ծառայեն ոչ միայն ողջերը, այլեւ մեռածները: Սա ամենեւնին էլ չափազանցություն կամ սեւ հումոր չէ:
Ապրիլի 23-ին հանկարծամահ է եղել խորհրդարանի նախկին պատգամավոր, Ուրախների եւ հնարամիտների ակումբի ադրբեջանական թիմապետ Անար Մամեդխանովը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, մահը վրա է հասել «սրտամկանի սուր անբավարարության եւ սրտի իշեմիկ հիվանդության պատճառով»:
41- ամյա քաղաքական եւ մշակութային-հանրային գործչի մահը, սակայն, զանազան ենթադրությունների տեղիք է տվել: «Էխո» պարբերականի խմբագիր Ռաուֆ Թալիշինսկին մասնավորապես ասել է, որ այդ օրը ժամը 1-ի սահմաններում ինքը տեւական հեռախոսազրույց է ունեցել Անար Մամեդխանովի հետ, որի ընթացքում վերջինս ուրախ կատակել եւ պատմել է ապագա ծրագրերից: «Երկու ժամ անց ինձ զանգեցին եւ հայտնեցին, որ Անարը վախճանվել է: Ինձ թվաց, թե դա հիմար կատակ է, բայց շուտով ինտերնետում կարդացի նույն լուրը: Ես ցնցված էի: Մինչեւ հիմա էլ ցնցված եմ: Ինչպե՞ս կարող էր երկու ժամ առաջ ինձ հետ կատակող մարդը մեռնել»,- տարակուսել է նա:
Մեկ այլ լրագրող` news.az-ի խմբագիր Էլնուր Բաիմովն էլ պատմել է, որ «անցյալ տարեվերջին Անարը Գերմանիայում հիմնովին բուժզննում է անցել եւ ոչ մի բողոք չուներ»: Ենթադրությունների պատճառն այն է, որ Մամեդխանովի կինը, ի հակակշիռ հանգուցյալին նույն օրը հողին հանձնելու մահմեդական ավանդույթի, պահանջել է դիահերձում եւ մահվան պատճառների մասին պաշտոնական եզրակացություն, ինչը եւ արվել է:
Այդուհանդերձ, սոցիալական ցանցերում Անար Մամեդխանովի մահվան շուրջն առաջ են քաշվել տարբեր վարկածներ: Խոսվել է հատկապես այն մասին, որ նա, երեք անգամ անընդմեջ ընտրված լինելով խորհրդարանի պատգամավոր, անցած աշնանը զրկվել է իշխանության աջակցությունից: Ակնարկվել է, որ Մամեդխանովը տարիներ շարունակ ջերմ հարաբերություններ է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, եւ վերջինիս վերաբերմունքի փոփոխությունը ծանր է ազդել նրա հոգեվիճակի վրա: «Թող նրա գերեզմանը գայլերն ու ագռավները քրքրեն»,- գրել է ադրբեջանցի մի բլոգեր` ավելացնելով, որ Անար Մամեդխանովը եղել է իշխանությունների քաղաքական սպասավորը:
Այս իրավիճակում, սակայն, Մամեդխանովի հարազատները, փոխանակ հանգուցյալի մարդկային կամ մասնագիտական բարեմասնությունները շեշտելու, ընտրել են «մեծարման» մի տարբերակ, որը պարզապես խղճահարություն է հարուցում: Նրա քույրը լրատվամիջոցներին հայտնել է, որ «Անարը հայերին ծաղրող երգիծական գրվածքներ ունի, որոշել եմ դրանք տպագրել առանձին գրքով»:
Թե ի՞նչ է տալու այդ «գիրքը», գուշակելը դժվար չէ. Մամեդխանովը մեկ անգամ չէ, որ «կվնշչիկ»-ին հատուկ «ոճով» պարբերական մամուլում հանդես է եկել հակահայկական հրապարակումներով: Եվ եթե դրանք կենդանության օրոք նրան չեն ապահովագրել իշխանությունների անբարեհաճությունից, իսկ հասարակությանը չեն ներշնչել «երգիծաբանի տաղանդի» հանդեպ ակնածություն, ապա հազիվ թե «գրքի» տեսքով օգնեն արդեն հանդերձյալ աշխարհ տեղափոխված հեղինակին:
Պարզապես ցավալի է, որ Մամեդխանովի հարազատները, հավանաբար ոչ առանց իշխանությունների աջակցության, փորձում են նրա հակասական կերպարը քողարկել հակահայկական պայքարի «առաջամարտիկներից մեկի» քղամիդով: Գերադասելի չէ՞ր, որ նա ադրբեջանցիների հիշողության մեջ մնար որպես նոր դարաշարջանի «ուրախներից եւ հնարամիտներից» մեկը, որն իր կյանքն ավարտել է վերջին «կատակով»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ