Նշեց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետը
Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանի գնահատմամբՙ Հայաստանի ֆինանսական համակարգը, որի 90 տոկոսը բանկերն են, բավականին կայուն է: Ըստ վարչության պետի, դա պայմանավորված է երկու հանգամանքովՙ վճարունակությամբ եւ իրացվելիությամբ: Հայկական բանկերի իրացվելիության մակարդակը կրկնակի բարձր է ԿԲ սահմանած չափից: Նույնիսկ եթե վատորակ վարկերը հասնեն 30 տոկոսի, ինչը ԿԲ ներկայացուցիչը անհավանական համարեց, բանկերը կկարողանան ապահովել իրենց կայունությունը: «Եթե արտառոց ոչ մի բան չլինի, որը քիչ հավանական է, մեր ֆինանսական համակարգի ռիսկերը ցածր են», ասաց նա:
Խոսելով համաշխարհային տնտեսական զարգացումների մասինՙ Վահե Վարդանյանն ասաց, որ 2010-ին համաշխարհային տնտեսությունն աճել է 5 տոկոսով: Անցյալ տարին աչքի է ընկել նաեւ ապրահանքահումքային գների աճով, որը կազմել է 25 տոկոս, պղնձի գներն աճել են 40 տոկոսով, ոսկունըՙ 26 տոկոսով, նավթի գներըՙ 28 տոկոսով: Սա մի կողմից ձեռնտու է Հայաստանին, քանի որ մեր երկրից արտահանվում են պղինձ եւ մոլիբդեն, իսկ նավթի գների բարձրացումն էլ բերում է տրանսֆերների աճին Ռուսաստանից, մյուս կողմից էլ, սակայն, ձեւավորում էր բարձր գնաճային միջավայր Հայաստանում: Ըստ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետի, 2010-ին Հայաստանի տնտեսությունը դուրս է եկել ճգնաժամից: Տնտեսական աճը կազմել է 2,1 տոկոս, գյուղատնտեսությունն ունեցել է 15 տոկոս անկում, արդյունաբերությունը աճ է ունեցել, որը նաեւ վարկավորման ծավալների 28 տոկոս աճի, ինչպես նաեւ կառավարության կողմից արտահանողներին եւ խոշոր արդյունաբերության ձեռնարկություններին հատկացված միջոցների արդյունք է:
«Մարտի 11-ին երկրի նախագահի ելույթին հաջորդած դրամի արժեզրկումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա Հայաստանի ֆինանսական կայունության վրա» հարցին Վահե Վարդանյանը կրկին պատասխանեց, որ եթե նույնիսկ փոխարժեքի տատանումներ լինեն, ապա բանկային համակարգը մեծ կորուստներ չի ունենա:
Արտերկրից փոխանցումների այս տարվա կանխատեսումների վերաբերյալ տրված հարցին էլ ԿԲ ներկայացուցիչը պատասխանեց, որ տարեկան ցուցանիշով այստեղ աճ կունենանք:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ