ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարդու իրավունքների պաշտպանը նախորդ օրն առաջարկել էր միջնորդ դառնալ ՀԱԿ-ի ու կոալիցիայի միջեւ: Մի կողմից սա կարող է թվալ լավ նախաձեռնություն, բարի ցանկություն, մյուս կողմից, սակայն, առաջին ծագող հարցն այս է` Կարեն Անդրեասյանը զբաղվում է քաղաքականությա՞մբ: Չգիտենք` սահմանադրությամբ ՄԻՊ-ին տրված ո՞ր լիազորությունների մասին է խոսում ՄԻՊ-ը, բայց ի սկզբանե այդ ինստիտուտը ենթադրել ու ենթադրում է, որ ՄԻՊ-ը չպետք է քիթը խոթի քաղաքական հարթություն, ինչից այդքան վախենում էր նախորդ ՄԻՊ Արմեն Հարությունյանը: Եվ անգամ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը դժվարացավ համաձայնել այն հիմնավորումներին, որոնք իբր, ըստ Կ. Անդրեասյանի, սահմանադրությամբ նրան այդպիսի իրավունքներ տալիս են: Բայց շատ ավելի կարեւոր մի այլ բան` ներկա պաշտպանը հասարակության մեջ ունեցած կշռով, անկախ լիազորություն ունենանալ-չունենալուց, կարո՞ղ է, արդյոք, միջնորդի դեր ստանձնել: Դա կարող էր անել հասարակության կողմից ընդունված, բավական հայտնի, հարգված անձնավորությունը, ասենք` Պարույր Հայրիկյանը կամ Սոս Սարգսյանը, ասում ենք, ու հասկանում, որ դժվար է այդպիսի անձնավորություն գտնելն ու նրա անունը տալը: Բացի դրանից` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ո՞ր շրջանակներն է ներկայացնում Կարեն Անդրեսայանը, կարելի է ասել, որ սա այնքան էլ ինքնուրույն նախաձեռնություն չէ: Խնդիրն ի՞նչ է. ի՞նչ է նշանակում երկխոսություն ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ: Արդյո՞ք նշանակում է ՀԱԿ-ի մեկ-երկու ղեկավարի եւ իշխանության (կոալիցիայի) առաջին դեմքերի երկխոսություն: Եթե այո, ապա ողջ գործընթացն է սխալ ընկալվում եւ սխալ մեկնաբանվում: Որովհետեւ` ովքե՞ր են գնում ՀԱԿ-ի հանրահավաքներին հասարակության դժգոհ ու անապահով շերտերը: Արդյո՞ք իրենց ցանկությունների հետ միջնորդավորված կապ ունեցող ՀԱԿ-ի երեք պահանջների կատարումը կարող է փոխել նրանց դժգոհության հիմքերը. մարտի 1-ի բացահայտումը բոլորն են ուզում, ոչ միայն ՀԱԿ-ի համակիրները, դա բարոյական բավարարվածության կարող է բերել, բայց ինչի համար, որ նախասկզբնապես հավաքվել էին դեռ 2008 թվականի մարտի 1-ից առաջ հանրահավաքավորները` այդ հարցերը դրանով չեն լուծվի. կամ` միտինգ կանես Ազատության հրապարակում, Մատենադարանի մոտ, թե՞ կրկեսի` դրանից եւս որեւէ բան փոխվո՞ւմ է բողոքող մարդկանց կյանքում:
Մարտի 1-ի հետ կապված բանտարկյալներին բաց թողնելն էլ ընդհանրապես երկրի` իշխանության եւ ընդդիմության դեմքի հետ է կապվում, բայց էլի էական ոչինչ չի փոխում բողոքավոր զանգվածի կյանքում: Հարց է ծագում` բողոքավոր զանգվածին հարցրե՞լ եք , որ երեք անշառ պահանջներ եք դրել, թե՞ մեկը (հայտնի է` ով) միանձնյա որոշել է ու այդ պահանջները վերջին պահին լույս աշխարհ բերել` շփոթության մատնելով բողոքավոր զանգվածին, որն այդպես էլ չի իմանում` սոված է, թե՞ քունն է տանում: Երբ Սերժ Սարգսյանն արձագանքեց մարտի 1-ի բացահայտումն ակտիվացնելու մասով, հասկանալի դարձավ այն սխեման, որ ձեռք է տալիս ընդդիմության մի շերտի ղեկավարներին, բայց, ցավոք, չի արտացոլում ողջ իրականությունը: Որովհետեւ որքան կուզես սխեմա գծիր, Հայաստանում առկա դժգոհության ալիքի հասցեատերը բոլորովին էլ միանշանակ ՀԱԿ-ը չէ, որ նրան լռեցնելով` դժգոհության ալիք մարի: Այդ ալիքն ուղղված է նրան, ով ի զորու է գեներացնել այդ դժգոհությունը: Անգամ եթե իշխանությունն ու ՀԱԿ-ը երկխոսեն, ու ՀԱԿ-ի ղեկավարների համար մի փափուկ ապագա ուրվագծվի, եւ աշխարհի բոլոր մեղքերն էլ դուրս գրվեն Քոչարյանի վրա, մի կարճ ժամանակ միայն դժգոհողները կշփոթվեն, քանզի քաղաքական համաձայնությունները չեն լուծի դժգոհների խնդիրները:
Նրանք ուշքի կգան` իրենց դժգոհության նոր գեներացնողների փնտրելով` առաջարկը պահանջարկ կծնի: Իսկ նշանակովի ընդդիմության (նշանակովի` ամերիկյան տերերի եւ անգամ` իշխանության կողմից) վազքը մինչեւ մառանն է` նրանց առաջնորդը հենց նորից խոսի տարածքներ վերադարձնելուց, հենց կրկին արմատական պահանջ չդնի, մարդկանց կյանքը փոխելու երաշխիքներ չտա` է, ավելի լավ է ներկա իշխանությունը:
Իսկ ջրբաժանի օրն իսկապես էլ կարող է ջրբաժան դառնալ` սեփական համախոհներին նոր խաբկանքներ ու նոր խաղալիքներ այլես առաջարկել չկարողանալու իմաստով: Չի կարող ընդդիմության լիդերն անվերջ միանձնյա որոշումներ պարտադրել հանրահավաքի մասնակից բողոքավոր զանգվածին` հանրահավաքը, որքան էլ տարերային, կանոններ, այնուամենայնիվ ունի. լիդերին փոխում են` հանրահավաքի չգնալով: Մանավանդ` եթե երկխոսությունը իշխանության եւ ընդդիմության միջեւ կամաց- կամաց ավելի առարկայական դառնա` ընդդիմադիրներն իրենց պահանջները մեղմացնեն, իշխանություններն` ընդդիմության հանդեպ վերաբերմունքը. մինչ երկուսը սիրախաղով կտարվեն, առաջինը` միայն արտահերթ, երկրորդը միայն հերթական ընտրություն, իրենց շուրջը չնայելով` կկտրվեն իրականությունից, կգա մի երորդը եւ արծաթե սկուտեղով կվերցնի ամեն ինչ` գեներացնելով ընդդիմադիր զանգվածի պահանջներ: Առայժմ ընդդիմադիր ՀԱԿ-ն իր պահանջներից եւս մեկը (երկրորդը) կատարված է համարում. երեկ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ-ի իրազեկումը: ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանն օպերատիվ արձագանքեց այդ պատմական իրադարձությանը` նշելով, որ իշխանությունները բավարարեցին եւս մեկ պահանջ, մնացել է միայն մեկը: Բացի այդ` ՀԱԿ-ը սահմանազատվեց ՄԻՊ-ի միջնորդության առաջարկից` հայտարարելով, թե ՄԻՊ-ը սխալ է հասկացել իրենց` խոսքը Կոնգրես-գործադիր իշխանության երկխոսության մասին է, որտեղ ոչ ներքին, եւ ոչ էլ արտաքին միջնորդի կարիք չկա, այդպիսով պասն ուղարկելով իշխանությանը, թե` ձեր կողմից բանակցողների մեջ, խնդրեմ, ընդգրկեք ՄԻՊ-ին: Փաստորեն երկխոսությունն արդեն ինքնին կայանում է, էլ Կարեն Անդրեասյանի կարիքը բոլորովին չկա, չնայած վերջինս բացատրել էր կանխավ` զբաղված է պրեվենտիվ գործունեությամբ, մարդու իրավունքների ոտնահարումը կանխարգելելու համար ՀԱԿ-ի եւ կոալիցիայի միջեւ միջնորդ դառնալով: Մյուս կողմից էլ` Կ. Անդրեասյանին էլ կարելի է հասկանալ` գործունեության 50 օր է ամփոփում, մի հնչեղ գործ չեղավ, որտեղ մարդու իրավունք պաշտպանած լինի, թարսի պես էլ իր սարքած օրենսդրական փոփոխության հետեւանքով թերթ է, որ քարշ են տալիս դատարան` «մուծվելու», ի՞նչ անի, որ միջնորդ չլինի: Մեր երկրում միայն քաղաքական գործընթացներին մասնակցելով մարդ կարող է հայտնի դառնալ, մարդու իրավունք պաշտպանելը գործ չի, մարդն էլ ահա կաշվից դուրս է գալիս:
Ու մինչ հայերը շունչները պահած սպասում էին` Օբաման կասի-չի ասի «Ցեղասպանություն» բառը, անցած շաբաթ շատ կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան. խոսքը նրա մասին չէ, որ Կարեն Անդրեասյանը նստած իր միջնորդ լինելու հիմքերն էր գրում, այլ այն, որ նախագահ Սարգսյանը փորձեց փոխել խաղի կանոնները քաղաքական պարտիայում, եւ դա ստացվեց: Առայժմ. ՀԱԿ-ը պասը վերցրեց, ջրբաժանը կարող է բոլորովին էլ այլ բանի բաժանում նշանակել` այդ մասին ապրիլի 28-ի հանրահավաքից հետո կխոսենք: Իսկ Օբաման, ինչպես եւ սպասվում էր, չասաց «Ցեղասպանություն» բառը, այլ կրկնեց Հովհաննես-Պողոս 2-րդ պապին` ասաց Մեծ Եղեռն եւ կրկնեց երեք անգամ` չհասկացողների համար, «խաղաղ ու արդար աշխարհի» բազմաշահ մեծ պետության բազմադեմ կեցվածքի նշան որպես :