«Հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաեւ անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման եւ պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսությունն ու առողջ համագործակցությունը, ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ միջնորդ դառնալու առաջարկությամբ»: Սա մի հատված է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանիՙ նախօրեին արված հայտարարությունից: Թեպետ Հայ ազգային կոնգրեսն ու ՀՀԿ-ն Անդրեասյանի առաջարկությունը` դառնալ միջնորդ իշխանության եւ ընդդիմության երկխոսության համարՙ միանշանակ չընկալվեց, սակայն օմբուդսմենը դեռեւս չի կորցնում հույսը, որ կարող է այդ առաքելությունն իրականացնել: Նա համոզված է, որ հնարավոր չէ անմիջապես երկխոսության ամբողջական մեխանիզմներ առաջարկել: «Պետք է սկսել փոքրից ու գտնել կողմերի ներկայացուցիչներին ու երկխոսությանն ուղղված քայլ անել: Նրանք կընդունեն ինձ որպես միջնորդի` ոչ թե որպես անձի, այլ որպես ինստիտուտի:
Չի կարելի ասել, որ շատ ողջունվեց կամ միանգամից դրական արձագանքի արժանացավ իմ առաջարկը, բայց չեմ կարծում, որ հնարավորությունը սպառվել է», ասաց Կարեն Անդրեասյանը հավելելով, որ շուտով միջնորդական առաջարկ-նամակով կդիմի ՀԱԿ-ին եւ իշխող կոալիցիային:
Անդրադառնալով ՄԻՊ-ի հայտարարությանը` ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, որ օմբուդսմենն իրավունք չունի իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ միջնորդ լինելու: Անդրեասյանն էլ հակադրվում է. որպես իրավաբան, կարող է իրավաբանորեն ապացուցել, որ ունի նման լիազորություն: «Ընդամենը պետք է կարդալ սահմանադրությունն ու մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի երկրորդ հատվածը»:
Պաշտոնավարման 50 օրվա ընթացքում ՄԻՊ գրասենյակը 300 դիմում բողոք է ստացել: Ընթացք է տրվել 50-ին: Պատճառն, ըստ Անդրեասյանի այն է, որ մարդիկ երբեմն լավ չեն պատկերացնում, թե ՄԻՊ-ի գրասենյակն ինչ գործառույթներ կարող է իրականացնել: «Պաշտպանը մարդուն մարդկանցից պաշտպանելու իրավունք չունի», ասաց նա` հավելելով, որ երբ ԱԺ պատգամավորը հարձակվում է լրագրողի վրա կամ վիրավորում, պաշտպանը չի կարող որեւէ գործունեություն կիրառել:
«Մարդկանց մարդկանցից պաշտպանում են դատարանները: Մենք մարդկանց միջեւ հարաբերություններում չենք կարող մտնել, օրենքի պահանջն է այդպիսին»:
Կարեն Անդրեասյանը հանրությանը եւ մասնավորապես լրագրողներին հայտնի է որպես զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածների ապաքրեականացման օրենսդրական նախաձեռնության հեղինակ:
Հենց այդ փոփոխություններից հետո էլ նախկին վատ սովորույթը` ծեծել լրագրողին փոխարինվեց մեկ այլ սովորույթով` սնանկացնել լրատվամիջոցին:
Օրենսդրական նախաձեռնության համար Անդրեասյանն իրեն մեղավոր կամ վատ չի զգում: Մեղավոր կամ վատ կզգար այն ժամանակ, երբ վատ բան աներ: Ընդհակառակը, պաշտպանն իրեն կրկնակի լավ է զգում, քանի որ նախ ապաքրեականացվել է զրպարտության մասին հոդվածը, նաեւ մարդու արժանապատվության պաշտպանության մեխանիզմ է դրվել:
«Նպատակն էր լրագրողին զերծ պահել ծեծից, բանտից, հիվանդանոցից: Այս օրենքը նպաստել է խնդրի լուծմանը: Այսօր բանտերում կամ հիվանդանոցներում հայտված լրագրողներ չկան», ասաց նա` շեշտելով, որ անհանգստացած է փաստով, որ օրենքի հիման վրա հայցեր են ներկայացվում լրատվամիջոցների դեմ ու կայացվում միլիոնների հասնող տուգանքի որոշումներ: «Սակայն այստեղ խնդիրն օրենքը չէ, այլ` կիրառումը»: ՄԻՊ-ն ակնկալում է, որ դատարաններն օրենքը ճիշտ կկիրառեն: Այդ կապակցությամբ նա դատավորներին ուղղված կոչով էր հանդես եկել: Օմբուդսմենի կոչին դատավորները պատասխանել էին լռությամբ:
2008-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի հասցեին ասել էր, որ իր ամենավատ կադրերից է: Կարեն Անդրեասյանը չի բացառում, որ մի օր էլ իրեն կարող են համարել «ամենավատ կադր»: Սակայն նման գնահատական կարող է տալ ոչ թե երկրի նախագահը, այլ ԱԺ մեծամասնությունը, որոնց ձայներով էլ նա ընտրվել է այդ պաշտոնում: Ընդհանրապես Անդրեասյանն այդ գնահատականներին աշխատում է ուշադրություն չդարձնել: Փորձում է կենտրոնանալ ու կատարել իր սահմանադրական պարտականությունները:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. - Մայիսի 1-ին ՄԻՊ-ը նախաձեռնել է անցկացնել իրավունքի ազատության ֆորում, որտեղ կանդրադառնա լրատվամիջոցների խնդիրներին:
«Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին անվանում էին «Մայր Թերեզա», Արմեն Հարությունյանին` «Դոլար Արմեն», ո՞րն է ձեր մականունը», հարցին Կարեն Անդրեասյանը հրաժարվեց պատասխանել. «Այդ հարցն անցանք»: