Եվս մեկ փոփոխություն կառավարության համապատասխան որոշումներում
Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանված կարգով: Եթե այստեղ 2009-2010 թթ. կառուցված բնակարանների բաշխման ժամանակ խնդիրներ էին առաջացել բնակարան ստանալու համար անօթեւան ընտանիքներից պահանջվող փաստաթղթերի փաթեթի ձեւավորման հարցում, ապա այսօր խնդիր է մնում Գյումրիում դեռ անցյալ տարի շահագործված Մուշ-2 թաղամասի բնակեցման դանդաղ ընթացքը: Վերջինիս հիմնական պատճառներից մեկը, «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության դիտարկումներով, կառավարական որոշումներով սահմանված այն պարտադրանքն էր, ըստ որի բնակարան ստացած ընտանիքները պետք է քանդեին իրենց տնակները եւ ազատեին տարածքները: Երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում անօթեւան ընտանիքների հիմնականում ե՛ւ անդամների քանակն է ավելացել, ե՛ւ ընտանիքների ներսում նոր ընտանիքներ են ավելացել, սակայն այդ ընտանիքներին հատկացվում է ոչ ավելի, քան երկրաշարժին կորցրած թվով սենյակներով բնակարան: Նման ընտանիքները տնակը քանդելու եւ տարածքն ազատելու դեպքում չեն կարող ամբողջովին տեղավորվել ստացած նոր, տարածքով իրենց չբավականացնող բնակարանում:
«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, արձագանքելով անօթեւան ընտանիքների բողոքներին ու մտահոգություններին, վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության իշխանություններին բազմաթիվ դիմում-ուղերձներ ու առաջարկություններ է հղել բնակբաշխման գործընթացը կանոնակարգող կառավարական որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Առաջարկություններից մեկն էլ վերաբերում էր բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին առանց տնակները հանձնելու բնակարանի սեփականաշնորհման հնարավորություն տալուն: Եվ ահա, տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ անդրադառնալով նման հարցերի, ՀՀ կառավարությունը ապրիլի 14-ին ընդունած N 408-Ն որոշմամբ լրացումներ է կատարել իր 2009 թ. նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման մեջ: Երկու հիմնական լրացումներից մեկով որոշակի դեպքերում, «վերանախագծման (վերահատակագծման) անհրաժեշտություն առաջանալու պարագայում», կառուցապատողին հնարավորություն է տրվել կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանված բնակմակերեսի չափերը փոփոխել... Իսկ երկրորդ լրացումը վերաբերում է տնակների նշված խնդրին: Որոշմամբ կատարված լրացմամբ` աղետի գոտու բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին հնարավորություն է տրվել մեկից ավելի ոչ հիմնական շինություններ զբաղեցնելու դեպքում դրանցից մեկը բնակությունից չազատել եւ չքանդել, եթե ընտանիքի անդամների թիվը մեկսենյականոց բնակարան ստանալու դեպքում 5 եւ ավելի, երկսենյականոցի դեպքում 7 եւ ավելի, երեքսենյականոց բնակարան ստանալու դեպքում 8 եւ ավելի անձ է: Ընդսմին, չքանդվող ոչ հիմնական շինության ընտրությունը կատարվելու է տվյալ ընտանիքի չափահաս անդամների կողմից համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի համաձայն` ելնելով քաղաքաշինական նպատակահարմարությունից, հաշվի առնելով նաեւ զբաղեցրած ոչ հիմնական շինությունների տեխնիկական վիճակը:
Հայտարարության մեջ մեկնաբանելով եւ բնակարան ստացած հարյուրավոր բազմանդամ ընտանիքներին շոշափելի աջակցություն համարելով նշված փոփոխությունը, «Շիրակ կենտրոնը» լուրջ բացթողում է համարել, մասնավորապես, որոշմամբ ստեղծվող` քանդման ոչ ենթակա շինությունների ուսումնասիրություն կատարող աշխատանքային խմբի կազմում ԶԼՄ եւ ՀԿ ներկայացուցիչների չընդգրկումը, այսինքն հասարակական մասնակցություն չապահովելը, ինչն ինքը դիմում-ուղերձներից մեկում առաջարկել էր: Երկրորդ, որոշման մեջ խոսք չկա տարաբնույթ այլ պատճառներով կիսված այն ընտանիքների մասին, որոնց անդամների մի մասը եւս պարտադրված շարունակելու է բնակվել տնակներում: Կենտրոնի գնահատմամբ` պետք էր նաեւ կառավարության կողմից կանոնակարգել քանդման ոչ ենթակա ճանաչված կացարանների իրավական կարգավիճակի հարցերը:
«Մենք կարծում ենք,- ասվում է հայտարարությունում,- որ տեղին եւ ամբողջական լուծում կլինի, եթե քանդման ոչ ենթակա ճանաչված կառույցներ տնօրինող ընտանիքներին, հիմք ընդունելով նախորդ տարի ՀՀ ԱԺ-ի ընդունած «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, հնարավորություն ընձեռվի անվճար օրինականացնելու իրենց կառույցները: Ի դեպ, նման հնարավորություն պետք է տրվի ոչ միայն բնակարանների բաշխման ներկա փուլով, այլ նաեւ նախորդ տարիներին բնակարան ստացած, սակայն կիսով չափ նոր բնակարաններ տեղափոխված բազմանդամ ընտանիքներին: Նման մոտեցման դեպքում այդ բազմանդամ ընտանիքների բնակարանային խնդիրը կարելի կլինի համարել իրոք լուծված, ինչը կնպաստի նաեւ աղետի գոտում երկու տասնամյակից ավելի ձգվող անօթեւանության բեռի զգալի թեթեւացմանը»:
Գ. Մ.