ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Ծիծեռնակաբերդ պետք է բարձրանալ առանձին, ինքդ քեզ հետ, սրբավայրն է թելադում-հուշում, եւՙ լռությամբ: Ապրիլի 24-ը, սակայն տարբեր է եւ չի կարող ենթարկվել սրան: Այդ օրը մարդկանց հոսքերն անընդհատ են շարժվում դեպի վեր: Մենակություն հնարավոր չէ ունենալ, բացարձակ լռություն նույնպես չի լինի, բայց գոնե հուշահամալիրին մոտեցող ճանապարհի հատվածում պարտադիր է:
Զանգվածային գիտակցության վրա հեռուստատեսութան ազդեցության հսկայական դերը, ակնհայտ է: Եվ բավականին ակտիվացած հեռուստածրագրերը Հայոց ցեղասպանությանը վերաբերող, հատկապես վերջին տարիներին, թվում էր ավելի գիտակից վերաբերմունք պետք է որ մարդկանց ներարկեին: Գոնե կիմանանՙ ուր են գնում:
Առաջին անգամ Ծիծեռնակաբերդ ուշ ժամի բարձրացա, այս ապրիլի 24-ին: Օրն ավարտին էր մոտենում, ու զարմանալի էր այդքան մարդաշատությունը: Լավ էրՙ չլիներ: Ցավալի էր Երեւանի ամենաթանկ ու սիրելի վայրն այդպես վիրավորված, թող ներվի ասելու, անարգված տեսնել: Ճանապարհի ամենասկզբնամասում ծաղկավաճառներիՙ արդեն թափուր տեղերում, ամբողջ շրջակայքով մեկ աղբի մնացորդներ էին շաղ տված: (Այդ էր մնացել, ամեն մեկը հավաքեր-մաքրեր իր զբաղեցրած տեղը): Ծաղկավաճառների անհամեմատ նոսրացած խմբերը, մարդկանց երեկոյան հոսքից անսպասելի ոգեւորված, արագ կողմնորոշվեցին գործի մեջ:
Օրն անսակարկ է, բայց առեւտուրն այս հատվածում այնքան տենդագին էր, որ անհնար է զսպել վիրավորանքն ու զայրույթը ու չգրել այս մասին: Ամենն այնքան անթաքույց, ցցուն ու գռեհիկ: Ծաղկավաճառներն իրար հերթ չէին տալիսՙ ձայնելիս: Մութ էր, ու ծաղիկները չէին երեւում, մարդիկ լապտերների կամ հեռախոսի լույսն էին օգտագործում, տեսնելու եւ առիթից օգտվելով, թոշնած, սեւացած ծաղիկներն անգամ վաճառում էին բարձր գներով:
Մթության մեջՙ հրմշտոց, աղմուկ, բորբոքված, դժգոհ ձայներ: Այնպիսի մթություն էր, ասես պատերազմական այն տարիներն էին: Ծիծեռնակաբերդ տանող միակողմանի լապտերների աղոտ լույսը կիսատ-պռատ էր լուսավորում, խարխափելով վեր էին բարձրանում շարքերը: Երթն ուղեկցող երաժշտությունըՙ ամենաազդեցիկ վիճակ ու տրամադրություն ստեղծողը, գրեթե չէր լսվում, կամ միկրոֆոնները չէին աշխատում, կամ մարդկանց աղմուկն էր խլացնում մեղեդին: Խեղճ Լուսինե, ձայնը մերթընդմերթ էր լսվում, հիմնականում հանգչում ու մնում էր ծառերի փոքրիկ սաղարթներին: Փոխարենը որքան ուզես, ինչ բնույթի ասեսՙ տնային-կենցաղային խոսակցություններՙ բարձր, կոպիտ, անտաշ: Բարձրանում ենՙ ոնց պատահի, անկանոն, իրար հրմշտելով, բարձր կանչելով, արեւածաղկի սերմ չրթելով եւ սաՙ ամբողջ ճանապարհին, (ընդհուպ հուշահամալիրի մուտքը եւ ներսում, թող կրկին ներվի ասելու, շուկայի աղմուկ բարձրացրած: Հուշահամալիրը, ինքն իրենովՙ վեհ ու խորհրդավոր, կրակըՙ մարդաբոյն անցնող ծաղկաշերտերիմեջ կորչող, գույներով շրջանակված, շատ գեղեցիկ ու նաեւ շա՜տ անհարիր մարդկային այդ ամբոխին:
Ճանապարհը հսկող զինվորները լուռ կանգնած են, ու հանկարծ նրանցից մեկը ծռվում ու կանչում էՙ «Դոլար առնեմ, ախպեր»ՙ չգիտես, հեգնում է, թե՞ իր նմաններին հարազատություն տեսնելով, անկեղծանում: Հիշողության պուրակի մեծ հատվածում մի կինՙ կողքին երկաթե մեծ մոմակալ, դիմացի սեղանիկինՙ հուշամատյանով ու թղթիկների կապոցներով, դեպի իրեն է գրավում մարդկանց ուշադրությունը. Հայաստան-Ճապոնիա օգնության ակցիա է կազմակերպված: Ոմանք մոտենում, ցավակցական տողեր են գրում հուշամատյանում, վերցնում կամ չեն վերցնում բանկային հաշվեհամարով թղթիկը: (Որքանո՞վ էին հարմար օգնության այս ձեւը, ընտրված օրն ու վայրը):
Մարդկային հոսքի միակողմանի երթը խախտված էր: Ոմանք, դիմացից էին իջնում, մի մասն էլՙ մարզահամերգային համալիրին զուգահեռ անցուղով, նույնՙ կիսախավարը: Այս մասում մարդկանց ուշադրությունը գրավում էր պուրակում տեղադրված «մոխիրներից հառնած» երեխան գրկին ահաբեկված մոր արձանը (բնօրինակըՙ Լոս Անջելեսում): Մոտեցողներից մի մասը փորձում էր ձեռքի հեռախոսի լույսով մի կերպ կարդալ արձանի մակագրությունը, մի քանիսը լուսանկարվում էր. «Էսօր նկարվելու օր է», ասում էինՙ «հենվում» արձանին, կեցվածք ընդունում:
Ահավասիկ Ծիծեռնակաբերդի երեկոն: Աններելի էր այդ ժամին բարձրանալ Ծիծեռնակաբերդ, որտեղ հեռուստասերիալային հոգեբանությամբ մարդկանց շերտը իրենց պահում էր այնպես, ինչպես ազգակցական-դրացիական իրենց հավաքներում, ընկերական-տնային կամ փողոցային միջավայրերում եւ միանալ նրանց: Որովհետեւ սերիալների ժամն էր ու քանի որ դրանք չէին ցուցադրվում, պարապը լցնելու բան էր պետք: Ե՛վ հեռուստահաղորդումները, ե՛ւ ուղիղ հեռարձակումները Ծիծեռնակաբերդից, մարդկանց խմբերը տներից դուրս էին հանում ու բերում այստեղ:
Ամենահուսահատեցնողը վերջին ակորդն էր, երբ մարզահամերգայինի տանիքի աստիճանները շուրջկալած ես տեսնում դդմակորիզ, արեւածաղկի սերմ ու զանազանք վաճառող կանանցով ու երեխաներովՙ աջից, ձախից, կենտրոնից: Մեկն ուղղակի կենտրոնում էր տեղավորել իր շարժասեղանը, ու երբ հարցրիՙ ինչո՞ւ է այսպես գրոհում, տգեղ է: Նա ասաց, թող վերեւները մտածեն, մեզ գործ տան, աշխատենք: Մի տարիքով կնոջ ասում եմՙ թույլատրվա՞ծ է վաճառքը, նա թեՙ չէ, բայց հիմա արդեն թողնում են, բան չեն ասում (ոստիկանները): Բա՞ մի քանի կոպեկ չաշխատե՞նք, ավելացնում է: «Բայց հենց այսօր»: «Մարդիկ շատ են էսօր»: «Տեղը ծախած ա...», կողքից ակնարկում է մի տղա: Մի ծաղկավաճառ-կին ձայնը գլուխն է գցելՙ էժա՜ն ծաղիկ, էժա՜ն. 200 դրամ». շատ ագրեսիվ է ու ջղային:
Վիրավորակա՞ն է: Այո՛: Ամոթ էՙ շատ: Որո՞նք են պատճառներըՙ դաստիարակությա՞նՙ մեզ արդեն կործանող պակասը, անհրաժեշտ կարգուկանոնի բացակայությո՞ւնը, սոցիալակա՞ն վիճակը:
Հ. Գ.- Առաջարկներ
Ապահովել Ծիծեռնակաբերդի ողջ ճանապարհի լուսավորությունը պատշաճ մակարդակով, պահպանել մինչեւ կես գիշեր: Վերանորոգել կամ փոխել միկրոֆոնները, որպեսզի լսելի դառնա հնչող երաժշտությունը: Արգելել անհարկի ամեն տեսակի մանրավաճառություն: Բացել ծաղկավաճառ կետեր, ինչպես մոտակա ջրերի մեկ-երկու տաղավարներն են:
Իսկ առհասարակ լավ կլիներ որոշ հեռուստասերիալների փոխարեն նույն դերասանների մասնակցությամբ հաղորդաշար բացելՙ մարդկանց էթիկապես կրթելու: Հեռուստածրագրերի հեղինակները թող մտածեն նաեւ այս մասին: