«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


ԱՆՍԱՆՁ ԱԼԻՔՆԵՐԸ, ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ԵՍ

Ինչպե՞ս նկարագրեմ դա: Եվ այն էլ առանց հոլանդական խրթին ծովային տերմինների: Դե լավ, խոսքս առավել մատչելի դարձնելու համար սկսենք նրանից, որ իրոք, եղանակի կանխատեսումները համընկնում են կյանքի իրողություններին: Խոստացել էին Թասմանի ծովի մեջտեղում կիսափոթորկային քամի ՙ երեք օրով, խնդրեմ, արդեն մեկ ամբողջ օր գնացել ենք կատաղած ծովի վրայով: Այո, իհարկե, քսան-քսանհինգ հանգույցը դեռեւս փոթորիկ չէ, այլ ընդամենը դրա կեսը: Բայց միեւնույնն է, դա չափազանց շատ է, երբ արդեն շարունակվում է երկրորդ օրը, իսկ առջեւում դեռ այնքան ճանապարհ ունենք անցնելու: Եվ ուրեմն, ի՞նչ է կատարվում մեզ հետ: Քանի որ խոստացել եմ առանց տերմինների, ասեմ այսպես. քամին փչում է ձախից, ինչից հետեւում է, որ մեծ ստակսելը պայթելու աստիճան լցված է օդով եւ նավը թեքում է աջ կողմի վրա: Նորմալ է: Միշտ էլ այդպես լինում է: Լինում է եւ հակառակը: Փչում է աջից, եւ մենք բոլորս թեքվում ենք ձախ: Ամեն ինչ տրամաբանական է:

Ես կանգնած եմ հենց շեմին նավի գլխավոր «սենյակի», որտեղ մենք հանդիպում ենք, ուտում ենք, եւ ինչպես «Կիլիկիա»-ում էրՙ ընդունում ենք մեր հյուրերին: Կանգնած եմ դեպի վեր տանող սանդուղքի ամենավերեւի աստիճանին: Բռնել եմ այս նույն մուտքը պաշտպանող ծածկի եզրից: Ժամանակ առ ժամանակ գրպանիցս հանում եմ հուշատետրս եւ երեք տակ ծալվածՙ գրառումներ կատարում: Աշխատում եմ թղթին հանձնել նույնիսկ քամու ձայները եւ առագաստանավի ալիքներով անցնելու աղմուկը: Նոտաներից գլուխ չեմ հանում, այդ պատճառով էլ գրում եմ տառերով: Ավելի ճիշտՙ «շ» տառով: Հետո մի քանի «շ»ՙ իրար կողքի: Կարդում եմ: Տեսնում եմ, որ այն չէ: Հնչյուններ շատ կան: Որսում եմ ե՛ւ «ֆ», ե՛ւ «ժ», ե՛ւ իհարկեՙ «ու»: Դա արդեն այն ժամանակ, երբ քամին ոռնում է: Հետո դղրդյուն եմ լսում, որ վերածվում է թմբուկի մանրահարվածների: Եվ հանկարծ մեկ վայրկյան, որը մի ողջ հավերժություն է թվում, տիրում է զրնգուն լռություն, որն ավարտվում է պայթյունով: Այդ մի քանի ալիքներ էին, որոնք «բախվեցին ճակատներով»: Հիշում եմ, մեր լուսահոգի կոկ Սամվել Սարգսյանը ոչ մի կերպ չէր ուզում համաձայնել, թե նման բան հնարավոր է: Իսկ այ, ես ինքս եմ տեսել, թե դա ինչպես է տեղի ունենում: Մանավանդ հենց նավակողի մոտ: Եվ լսում ես դղրդոց: Սկզբում հայացքդ կանգ է առնում հեռվում թավալվող ալիքի վրա, որը շուտով սկսում է կոլոլվել գորգի պես: Իսկ դրանից սկսում է ուռչել: Իսկ ուռչելով վերածվում է մի հսկայական բլրի, որի առջեւ գոյանում է ահռելի ու խոր մի ջրագոգ, ինչի պատճառով էլ բլուրն սկսում է նմանվել մեծ սարի: Ու երեւում է, թե ինչպես է առագաստանավի սուր քիթը իջնում ներքեւ: Նավախելը բարձրանում է: Եվ ուր-որ է սարը կփլվի նավի վրա: Բայց վայրկենապես ցած է իջնում նավախելը: Քիթն սկսում է դանդաղ, հատելով սարի լանջը, բարձրանալ գագաթ: Լանջի կեսին չհասած, նավը կախվում է օդում: Սարն ասես չի էլ եղել: Այն անհետացել է: Փշրվել, թեեւ ջուրը չի կարող փշրվել: Եվ նավը, հարվածելով ջրագոգի հատակին, իսկույն մագլցում է արդեն այլ, ոչ մեծ բլրի լանջով, որը չգիտես որտեղից հայտնվեց ճանապարհին: Նավաքթի հատած ջրային մակերեսին երկու կողմից ձգվող սպիտակ բեղերը բարձրանում են վեր, եւ քամին պոկելով փրփուրե գլխարկը, այն փչում է տախտակամած: Ես կտրուկ կռանում եմ: Բայց ուշ է, ջուրը հարվածեց դեմքիս: Թեւքով մաքրում եմ ջրի կաթիլները, շուրթերիս եւ ատամներիս վրա զգալով սառն ու խիտ աղը: Եվ հակառակի պես հենց այդ ժամանակ մտածում եմ թարմ, կանաչ վարունգիկի մասին: Որքան տեղին կլիներ այս աղի հետ: Այնինչ քամին ուժեղանում է: Խելին ամրացված Հայաստանի պետական դրոշը այնպես է ձգված, որ նմանվում է կարմիր-կապույտ-նարնջագույն ներկված ֆաներայի: Ամենասարսափելին այն է, որ համաձայն կանխատեսման, քամին ավելի է ուժգնանալու, իսկ ալիքներն ավելի են ահագնանալու: Եվ այսպեսՙ ողջ գիշեր, ինչպես ասում է Հայկ Բադալյանը, հաջորդ ողջ օրը եւ մինչեւ կեսգիշեր: Բայցեւ հանկարծ գիտակցում ես, որ հոգիդ հրճվում է: Որ կշարունակես բնության այս հրաշքին նայել նաեւ լիալուսնով: Քանզի ամեն ինչ անսովոր է: Անսովոր են ալիքները: Նույնիսկ լուսինն է անսովոր: Թվում է, ի՞նչ անսովոր բան կարող է լինել դրանց մեջ: Կասեքՙ ալիք են, էլի: Նույնիսկ դասակարգում ունեն. ծփանք, ալեծալք, կոհակ, փոքր ալիքներ, երկար, կատաղի, ցունամի... Բայց ես տեսել եմ շատ ալիքներ, որ պտտվում են, ոլորվում, կռվում: Տեսել եմ նաեւ պարզապես մի առանձնակի գեղեցիկ ալիք: Բայց այդ ամենը մի քանի օր ու գիշերվա ընթացքում միախառնվում է, միաձուլվում, կազմելով բարձր սարեր ու խոր ձորեր, ստեղծելով փոթորկի, ամպրոպի ու եռքի միասնական պատկեր, եւ այդ ամենը տեղով իսկ գեղեցկություն է: Ինչ վերաբերում է լուսնին, այն իրոք անսովոր է: Մի տեսակ մեծ է, հսկայական, մոտ: Տղաներից մեկը, չեմ հիշումՙ Արգենտինայում, Չիլիում, թե Զատկի կղզում, ասաց, որ լսել է, թե լուսինը նկատելիորեն մոտեցել է երկրագնդին: Բայց հիմա այն ոչ միայն ավելի մեծ է երեւում: Դեղնություն է խտացել վրան: Այն էլ այնպիսի, որ չեն երեւում մանկուց մեզ ծանոթ բծերը: Ես չեմ ցանկանում իջնել նավամբար, ավելի ճիշտՙ ընդհանուր նավասենյակ, իսկ ավելի ճիշտՙ իմ նավախուց: Աստված վկա, նման ժամերին այնտեղ անելու բան չկա: Թեեւ ավելի հարմարավետ է: Ահա շատերը պառկեցին քնելու: Միայն հերթափոխողներն են ղեկի մոտ կանգնած նավախելին. Հայկը եւ Մուշեղը: Ժամանակ առ ժամանակ նրանցից մեկն իջնում է ներքեւ: Ավելի հաճախՙ Հայկը: Չէ՞ որ, ինչպես ասել եմ, մեր գլխավոր քարտեզագետն է եւ գլխավոր օդերեւութաբանը: Իսկ ներքեւում հենց նրա քարտեզներն ու սարքերն են: Նավախելին հայտնվեց Սեմը: Ինչպես երբեմն եմ կոչումՙ Սամվել Կապիտանյանը: Նայեց շուրջը: Նայեց ինձ: Ձեռքը բարձրացրեցՙ կողքից-կողք ճոճվելով: Ես ձեռքով ցույց տվեցի բանքը, ներեցեք տերմինի համարՙ նստարանը: Նա սկզբում պետք է բավականին բարձրանա, դուրս գալու համար այն փոսորակից, որը կոկպիտ է կոչվում եւ պարզապես նավախելի խորացված մասն է: Հետո լայն տարածած ձեռքեր, ասես թռիչքի է պատրաստվում, ճոպանասարքերից, ցցոնքներից, թոկերից բռնվելով եւ դարձյալ ձեռքը գցելով պարաններին, վերջապես շրմփում է իմ առջեւում գտնվող նստարան-բանքին: Մեր միջեւ, ինչպես հայտնի է, մի նեղլիկ, շարժական սեղան է, ծածկված բրեզենտով: ժամանակ առ ժամանակ ձախ նավակողից ջրի ցայտքեր են թռչում դեպի մեզ: Եվ իսկույն այնքան խորն ենք կռանում, որ ճակատներով դիպչում ենք սեղանի թաց եւ աղի մակերեսին: Մեր աչքերի մեջ ուրախ փայլ կա եւ մի տեսակ հիացմունք: Ասես հրճվում ենք, որ անընդմեջ քամիներն ու ալիքները անդադար խփում են առագաստանավի կողերին, եւ ամեն ինչից երեւում է, որ պատյանը արժանապատվորեն դիմանում է հարվածներին: Եվ ես սկսեցի միանգամից.

- Առաջին անգամ ե՞րբ ես մտածել աշխարհաշուրջի մասին:

- Ութսունականների կեսերից,- միանգամից էլ պատասխանեց նա, ասես հենց այդ հարցին էր սպասում այդ անպատեհ ժամին, թեեւ հիանալի գիտեր, որ ինձ համար գոյություն չունի «անպատեհ ժամ» հասկացություն:

- Իսկ ինչո՞ւ հենց այդ ժամանակ:

- Ողջ աշխարհը բավական հիմնավորապես նախապատրաստվում էր նշելու Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործման 500-ամյակը: Մենք, այն ժամանակ դեռեւս երիտասարդ առագաստանավորդներով, նախանձում էինք իհարկե, թե իրոք ինչպիսի եռանդով է ողջ ծովային եւ ցամաքային աշխարհը պատրաստվում դիմավորել այդ տոնը: Դեռ այն ժամանակ ես գիտեի, որ առագաստային սպորտի Մեքքան համարվում է Նոր Զելանդիան: Եվ հիմա, այն բոլոր օրերի ընթացքում, երբ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում էինք, անընդհատ այն ժամանակներն էի հիշում:

Եվ քանի որ արդեն անցանք «դիմանկարի վրձնահարվածներ» ժանրին, ապա ընդմիջեմ մեր երկխոսությունըՙ մի քանի բառով խոսելու այն ժամանակի մասին, որ պատմեց Սամվելը: Այդ տարիներին նա մոտ քսանհինգ տարեկան էր, եսՙ մոտ հիսուն: Եվ ամեն ինչ լավ հիշում եմ: Իրոք, աշխարհը նախապատրաստվում էր տասը տարի անց տոն կազմակերպել, իսկ Խորհրդային Միությունում ապարդյուն փորձում էին լուծել պարենային խնդիրը: Եվ հանկարծ մի ինչ-որ ռոմանտիկներ, տեսեք-տեսեք, որոշել են մասնակցել այդ հոբելյանական արշավներին: Ոմանքՙ աշխարհի շուրջ, ուրիշներըՙ զանգվածային կարգով հատելով Ատլանտյան օվկիանոսըՙ Կոլումբոսի կարավելլաների երթագծով: Եվ երազողների մեջ էր «Կիլիկիա»-ի ապագա կապիտան-խորհրդատուն եւ «Արմենիա»-ի ապագա նավապետը, որն անընդհատ բազմաթիվ կետերից կազմված անկետաներ էր լրացնումՙ միջազգային մրցումներին մասնակցելու համար: Եվ իհարկե, ձգտում էր դեպի առագաստանավորդների համար իրոք Մեքքա հանդիսացող Նոր Զելանդիա: Նրան թվում էր, թե սկսված վերակառուցումը իրոք վերակառուցում է: Թեեւ ինչ-որ բան փոխվել էր մեր կյանքում, այդ թվում եւ Աստծո օրհնած առագաստանավորդների կյանքում: Համենայն դեպս դրանք արդեն վաթսունականները չէին, ոչ էլ յոթանասնականները կամ ութսունականների սկիզբը: Եվ Սամվելն արդեն «Աջարիա» առագաստանավով դուրս էր գալիս Սեւ ծովի սահմաններից: Պետք է պատկերացնել իսկական ծովայինի հոգեվիճակը, որն արդեն հայտնվել է Միջերկրական ծովի ջրերում: Եղել է ոչ միայն Բուլղարիայում, այլեւ Հունաստանում, իսկ ռուսական եւ ուկրաինական նավահանգիստները հարազատ տուն են դարձել նրա համար:

1992 թվականին Երկիր մոլորակի համարյա բոլոր առագաստանավորդները պատրաստ էին մասնակցելու հոբելյանական արշավինՙ նվիրված Ամերիկայի հայտնագործման 500-ամյակին: Բոլորի շուրթերին Քրիստոփոր Կոլումբոսի անունն էր եւ իսպանական Կադիս նավահանգիստը, որտեղից 1492 թվականին մեկնարկեցին «Սանտա Մարիա», «Պինտա» եւ «Նինյա» առագաստանավերը: Ի դեպ, հենց այնտեղ, Պալոս բնակավայրում էր գտնվում Եվրոպայում արդեն լավ հայտնի ճանապարհորդ Մարտիրոս Երզնկացին: Եվ եթե հաշվի առնենք, որ Կոլումբոսը հսկայական ջանքով անձնակազմեր հավաքագրեց երեք կարավելլաների համար, ապա չի կարելի չհամաձայնվել Սեն-Մարտենի, Աճառյանի եւ Պորտուգալյանի գիտական կարծիքին, որոնք գտնում էին, որ ծովարշավի պետը երկու ձեռքով պետք է կառչեր պրոֆեսիոնալ ճանապարհորդից, որը տիրապետում էր ծովայինի արվեստին եւ գիտեր բազմաթիվ եվրոպական լեզուներ: Բայց Կոլումբոսից ու Երզնկացուց վերադառնանք Կարապետյանին, որը Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո գիտակցեց, որ ուսումնառության տարիները բուհում նրան շատ գիտելիքներ տվեցին, բայց չտվեցին այն մասնագիտությունը, որի կայծն Աստված էր դրել իր մեջ, որից բորբոքվում էր առագաստանավորդի հոգու հուրը:

...Եվ ահա, ասենք ուղղակիՙ այս սովորական դարձած արտակարգ իրավիճակի պայմաններում, ես նրան հարց եմ տալիս միայնակ նավարկության մասին:

- Ես գիտեի, որ այդ մասին կհարցնեք ինձ: Ասեմ ազնվորեն: Այսօր առանց գաղափարի, առանց այսպես ասածՙ գաղափարախոսության իմաստ չունի մեկնել միայնակ նավարկության: Տեսեք, հիմա մեզ մոտՙ «Արմենիա» առագաստանավում կա այդ գաղափարը: Եվ այն էլ ի՜նչ գաղափար. Սփյուռք, Մեսրոպ Մաշտոց... Դուք ճիշտ եք, աշխարն, ավաղ, ոչինչ չգիտի այն մասին, թե ինչու են հայերը սփռվել ողջ հողագնդով մեկ եւ ինչու են ամենուր եկեղեցիներ կառուցում: Դա մեծ գաղափար էՙ հենց աշխարհաշուրջով, կամ ինչպես դուք եք ասումՙ հենց սփյուռքի աշխարհագրությամբ այդ ամենը պատմել, ցույց տալ, բացել աշխարհի առջեւ: Թեեւ պետք է խոստովանեմ, որ ցանկացած շուրջերկրյա նավարկություն միշտ ինքնին երեւույթ է, առանձնապես եթե պտույտ ես գործում Հորն հրվանդանի շուրջը կամ հաղթահարում Թասմանի ծովը:

Հենց այդ ժամանակ էլ կատաղի քամու հերթական պոռթկումը ահռելի ուժով պոկեց ձախ նավակողից ծառացող ալիքի փրփուրե բաշը: Այս անգամ չհասցրեցինք կռանալ: Ամեն ինչ չափից ավելի վայրկենական էր: Հզոր հորձանքը հարվածեց իմ մեջքին ու ծոծրակին, Սամվելիՙ ուղիղ դեմքին: Ասեմ անկեղծորենՙ նման տեսարանը նավում միշտ քրքիջ է առաջացնում: Ես ու Սամվելն էլ սկսեցինք քրքջալ: Քրքջաց ղեկի մոտ կանգնած, առանց այն էլ միշտ ժպտուն Վահագնը, եւս մեկ անգամ հիշեցնեմՙ մեր նորաթուխ հայրիկը, իսկ քիչ հեռվում կանգնած կոկ Սաքոն քրքջաց, ցուցադրելով իր սպիտակ ատամները, ինչպես անում է Վախթանգ Կիկաբիձեն: Ես ու Սամվելը նետվեցինք ներքեւ, դեպի մեր նավախցերը: Հանվեցի: Սառը, քաղցրահամ ջուր լցրեցի վրաս, չսպասելով, որ այն մի քիչ գոլանա: Շփեցի մարմինս կարմրելու աստիճան: Եվ մտածեցիՙ ի՜նչ լավ է այս ամենը, գրո՛ղը տանի...Ուզում էի հնարավորինս արագ բարձրանալ վերեւ, նայել ալիքներին, մտածել, թե որքան եմ ցանկանում սանձել անզուսպ քամին, ինչպես վայրի մուստանգիՙ թամբել իններորդ ալիքը եւ լողալ, լողալ, լողալ... Եվ որպեսզի շուրջս լինեն անվերջանալի ալիքներ եւ միայն մեկՙ իններորդ:

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Թասմանի ծով


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4