Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայերեն թարգմանությամբ ներկայացնում է շվեյցարացի միսիոներ Յակոբ Կյունցլերի «Արյան եւ արցունքների երկրում» գիրքը, որը սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող աշխատություն է, որտեղ նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ուրֆայում տեղի ունեցած իրադարձությունները: Հեղինակը գրքում նկարագրվող դեպքերի անմիջական ականատեսն է, ինչը էլ ավելի արժեքավոր է դարձնում այս հուշագրությունը Հայոց ցեղասպանության իրականացման դրվագները ուսումնասիրողների համար:
1899 թ. գալով Ուրֆա` Յ. Կյունցլերն աշխատանքի է անցնում «Գերմանական առաքելություն Արեւելքում» կազմակերպության հիվանդանոցում` որպես շվեյցարացի բժիշկ Հերման Քրիստի օգնական: Առաջին աշխարհամարտի տարիներին նա միակն էր, որ ունակ էր բժշկական օգնություն ցույց տալ Ուրֆայի եւ շրջակա բնակավայրերի բնակչությանը:
Յակոբ Կյունցլերին եւ նրա կնոջը` Էլիզաբեթին հաջողվում է պատերազմի տարիներին բազմաթիվ հայերի փրկել վերահաս մահվանից:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, արեւելագետների, ինչպես նաեւ ընթերցողների լայն շրջանակի համար:
Յակոբ Կյունցլերը ծնվել է 1871 թ. մարտի 8-ին Շվեյցարիայի Հունդվիլ գյուղում: Դառնալով հիվանդապահների բողոքական եղբայրության անդամ` նա աշխատանքի է անցնում Բազելի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ ծանոթանում է բժիշկ Հերման Քրիստի հետ: Շուտով վերջինս Յոհաննես Լեփսիուսի ղեկավարած «Գերմանական առաքելություն Արեւելքում» կազմակերպության կողմից գործուղվում է Ուրֆա: Նրա հրավերով 1899 թ. Կյունցլերը եւս ժամանում է Ուրֆա` դառնալով Քրիստի օգնականը: