«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ

Երաժշտասերների սիրած «Արվեստների պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը այս տարի կմեկնարկի ապրիլի 28-ից մայիսի 31-ը: Թվով յոթերորդ փառատոնը. «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը բոլոր վեց համերգները նվիրել է փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժող. արտիստ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին:

«Ազգը» զրուցեց փառատոնի եւ հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանի հետ ու տեղեկացավ, որ փառատոնի շրջանակներում ելույթներ կունենան հայտնի երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանիցՙ Ալեքսանդր Բրուսիլովսկին-ջութակ (Ֆրանսիա), Նիկոլայ Մադոյանը-ջութակ (Գերմանիա), Հակոբ Ջաղացպանյանը- կիթառ, Գլեբ Կարպուշկինը- գալարափող (Ռուսաստան), կոմպոզիտոր եւ դիրիժոր Հուշյար Խայամը (Իրան), Սվետլանա Նավասարդյանը-դաշնամուր, Հայկ Մելիքյանը-դաշնամուր, Կարեն Շահգալդյանը-ջութակ, Յանա Դարյանը-ալտ, Ջուլիետա Վրադանյանը-դաշնամուր, նաեւ «Հայաստանի պատանի տաղանդներ» Լոնդոն-Երեւան ծրագրի մասնակիցները, փառատոնի կամերային նվագախումբը գեղ. ղեկ եւ դիրիժոր Արամ Թալալյանի գլխավորությամբ:

Փառատոնի առաջին համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Միրզոյանի կամերային ստեղծագործություններըՙ «Պոեմ», «Ալբոմ թոռնիկիս», «Չորս երգ» (չինական պոեզիայի հիման վրա) երգչուհի Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ եւ «Պոեմ-էպիտաֆիա», «Թեմա եւ վարիացիաներ»ՙ գրված լարայինների համար:

Ինչպես նշեց երաժշտագետ Մարիամ Շահինյանը, «փառատոնի հիմնական նպատակն է հանրահայտ, ինչպես նաեւ Հայաստանում ճանաչում չունեցող հայ եւ օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումը արվեստասեր հասարակությանը»: Համերգները կայանում են Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, որով հանրության լայն շերտերի համար պատկերասրահի գլուխգործոցներին ծանոթանալու հնարավորություն է ստեղծվում:

Փառատոնի վերջին համերգի եւ հանդիսավոր փակման ընթացքում կնշվի Արամ Թալալյանի ծննդյան 40-ամյակը:

Տկն Շահինյանը պատասխանելով «Ազգի» հարցին, ասաց, որ այս տարի փառատոնի շրջանակներում մարզերում համերգներ չեն լինի, քանի որ փառատոնի փակումից անմիջապես հետո կմեկնարկի «Ալտի եւ թավջութակի» հերթական փառատոնը, որի մեկնարկը ու հանդիսավոր բացումը կկայանա Գավառում: Իսկ աշնանը կմեկնարկի «Վերադարձի» փառատոնը: Ինչպես միշտ, փառատոնը (2006-ից) հնարավոր է դառնում իրականացնել Վիվասել-ՄՏՍ ընկերության հովանավորության եւ հոգատարության շնորհիվ:

Չնայած որ փառատոնը մշտապես անցնում է գեղեցիկ ու բարձր մակարդակով, սակայն ըստ կազմակերպիչներիՙ դեռ չեն լուծվել սրահի աթոռների հարցը եւ ամեն անգամ տարբեր կազմակերություններից են հավաքվում դրանք: Մյուս խնդիրը կապված է պետական կամերային եւ սիմֆոնիկ նվագախմբերի հետ, որոնք մասնակցության համար բարձր գումարներ են պահանջում: Մինչդեռ, փառատոնի կամերային նվագախումբը (գեղ. ղեկ եւ դիրիժոր Արամ Թալալյան) դժգոհ չէ առաջարկվող գումարից:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4