«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


Ռ. ԿԱՐԱՅԱՆԻ ՆՈՐ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Օրերս Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հյուրընկալ դահլիճը նորից լեփ-լեցուն էր հայ մտավորականության ներկայացուցիչներով:

Այս անգամ առիթը արձակագիր, հրապարակախոս Ռոբերտ Կարայանի «Մարդազարդի տոն արարենք» գրքի շնորհանդեսն էր:

Հեղինակին շնորհավորեցին բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը, անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, որ նաեւ իր հրաշալի երգով հիացրեց բոլորին, ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը, իրավաբան Պուշկին Սերոբյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասան Երվանդ Մանարյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայ աշուղների միության նախագահ Շավիղ Գրիգորյանը, նկարիչ Հենրիկ Մամյանը, որի աշխատանքները նկարազարդել են Կարայանի մի շարք գրքեր եւ այլք: Մանկության ընկերներն ու հասուն տարիքի գործընկերներն իրենց սրտից բխող ջերմ խոսքեր հղեցին հեղինակին:

Բոլոր ելույթներում ընդգծվում էր հատկապես այն փաստը, որ մենք գործ ունենք քաղաքացիական ազնիվ կեցվածքի տեր, հայրենասեր հայի հպարտ եւ մարտնչող տեսակի հետ, որի անունն է Ռոբերտ Կարայան: Նրա ստեղծագործությունները անհրաժեշտություն են հայ ընթերցողի համարՙ պահանջված եւ սպասված: Բացառություն չէ նաեւ նոր գիրքըՙ «Մարդազարդի տոն արարենք»: Կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ռ. Կարայանի վեպերը կարող են դառնալ հրաշալի ֆիլմերՙ ի հեճուկս մշակութային արժեք չներկայացնող այժմյան սերիալների եւ կարող են մատաղ սերնդի դաստիարակության հզոր զենք հանդիսանալ:

Շնորհավորական ելույթները պարբերաբար ընդհատվում էին դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցումներով, որ հրաշալի կերպով ներկայացրեց Ռոբերտ Կարայանի ստեղծագործությունները:

Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի բաժին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4