«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


ՄԵԼԻՔՅԱՆԻ ԳԻՐՔԸՙ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ

«Մելիքյանի «Ճանապարհ դեպի խոպան» գիրքըՙ հափշտակությամբ ընթերցվող, հիանալիորեն գրված ստեղծագործություն է, «կիզիչ» մեկնաբանություն աշխարհի եւ նրա բնակիչների մասին: Հեղինակի գրելու ապշեցուցիչ տաղանդը եւ աշխարհի պատմությունը նոր տեսանկյունից դիտելու նրա կարողությունը հետաքրքրական ճանապարհորդության են մղում ընթերցողին դեպի պատերազմող կրոններ, մշակույթներ, սեռեր եւ պատմական իրադարձություններ:

Նա աշխարհի եւ մարդկային վիճակների ու հանգամանքների մասին պատմում է ողբերգության եւ հումորի միջոցով», նշել է «ForeWord Review» հանդեսի խմբագրության ակնառու անդամներից Լեյա Մենլովը, հրապարակելով 2010 թվականի «Տարվա գիրք» մրցանակին հավակնող 1400 գրքերից եզրափակիչ փուլ հասածների ցուցակը:

Գեղարվեստական արձակ գրականություն անվանակարգում առաջադրված լոսանջելեսցի գրող Արմեն Մելիքյանի անդրանիկ վեպը հրատարակվել է Հիլկրեստ հրատարակչատան «Two Harbors Press»-ի կողմից: Գիրքը, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ, «որոշ առումով հիշեցնում է Ջեյմս Ջոյսի, Ումբերտո Էկոյի եւ նրանց նմանների վիպական առանձնահատկությունները իր եռուն ոճով եւ նորարարական բառապաշարով»:

Մելիքյանը միջազգային հարաբերությունների գծով մագիստրոսի աստիճան է ստացել Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանից: Նաեւ սովորել է Հարվարդում, բայց գիտությունն ու քաղաքականությունը մի կողմ թողնելով զբաղվում է գրականությամբ:

Իսկ «Foreword Review» պարբերականը 1998-ից սկսած հրատարակվում է տարեկան 6 անգամ եւ ուղարկվում 26 հազար գրադարանների եւ գրախանութների: Համարվում է ամենահեղինակավոր պարբերականը գրքերի արժեվորման եւ տարածման ոլորտում: «Տարվա լավագույն գիրք» մրցանակը հիմնվել է խրախուսելու համար հատկապես անկախ հրատարակչատների գործունեությունը: Մրցանակին արժանի թեկնածուները ընտրվում են փորձառու գրադարանավարների եւ գրավաճառների կողմից, որոնք ամեն օր գործ ունեն ընթերցողների հետ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4