Բուլղարիայում Լիբանանի դեսպան Միշելին Աբի Սամրայի բարձր հովանավորությամբ Սոֆիայի Ազգային երաժշտական ակադեմիայում մարտի 13-ին տեղի է ունեցել ՀԲԸՄ-ի Սոֆիայի մասնաճյուղի կամերային նվագախմբի գարնանային առաջին համերգը, որը ներկաները որակել են բազմամշակութային, քանի որ դրանում ներառված են եղել հայկական, լիբանանյան եւ բուլղարական ստեղծագործություններ, ստեղծելով համերաշխության ու բարեկամության ինքնատիպ մի մթնոլորտ:
Ըստ այդ առթիվ Նյու Յորքից ստացված ՀԲԸՄ-ի հաղորդագրությանՙ երեկոյի բացման խոսքում ողջույնի խոսքեր են ուղղվել ինչպես Լիբանանի, այնպես էլ Բուլղարիայում Հայաստանի նորանշանակ դեսպանի հասցեին: Ներկայացվել են Ալեքսանդր Սպենդիարյանի եւ բուլղարացի երգահան Ռոսեն Բալկանսկու գործերը: Ծրագրին մասնակցել են Լիբանանից հրավիրված մենակատարներ Ֆադի Ռաշիդն (կիթառ) ու Շադի Էսբերը (ուդ):
Այս եւ տարվա ընթացքում կայանալիք մյուս համերգները նվիրված են Հայաստանի անկախության քսանամյակին:
Հ. Ծ.