Վախթանգ Դարչինյանը հաղթանակով ավարտեց կոլումբիացի Յոնի Պերեսի հետ Լոս Անջելեսում կայացած մենամարտը ու թեթեւագույնքաշային 4 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարում գրավեց 3-րդ տեղը: Նա նաեւ նվաճեց թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը նրա մարզական կարիերայում չեմպիոնական 8-րդ գոտին էր:
Ստացվել էր այնպես, որ Վախթանգը պետք է ռինգ դուրս գար Երեւանի ժամանակով ապրիլի 24-ի վաղ առավոտյան: Ինչպես մենամարտից հետո խոստովանել էր Դարչինյանը, դա կրկնակի պատասխանատվություն էր: Հայ բռնցքամարտիկը ռինգ էր դուրս եկել գոտկատեղին «1915» մակագրությամբ: Նույնպիսի մակագրությամբ ու եռագույն դրոշներով բազմաթիվ հայեր էին եկել մարզադահլիճՙ աջակցելու Վախթանգին: Եվ Դարչինյանը հուսախաբ չարեց իր երկրպագուներին:
Նա շատ ակտիվ սկսեց մենամարտնՙ անընդհատ դիմելով գրոհների, քանի որ խոստացել էր մրցակցին հաղթել նոկաուտով: Արդեն 2-րդ ռաունդում Պերեսը հայտնվեց նոկդաունում: 5-րդ ռաունդում մրցակիցները գլուխներով բախվեցին, որի հետեւանքով Պերեսի մոտ արյունահոսություն սկսվեց: Մրցավարը դադարեցրեց մենամարտը: Այդ պահին Դարչինյանն առավելություն ուներ, ուստի 3 մրցավարներն էլ ընդհանուր 50-44 հաշվով հաղթանակը շնորհեցին Վախթանգին:
Պրոֆեսիոնալ ռինգում այդ մենամարտը Դարչինյանի համար 40-րդն էր: Նա տոնեց 36-րդ հաղթանակը: Մյուս չորս մենամարտերից մեկն ավարտվել է ոչ-ոքի, 3-ում Դարչինյանը պարտվել է:
«Ապրիլի 24-ին մենամարտելը ինձ համար կրկնակի պատասխանատու էր, ուստի ամեն կերպ հարկավոր էր հաղթանակած դուրս գալ ռինգից: Դա ինձ հաջողվեց: Հաղթանակը նվիրում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցանկանում էի նոկաուտով հաղթել մրցակցիս, որը հիանալի բռնցքամարտիկ է: Ցավոք, 5-րդ ռաունդում գլուխներով բախվեցինք ու մենամարտը դադարեցվեց, այլապես 1-2 ռաունդ հետո անպայման նոկաուտի կենթարկեի Պերեսին: Այժմ պատրաստ եմ թեթեւագույնքաշային կարգի յուրաքանչյուր բռնցքամարտիկի հետ մենամարտել: Կցանկանայի հանդիպել Աբներ Մարեսի հետ: Եթե դա չհաջողվի, ապա Նոնիտո Դոների հետ կցանկանայի մենամարտել: Մեր նախորդ մենամարտից արդեն 4 տարի է անցել, Դոներն իմ նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ մեծ համբավ է ձեռք բերել: Սակայն ամեն անգամ նա տարբեր պատրվակներով խուսափում է իմ հետ մենամարտելուց: Եթե նրանք այս անգամ էլ հրաժարվեն, ապա կտեղափոխվեմ քաշային հաջորդ կարգ», մենամարտից հետո նշել է Վախթանգ Դարչինյանը:
«Պատրաստ էի շարունակել մենամարտը, դեռ նոր էի ռիթմի մեջ մտնում: Մենամարտի սկզբում զգացի, որ Դարչինյանն այնքան էլ ակտիվ չէր, ինչպես սպասում էի: Զգում էի, որ հանդիպման 2-րդ մասում կտիրեմ նախաձեռնությանը: Հիասթափված եմ, որ մենամարտն այսպիսի ավարտ ունեցավ: Եթե մրցավարը չդադարեցներ մենամարտը, կշարունակեի պայքարը: 2-րդ ռաունդում իսկապես նոկդաունում հայտնվեցի. Դարչինյանին հաջողվեց ցնցել ինձ: Այժմ կվերադառնամ Կոլումբիա, կհանգստանամ ու կմտածեմ իմ հետագա քայլերի մասին», նշել է Պերեսը:
Ռինգի բժիշկ Պոլ Ուոլեսը բացատրել է, որ Պերեսի վնասվածքը վտանգավոր էր, քանի որ անոթներից մեկը պայթել էր եւ արյունը աչքն էր լցվում: Նա նաեւ նշել է, որ Պերեսը մենամարտի դադարեցման մասին ոչինչ չի ասել: