Երեկ ժամը 13-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհին, Ջաջուռ գյուղի մոտակայքում իր անձնական մեքենայով վթարի է ենթարկվել ծանրամարտի 2009-ի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Այս լուրը հաստատեցին նաեւ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայում: Ըստ նախնական տեղեկությունների, Նազիկը ողնաշարի հատվածում է վնասվածք ստացել. կոտրվել է նրա մեկ կողը: Ավդալյանին անմիջապես տեղափոխել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Նազիկ Ավդալյանը 2009-ին աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճելուց հետո վնասվածքի պատճառով բավական ժամանակ մրցահարթակ դուրս չէր եկել: Միայն այս տարվա փետրվարին նա վերջապես մասնակցեց Հայաստանի առաջնությանըՙ նվաճելով երկրի չեմպիոնուհու ոսկե մեդալը: Նազիկը չմասնակցեց վերջերս Կազանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որպեսզի լավ նախապատրաստվի նոյեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու են 2012-ի Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգրերը: Առայժմ դժվար է ասել, թե այս ավտովթարն ինչպես կանդրադառնա Նազիկի մարզական հետագա կարիերայի վրա: Առաջին հերթին մարզուհուն շտապ ապաքինում եւ առողջություն ենք ցանկանում: