«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2011-04-22 | #73, 2011-04-23 | #74, 2011-04-27


ՏԱԹԵՎ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՎԻՃԱՐԿԻ ԱՄՆ-Ի ՉԵՄՊԻՈՆՈՒՀՈՒ ՏԻՏՂՈՍԸ

ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը շարունակեց հաջող ելույթները շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում: Նա մտել է եզրափակիչ եւ Աննա Զատոնսկիխի հետ կվիճարկի երկրի չեմպիոնուհու տիտղոսը:

Եզրափակիչի ուղեգիրը Տաթեւը նվաճեց Քամիլա Բագինսկայտեի հետ դժվարին մրցախաղում: Կիսաեզրափակիչի առաջին պարտիայում Աբրահամյանը սպիտակներով պարտություն կրեց: Թվում էր, թե նրան դժվար կլինի սեւերով հետ բերել կորցրածը: Սակյան 2-րդ պարտիայում հայ շախմատիստուհին հաղթեց: Եզրափակիչի ուղեգրի բախտը վճռվեց արագ շախմատի 2 մրցախաղում: Այստեղ Տաթեւն իրեն գերազանց դրսեւորեցՙ շահելով 2 պարտիաներն էլ:

Եզրափակիչում Տաթեւի մրցակցուհինՙ Աննա Զատոնսկիխն իսկական մարզական սխրանք գործեց: Դեռեւս նախնական փուլում գրեթե անհուսալի իրավիճակում Զատոնսկիխը 2 անընդմեջ հաղթանակ տոնեց ու միավորներով հավասարվելով Սաբինա Ֆոյշորին, իրավունք ստացավ նրա հետ լրացուցիչ մրցախաղում վիճարկելու կիսաեզրափակիչի ուղեգիրը: 2 պարտիաներում էլ առավելության հասնելով մրցակցուհու նկատմամբ, Զատոնսկիխը կիսաեզրափակիչում պայքարից դուրս մղեց փորձառու Իրինա Կրուշին: Առաջին պարտիայում սպիտակներով հաղթեց Զատոնսկիխը, երկրորդում նույն գույնի խաղաքարերը հաջողություն բերեցին Կրուշին: Արագ շախմատի մրցախաղում էլ շախմատիստուհիներից յուրաքանչյուրը հաղթեց սեւ խաղաքարերով: Վճռորոշ 3-րդ պարտիայում Կրուշը խաղում էր սպիտակներովՙ իր տրամադրության տակ ունենալով 45 րոպե, իսկ Զատոնսկիխը սեւերով մտածելու համար 27 րոպե ուներ: Սակայն ոչ-ոքիի դեպքում հաղթող էր ճանաչվելու սեւերով խաղացող Զատոնսկիխը: Բայց նա առանց մրցակարգի այդ կետի օգնության ինքնուրույն լուծեց եզրափակիչ մտնելու հարցըՙ 35-րդ քայլին ստիպելով Կրուշին հանձնվել:

Տղամարդկանց եզրափակիչում ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Գատա Կամսկին եւ Յուրի Շուլմանը: Կիսաեզրափակիչում Կամսկին 1,5-0,5 հաշվով պարտության մատնեց Սեմ Շենկլենդին: Իսկ ահա Շուլմանին Ռոբերտ Հեսի նկատմամբ առավելության հասնելու համար պահանջվեց լրացուցիչ մրցախաղ: Կիսաեզրափակիչում դասական շախմատի 2 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Իսկ լրացուցիչ մրցախաղում Շուլմանը մրցակցին հաղթեց 1,5-0,5 հաշվով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4