Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունները կարող են տարբեր զգացումներ առաջացնել: Երբեմն էլ քսաներորդ դարասկզբի ողբերգության սարսափները թվագրվել են ոչ վաղ անցյալի հանցագործություններով, հայերի հանդեպ բռնությամբ:
Բաքվի ջարդերն իր հիշողության մեջ դժվար թե երբեւէ մոռացության տա հիսունհինգամյա Յուրա Խաչատուրովը , որ այդ ողբալի իրադարձություններից հետո առաջին հանգրվան ունեցավ Հյուսիսային Կովկասում: «Հինգ տարի անց եկա Միացյալ Նահանգներ կնոջս ու երկու երեխաներիս հետ», ասում է Յուրա Խաչատուրովը: Նա արդեն տասնութ տարի ապրում է ԱՄՆ Կոլորադոյի նահանգի կենտրոն Դենվեր քաղաքում:
Ներկարար Խաչատուրովի ներկայացմամբՙ Դենվերում հայտնվել է տեղում բավականին ծանոթներ ունենալու պատճառով: «Մենք 1996-ին առաջին անգամ այստեղ կազմակերպեցինք Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն», ասում է ԱՄՆ-ում իր կենսապայմաններով բավարարված Յուրի Խաչատուրովը: Նրա խոսքերովՙ Ադրբեջանից եկածները քիչ չեն Դենվերում:
Ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա գտնվող եւ ավելի քան 600 հզ. բնակչություն ունեցող Դենվերում ու մոտակայքում ապրող մոտ 1500 հայերի մեջ գերակշռում են համշենահայերը, ապա Ադրբեջանից գաղթածներն են: 2008-ի հունիսից Դենվեր տեղափոխված Զավեն քահանա Մարկոսյանի խոսքով, համայնքում նաեւ զգալի թվով բեյրութահայեր են, փոքրաթիվ են հայաստանցիները: Նախկինում հոգեւորական եւ եկեղեցի չունեցած Դենվերը միայն 2004-ից է այցելու հոգեւոր հովիվ ունեցել (ամսական մեկ անգամ) մինչեւ Տեր Զավենի ժամանումը: Ու թեեւ հիմա համայնքն ունի հոգեւոր հովիվ, դեռեւս չկա եկեղեցի:
Դենվերումՙ Կոլորադոյի նահանգապետարանի բակում որոշակի տարածք է հատկացված հայ համայնքին, ուր տեղադրված է Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված մի հուշաքար: Ամեն տարի ապրիլ 24-ին կամ մոտ որեւէ այլ օր համայնքի ներկայացուցիչները հավաքվում են հուշաքարի մոտՙ իրենց հարգանքի տուրքը մատուցելու նահատակներին իրենց աղոթքներով եւ ելույթներով:
«Արարողությունները ընդհանրապես հունական եկեղեցում էինք կատարում, բայց յուրաքանչյուր անգամ դժվար է հնարավորություն ստանալ պատարագ ունենալ այլ եկեղեցում», ասում է Տեր Զավենը : Նրա բացատրությամբ, այդ պատճառով էլ դեռեւս անեկեղեցի համայնքի արարողություններն արվում են տեղի գործարար հայերի տրամադրած մի սրահում, որտեղ վեմքարն է ու դրանով պատարագ է արվում: «Ցանկություն ունենք, որ կազմակերպվենք, եկեղեցի կառուցենք, բայց այս երկրում կառուցելն ավելի հեշտ է, քան հետագայում պահելը», ասում է Տեր Զավենը:
Այս տարի ապրիլի 23-ին հուշ ցերեկույթը Դենվերում բացվեց հոգեւոր հովիվ Զավեն քհն. Մարկոսյանի եւ ազգային առաջնորդարանից ավագ քահանա Մեսրոպ Թաշչյանի աղոթքով: Այդուհետեւ ընդհանուր գծերով ներկայացված Ցեղասպանության հարցի թեմայով բանախոսությունը ներկայացրեց Հայկ Հովսեփյանը (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ` ANCA), շեշտադրելով տարբեր երկրների ղեկավարությունների կողմից Մեծ Եղեռնի հանդեպ դրսեւորված դրական ու բասացական մոտեցումները: Ելույթ ունեցավ նաեւ Կոլորադոյի սենատի անդամ Լուիս Թոչտրափը , որի ներկայացմամբ էլ Հայոց ցեղասպանության հիշատակի բանաձեւն ընդունվել է նահանգի սենատում:
«Ապրիլի 24-ի առավոտյան տասին հարության պատարագ սկսվեց, զատկական պատարագը, ավարտից հետո նորից մի խումբ կամավորներ այցելեցին հուշաքարին, ծաղիկներ դրվեցին», պատմում է Տեր Զավենը, որից հետո Չերրիքրիկ կոչվող լճի տարածքում զատկահանդես եղավ: «Մարդիկ տոնելով մեկը` չմոռացան մյուսը»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Կոլորադո, ԱՄՆ