Հայաստանում կրկնահանցագործությունների թիվը աճել է. մեկ անգամ դատվածը կրկին հայտնվում է ճաղերի hետեւում: Պատճառները տարբեր են. կալանավայրերում հոգեբանորեն չեն աշխատում կալանավորի հետ, եւ մեծ է հավանականությունը, որ նրանք կդառնան կրկնահանցագործներ: «Կալանավայրերից վերադարձածները չունեն աշխատանք: Նրանց ընտանիքը հետ չի ընդունում: Մարդը կրկին հանցագործություն է կատարում ու վերադառնում կալանավայր», ասում է Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը :
2008-2009-ին 5000-ով աճել է հանցագործությունների թիվը: Կրկնահանցագործությունը կազմել է 16 տոկոս: Դրանց մեջ հատկապես մեծ թիվ են կազմել անչափահասների կրկնահանցագործությունները: Մարոզյանի փոխանցմամբ` անչափահաս երեխաների մեջ հանցագործության դիմելը դարձել է մտածելակերպ, պարծանք, հեղինակության ձեռքբերման միջոց: Հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում նաեւ կանանց շրջանում: Կանայք հիմնականում դատվում են մարդասպանության, խարդախության կամ թրաֆիկինգի համար:
Կրկնահանցագործությունների պատճառն, ըստ Մարոզյանի, օրենսդրական դաշտում ու սոցիալական միջավայրում անհամադրելի կետերն են:
Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիան մտադիր է քրեակատարողական հիմնարկներում ծրագիր իրականացնել:
Նպատակն է` քրեակատարողական հիմնարկներում իրականացնել աշխատանքային վերադաստիարակում, հետդատապարտության շրջանում կալանավորի ընտանիքի, երեխաների հետ հոգեբանական աշխատանք: «Աշխատանքը կարող է փոխել մարդուն եւ նրա հոգեբանությունը: Այսօրվա պատկերը խոսում է այն մասին, որ հասարակությունը պառակտվում է, մեծանում է անհանդուրժողականությունը: Այս ծրագիրը կարող է օգնել կալանավայրում հայտնվածին վերադառնալ հասարակություն», ասաց ասոցիացիայի հոգեբանների հանձնաժողովի նախագահ Արմինե Դավթյանը:
Հ. Հ.