«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2011-04-27 | #75, 2011-04-28 | #76, 2011-04-29


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԴՈՒՌԸ ԵԹԵ ՈՉ ԼՐԻՎ ԲԱՑ, ԱՊԱ ԱՌՆՎԱԶՆ ԿԻՍԱԲԱՑ Է»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կատարվե՞լ են արդյոք վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հնչեցրած երեք պահանջները: Սկզբունքորեն ա՛յս հարցի պատասխանը պետք է հնչեցներ ՀԱԿ առաջնորդը մեկ օր առաջ նախագահ Սարգսյանի վերջին մեսիջից հետո երեկվա հանրահավաքում.«Կարծում եմ, հասկանալի է, որ սույն հանրահավաքի արտոնված լինելու հանգամանքը միանշանակորեն ցույց է տալիս, որ այլեւս վերականգնված է Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելուՙ քաղաքացիների երեք տարուց ի վեր ոտնահարված իրավունքը, եւ իշխանությունը վերջնականապես հրաժարվել է այս հրապարակը քաղաքական միջոցառումների համար արգելված տարածքների շարքը դասելու մտադրությունից, ինչն, ի դեպ, հաստատվում է նաեւ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցով», ասաց նա` մարտի մեկի լիակատար բացահայտման անհրաժեշտության վերաբերյալ նախագահ Սարգսյանի ապրիլքսանի հայտարարությունը եւս իրավապահ մարմիններին իջեցված ուղղակի ցուցում-հանձնարարական համարելով. «Ինչ վերաբերում է երրորդՙ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջին, ապա ժամկետային կամ ֆորմալ առումով այն կատարված չէ», ասաց, ապա եւ մեկնաբանեց Սերժ Սարգսյանի մեկ օր առաջվա հարցազրույցի գաղտնիմաստները` ի վերջո եզրակացնելով, որ այնտեղ Հանրապետության օրվա հիշատակումը, լիցքաթափման քայլերի մասին ասված խոսքերը եւ Արդարադատության նախարարին տրված հանձնարարականի վերաբերյալ տեղեկությունը կասկածի տեղ չեն թողնում, որ իշխանությունը, միանգամայն անթաքույց նկատառումներով, որոշել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը լուծել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ. «Հետեւաբար, ըստ էության, մեր պահանջներից երկուսը կատարված են լիովին, իսկ մեկըՙ կիսով չափ, այն էլ ոչ թե բովանդակության, այլ միայն ժամկետի առումով:

Դա նշանակում է, որ երկխոսության հնարավորությունն առայժմ սպառված չի կարելի համարել, ուստիեւ առայժմ հիմք չկա փոխելու մեր մարտավարությունն ու գործողությունների բնույթը: Պատկերավոր ասածՙ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է: Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը: Երեք տարի համբերել ենք, մեկ ամիս էլ կհամբերենք», ասաց նա` վստահություն հայտնելով, որ Նիկոլն ու Սասունը կհասկանան, որ մեկամսյա ուշացումն այն սկզբունքային հարցը չէ, որի համար արժե փչացնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացմանն ուղղված եւ արդեն իսկ հաջողություններ արձանագրած լրջագույն գործը:

Ահա այն հիմնական ուղերձը, որին սպասում էին հանրահավաքի եկած մարդիկ, եւ որը, չի կարելի ասել` բավարարեց բոլորին, որովհետեւ Տեր-Պետրոսյանի խոսքի այս ավարտին նրա համախոհների ողջույններին միանում էին նաեւ հավանություն չտալու սուլոցներ, իսկ ինձ մոտիկ կանգնած գյումրեցիների մի խումբ բարձրաձայն դժգոհում էր.«Բլեֆ կենե, սոցիալական խնդիրներից խոսի, ինչքան համբերենք»: Բացի այդ` Տեր -Պետրոսյանի ելույթը ստեպ-ստեպ ողջունելով` նրա կողմնակիցներից շատերը չէին դադարում վանկարկել` «հիմա-հիմա», չնայած Տեր-Պետրոսյանը, ավելի վաղ թվելով այն խնդիրները, որոնք պետքէ լուծվեն, ասել էր. «Այդ խնդիրները մենք ենք լուծելու դրության թելադրած երկու ճանապարհներից մեկովՙ կա՛մ երկխոսությամբ ու ազգային համերաշխության կայացմամբ, կա՛մ էլՙ ֆիզիկական առճակատմամբ, որի անկանխատեսելի հետեւանքները աղետաբեր կարող են լինել ժողովրդի ու երկրի համար: Մենք նախընտրում ենք առաջին ճանապարհը եւ վստահ ենք, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը նույնպես միանշանակորեն կողմնակից է այդ ճանապարհի»: Նա նաեւ հասցրեց շշպռել մի ական-ավոր (իր բաժանումն է) գործչի, որը մեկ օր առաջ խոսել էր ՀԱԿ-ի արած հաշվարկների եւ իշխանություններին նվազագույն եւ իրականանալի պահանջներ ներկայացնելու մասին. «Օգտվելով մոդայիկ շախմատային եզրաբանությունից` եթե երեք պահանջ ներկայացնելով, մենք իշխանությանը շախ էինք հայտարարել, ապա վերջինիս համար ի՞նչ դժվար էր շախից դուրս գալ եւ, կատարելով մեր մտքով չանցնող մի չորրորդ պահանջ, մեզ մատ աներ. ասենք, ձերբակալեր ու Հաագայի դատարան հանձներ Քոչարյանին»: Հուշենք, որ խոսքը Վահան Հովհաննիսյանի մասին է, իսկ ՀԱԿ առաջնորդի այս անդրադարձն խոսում է այն մասին, որ նա, այնուամենայնիվ, չափից դուրս վախենում է իր էլեկտորատը կորցնելուց կամ ուրիշին զիջելուց, ինչը լրիվ հնարավոր է այս նոր իրավիճակում: Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ տես «Ազգ-օնլայնում» :

Սակայն հանրահավաքի հարթակից մյուս խոսողները մի քիչ տարբեր, կարծես նոր իրավիճակին հարմարվող շեշտադրությամբ էին խոսում. Լեւոն Զուրաբյանն ասում էր, թե ժողովուրդը գործոն է դարձել, օրակարգ է թելադրում եւ դառնում է իր բախտի տերը` հանձին ՀԱԿ-ի, նրա պահանջների հետ հաշվի են նստում, Հրանտ Բագրատյանը տնտեսության վատ վիճակի ու ժողովրդի աղքատացման հարցը լուծող էլի մի ելք էր տեսնում միայն` իշխանափոխությունը, Արամ Զ. Սարգսյանը չնայած իր ելույթի էմոցիոնալ հատվածի` տոնը պահեց ու մեջբերեց Վազգեն Սարգսյանին, թե Վազգենը ասում էր` կան հարցեր, որոնք ազգովին են լուծվում, եւ առանձին լուծելով կորուստներ կունենանք: Ստեփան Դեմիրճյանի ձայնն էր խզված` բոլորովին չխոսեց: Իսկ ամենասկզբում հանրահավաքը բացած Արամ Մանուկյանն ուրախանում էր, թե Ազատության հրապարակը վերջապես վերադարձվեց իր օրինական տիրոջը: Ասենք, որ հանրահավաքի մասնակիցներն ավելի քիչ էին, քան անցած անգամ, երկու արձանների միջակայքն էին լավ լցրել` գումարած խոտերի վրա պառկած արեւածաղիկ չրթողները: Աչքի էր զարնում նախկին պաշտոնյաների առատությունը, ի տարբերություն նախորդ հանրահավաքների, երեւում է` առարկայական սպասումներ ունեցողները քիչ չեն: Հանրահավաքն ավարտվեց երթով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4