«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2011-04-27 | #75, 2011-04-28 | #76, 2011-04-29


«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐԸ ԲԱՑԵՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԴՌՆԵՐԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց բացման արարողությանը

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մայրաքաղաքի մարզակառույցների թիվն ավելացավ եւս մեկ ինքնատիպ մարզահամալիրով: Երեկ Շենգավիթ համայնքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական եւ մարզաուսումնական համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Դա հայտնի գործարար, «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի որդուՙ Միքայելի հերթական նախաձեռնության իրագործումն էր, որի նպատակը բնակչության առողջ ապրելակերպի, հանգստի եւ ժամանցի ճիշտ կազմակերպման համար եւս մեկ հնարավորություն ստեղծելն է:

Հանրապետության նախագահը շրջել է «Գրանդ հոլդինգ» ձեռնարկությունների խմբի մաս կազմող մարզահամալիրում, ծանոթացել է պայմաններին: Նշվել է, որ «Գրանդ սպորտի» բոլոր մարզադահլիճները կառուցված են միջազգային չափանիշներին համապատասխան, մարզահամալիրում աշխատում են միջազգային որակավորում ունեցող մարզիչներ:

Մարզահամալիրը զբաղեցնում է մոտ 7 հազար ք.մ. տարածք, որից 3200 ք.մ. զբաղեցնում է եռահարկ շինությունը: Բակում կառուցված են ամառային վոլեյբոլի խաղահրապարակ եւ մեծ թենիսի կորտեր, կա ավտոկայանատեղի, իսկ մոտ 600 ք.մ.-ը կանաչ տարածություն է, որտեղ կարելի է զբոսնել ու հանգստանալ մարզումներից ու պարապմունքներից հետո: Այս մարզահամալիրը փաստորեն Շենգավիթ եւ Էրեբունի համայնքների մարզաառողջարարական եւ մարզաուսումնական միակ եւ առաջին մեծածավալ համալիրն է: Ուստի հենց այդ պատճառով էլ «Գրանդ հոլդինգի» ղեկավարն ընտրել է այս համայնքը: Մարզահամալիրի շինարարության վրա մոտ 7 մլն դոլարի ներդրում է կատարվել:

Մարզահամալիրում կգործի FIBA-ի չափանիշներին համապատասխանող բասկետբոլի խաղահրապարակ, որտեղ կարող են անցկացվել նաեւ վոլեյբոլի եւ ֆուտզալի մրցումներ: Դահլիճում կա նաեւ ալպինիզմով զբաղվելու հնարավորություն: Ուժային մարզասարքերի դահլիճը համալրված է հատուկ «Գրանդ սպորտի» համար պատվիրված մարզագույքով:

Մարզահամալիրում կա ուժային մարզասարքերի եւս մեկ դահլիճ, որը նախատեսված է ընտանեկան այցելությունների համար: Մարզասարքերն աշխատում են օդով եւ անաղմուկ են: Կա երկու սքվոշ կորտ: Այս մարզաձեւը Հայաստանում առայժմ տարածում չունի: Արտերկրից հրավիրված մասնագետների ցուցումներով կառուցված այդ կորտերը միակն են հանրապետությունում: Բիլիարդի սրահում տեղադրված են ռուսական եւ ամերիկյան տեսակի սեղաններ: Ցանկացողները մարզահամալիրում կարող են զբաղվել նաեւ հրաձգությամբ, ծանրամարտով, լողով: 25 մետրանոց լողավազանը չորս լողուղի ունի: Այն նախատեսված է նաեւ ակվաաերոբիկայի համար: Գործում է նաեւ ծովափնյա վոլեյբոլի խաղահրապարակը, որի համար արտերկրից ներկրվել է ծովափնյա հատուկ ավազ:

Համալիրից օգտվողները հնարավորություն կունենան հաճելի ժամանց անցկացնել նաեւ բար-սրճարաններում, ինչպես նաեւ շոգեհարվել շոգեբաղնիքում: Չեն անտեսվել նաեւ փոքր երեխաները: Մինչ ծնողները զբաղված կլինեն իրենց առողջության ամրապնդմամբ, երեխաներին մասնագետները կզբաղեցնեն տարբեր խաղերով:

Բնականաբար մարզահամալիրի ծառայությունները վճարովի են: Գործելու է գնային երկու սանդղակ: Մատչելի գներ կսահմանվեն ֆիքսված գրաֆիկով մարզական խմբակների համար: Իսկ անհատական մարզչով այցելուներն ավելի բարձր գին կվճարեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4