«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2011-04-27 | #75, 2011-04-28 | #76, 2011-04-29


ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՍՊԱՆՎԱԾ ԹՈՒՐՔԱՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ

Չի բացառվում, որ այս սպանությունը թուրքական ժխտողականության արձագանքը լինի

Այս տարի ապրիլի 24-ին Ստամբուլում, Անկարայում, Բոդրումում եւ Դիարբեքիրում կազմակերպվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: «Ռասիզմին եւ ազգայնականությանըՙ ոչ» նախաձեռնության կազմակերպած միջոցառումների կազմակերպիչները ցեղասպանության հետ դատապարտել են նաեւ ժխտողականությունը, պահանջելով թուրքական պետությունից վերջ տալ ժխտողականությանը:

Նույն օրը Բաթմանի Կոզլաք գավառի մոտակայքում տեղակայված զորամասում զորացրվելուց 15 օր առաջ սպանվեց թուրքահայ շարքային զինծառայող Սեւակ Շահին Բալըքչըն: Հուղարկավորությունը ապրիլի 27-ին տեղի ունեցավ Կ. Պոսլո Սբ Վարդանանց եկեղեցում: Սեւակին հողին են հանձնել Շիշլիի հայկական գերեզմանոցում: Երեկ թուրքական թերթերը, նաեւ հեռուստաալիքները անդրադարձել էին թաղման արարողությանը, որին վարչապետ Էրդողանի կառավարության անունից մասնակցել է պետնախարար Էգեմեն Բաղըշը, իսկ թուրքական զինված ուժերիՙ գնդապետի կոչում ունեցող 30 զինծառայող: Արարողությունը հանդիսապետել է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Արամ արք. Աթեշյանը, միաժամանակ ներկա է եղել հանգուցյալ Հրանտ Դինքի այրինՙ Ռաքել Դինքը:

Թեեւ ծառայության վայրից Սեւակի ծնողներին տեղեկացրել էին, որ նա սպանվել է պատահական գնդակից, սակայն հուղարկավորության օրը նրա սգակիր մայրը, «Բիանեթ» կայքէջի վկայությամբ, հայտարարել է. «Չեմ հավատում, որ իմ որդին ապրիլի 24-ին սպանված լինի պատահական գնդակից»: Պատահական գնդակի վարկածին չեն հավատում նաեւ Սեւակի նշանածըՙ Մելանին, եւ նրա մայրըՙ Հռիփսիմե Հակոբյանը:

Համենայն դեպս ապրիլի 26-ին տիկին Հռիփսիմեն զանգահարել է «Այդընլըք» թերթի հեղինակ Մեհմեդ Ֆարաչին եւ ասել. «Մեր փեսային սպանեցին»: Այնուհետեւ նույն բանը կրկնել է Մելանին, միաժամանակ պատմելով, թե անցյալ ամիս զորամասի հրամանատարը ինչպես է ծեծել իր նշանածին, որին այնուհետեւ սպառնացել ենՙ կվառենք քեզ:

Անկախ Սեւակի հարազատների կասկածներից, առ այսօր չի հրապարակվել սպանության դատաբժշկական փորձաքննությունը, ոչ էլ հայտնում են պատահական կրակոց արձակող զինծառայողի անունը, որն իբր Սեւակի ընկերն է, եւ նա կրակոցն արձակել է թյուրիմացաբար, ընկերոջ հետ կատակելիս:

Ապրիլի 24-ը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունը: Չի բացառվում, որ թուրքահայ զինծառայողի հենց ապրիլի 24-ին կատարված առեղծվածային սպանությունն էլ թուրքական պետության յուրատեսակ ազդանշանը լինի հայերին եւ խորհրդանշի Թուրքիայի ժխտողականությունը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4