Նման տեսակետ հայտնեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կենտրոնական բանկում հանդիպում ունեցավ բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին գնաճի, երկրի ֆինանսական կայունության եւ մակրոտնտեսական իրավիճակի խնդիրները: Դրանց մասին լրագրողներին պատմեցին հանդիպման մասնակիցները:
Հայաստանի բանկերի միության նախագահ եւ «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը նշեց, որ քննարկված հարցերի թվում են եղել նաեւ օրենսդրական փոփոխություններըՙ կապված դատական համակարգի, հարկադիր կատարման ծառայության եւ սնանկացման հետ, որոնք հնարավորություն կստեղծեն բարձրացնելու վարկունակության մակարդակը: Հայաստանի բանկերի միության նախագահը հայտնեց, որ ինչպես գյուղատնտեսության վարկավորման ծրագրի դեպքում, ապագայում հնարավոր են նման ծրագրեր արդյունաբերության համար: Նախագահի հետ քննարկել են մակրոտնտեսական կայունության ապահովման ուղիները դրամավարկային քաղաքականության եւ կառուցվածքային բարեփոխումների միջոցով: Ըստ Աշոտ Օսիպյանի, երկարաժամկետ ապագայի համար կարեւորվել են կառուցվածքային բարեփոխումները: Նա նաեւ նշեց, որ ներկայումս մրցակցության մակարդակը բանկային համակարգում բարձր է, 2010-ին վարկերի տոկոսադրույքներն իջել են 2-3 տոկոսով:
«Անելիք» բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի խոսքով, բանկիրները գոհ են նախագահի հետ հանդիպումից: Նա տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում վարկավորման ծավալների մեծ աճ է գրանցվելՙ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 14-15 տոկոսով:
Գյուղատնտեսության վարկավորման ծրագրերի մասին առավել մանրամասն խոսեց «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկի վարչության նախագահ Ստեփան Գիշյանը : Նրա հաղորդած տեղեկատվության համաձայն, այս տարվա ապրիլի 1-ից գյուղացիներինՙ 3450 ընտանիքների տրամադրվել է 2,1 մլրդ դրամ վարկ: Դրանք տրամադրվել են 14 տոկոսով, որից 4 տոկոսը սուբսիդավորել է պետությունը, իսկ գյուղացիներին դրանք հասնում են 10 տոկոսով: Որոշ բարձրլեռնային եւ սահմանային համայնքներում պետությունն իր վրա է վերցնում 6 տոկոսի սուբսիդավորումը, եւ գյուղացիներին վարկերը հասնում են 8 տոկոսով: Վարկերը տրամադրվում են դրամով: Ստեփան Գիշյանի դիտարկմամբ, վարկերը մեծ պահանջարկ ունեն, եւ բանկի մասնաճյուղերը ստիպված են լինում աշխատել նաեւ շաբաթ օրերին: Վարկերի միջին չափը կազմում է 600 հազար դրամ: Բարձր է դրանց վերադարձելիությունըՙ ավելի քան 99 տոկոս: Ստեփան Գիշյանը կարծիք հայտնեց նաեւ, որ ծավալների ավելացման հետ վարկերի տոկոսներն իջնելու միտում ունեն:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձավ գնաճի խնդրին, ասելով, որ միջազգային գների կոնյունկտուրայով եւ գյուղատնտեսության մեջ գների որոշ նվազման հետեւանքով տարեվերջին հնարավոր է, որ ունենանք ներկայիս գնաճի կեսին մոտ գնաճ: Ի դեպ, գնաճի զսպման հարցում Կենտրոնական բանկի հասցեին «Էպիտետներով» հանդես եկած մարդուն (հավանաբար նախօրեին մամուլի ասուլիսով հանդես եկած Հրանտ Բագրատյանին) Արթուր Ջավադյանն անվանեց «պրոֆեսիոնալ կլիմաքս ապրող», ավելացնելով, որ նրանից պահանջելու են ներողություն խնդրել, այլապես պատրաստ են գնալ դատարան:
«Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ դրամը պետք է դանդաղ արժեզրկվի, նշանակո՞ւմ է, որ ԿԲ քաղաքականությունը փոփոխություն է կրել» հարցին Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ նախագահի ասածը երկարաժամկետ մակարդակի մասին էր, բայց կան սեզոնային գործոններ, օրինակՙ գյուղմթերքների, արտերկրից փոխանցումների հետ կապված, երբ դրամը արժեւորվում է: Ըստ ԿԲ նախագահի, Կենտրոնական բանկը հավատարիմ է «լողացող փոխարժեքի» քաղաքականությանը եւ միջամտելու է միայն կտրուկ տատանման դեպքում: «Նախագահի հայտարարությունը հասարակության կողմից ընկալվել է որպես ազգային արժույթի թուլացման քաղաքականություն, ինչը ուժեղացնում է դոլարայնացման մակարդակը: Դա չի՞ մտահոգում ԿԲ-ին», «Ազգի» այս հարցին Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ նախագահի հայտարարությունը չի նշանակում, որ Կենտրոնական բանկը ազգային արժույթի թուլացման քաղաքականություն է վարում, իսկ դոլարայնացման դեմ պայքարը տարվում է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ