Անցյալ տարի առաջին անգամ ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ապրիլի 24-ի անմեղ զոհերի հիշատակի ծաղիկների հավաքման եւ հետագա կիրառման այլընտրանքային, օգտակար, բնապահպանական եւ խորհրդանշական տարբերակ առաջարկեց եւ իրագործեց ապրիլի 27-ին, որի այս տարվա կրկնությունը սկիզբ առնող գեղեցիկ ավանդության վկայություն է:
Ուշադրությունս գրավեց հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի այն խոսքը, թե պետք է իմանալ ոչ միայն ծաղիկ դնել, այլեւՙ տանել:
Հազիվ թե որեւէ մեկն այդ օրը Ծիծեռնակաբերդ բարձրանա առանց ծաղիկների, որ մարդկային հոսքի անբաժանելի մի մաս է եւ անհրաժեշտ մաս: Հարյուր հազարավորներ անցնում են կրակի կողքով, այնտեղ թողնում իրենց ապրումի ու զգացումի մի գույն, մի հետք, մի ծաղիկ: Ու երբ հեռանում են ամենքը, եւ մութը իջնում է ու ծածկում լույս ու ստվեր, հուշահամալիրի ներսի կրակը բոցկլտում ու ասես ձայնակցում է բոլորակված ծաղիկների այն լռություն-զգացմունքին, որ իրենց է փոխանցել մեզնից յուրաքանչյուրը:
Ու լավ չէ, երբ հիշողության այս գեղեցկագույն պատկերը ամենասովորական ու առօրեական միջամտությամբ աղավաղվում-քանդվում է օրեր անց, երբ ծաղիկները թոշնում, խամրում են: Ռուբեն Խաչատրյանը անցած տարի պատմում էր, թե որքան ազդեցիկ էրՙ հիշատակի խորհրդանիշ-ծաղիկները եղաններով հավաքելու եւ որպես աղբ հուշահամալիրից դուրս տանելուՙ օտար մի քանի լրատվամիջոցների տեսանյութը: Եվ ահա ծնվում է ծաղիկներին այլընտրանքային վերաբերմունքի գաղափարը եւ առաջարկվում ծրագիրըՙ բնույթով բարոյական-մարդասիրական եւ բնապահպանականՙ նշանակությամբ: Ծրագրի հաջողությունը նախ եւ առաջ պայմանավորված է հեղինակների գաղափարական համոզվածությամբ եւ մասնակիցների ճիշտ վերաբերմունքով, ինչը այս ընթացիկ տասը տարիներին ջանադրաբար ներարկվել է երիտասարդներինՙ «Արեւորդի» էկո-ակումբների տեսական եւ պրակտիկ աշխատանքներով: Ծրագրի իրագործմանը նպաստող կարեւոր հանգամանքը աշխատանքի ճիշտ եւ կանոնավոր կազմակերպումն է: «Արեւորդի» էկո-ակումբների սաների հետ այս տարվա Ծիծեռնակաբերդի ծաղկահավաքին մասնակցեցին «Վիվասել ՄՏՍ»-ի աշխատակիցներ, ուսանողներ Երեւանի պետհամալսարանից եւ Հայաստանի ամերիկյան համալսարանից, Սայաթ-Նովայի անվ. երաժշտական դպրոցից, «Մակադամյան» հայ-կանադական ընկերությունից, «Հազարամյակի մարտահրավեր Հայաստան» կազմակերպությունից: Այս տարի նաեւ պաշտոնական բացում կատարվեցՙ մասնակցությամբ «Արեւորդի» էկո-ակումբի, «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» կազմակերպության եւ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների մասնակցությամբ: Առավոտյան սկսված ծաղկահավաքը ավարտվեց ուշ երեկոյան: Ծաղիկները խնամքով հավաքվեցին, եւ հուշահամալիրի ետնամասում տեղադրված առանձին սեղանիկների մոտ կանգնածները հատ-հատ անջատեցին ցողուններն ու գլխիկներըՙ տեսակավորելով ըստ կիրառման: Ցողուններից պատրաստվող պարարտախառնուրդը օգտագործվելու է հուշահամալիրի այգու հողամշակման աշխատանքներում: Ծաղկաթերթերը փռում էին ճերմակ պաստառներինՙ երկար տարածվող համալիրի մերձ հատվածում: Չորացնելուց հետո այդ թերթիկներն օգտագործվելու են թղթի վերամշակման մեջ, արեւորդիների ձեռքով պատրաստած բացիկների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշագրերի, շնորհակալագրերի ու հրավիրատոմսերի համար: Այս տարվա հիմնադրամի հրավիրատոմսերից մեկն, օրինակ, շատ առանձնահատուկ է. վերամշակված թուղթ-հրավիրատոմսը ինքն իրենով նաեւ ծաղկասերմի պարունակ է, որը կարելի է ցանել:
Ծաղկահավաքը ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գաղափարական դրսեւորումներից մեկն էՙ ուղղված հանրային բնապահպանական գիտակցության զարգացմանը, որպես ակցիա, ձեւի մեջ գեղեցիկ, բովանդակությամբՙ օգտակար եւ դաստիարակչական: Ծիծեռնակաբերդի ողջ տարածքը ասես ծաղկահովտի վերածված, հուշահամալիրը գույների ու բուրմունքի թարմության մեջ ներսուզված, փոխվում էր զգացողություններ, տրամադրություններ:
Նախագիծը իրականացրեց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը իր գլխավոր գործընկեր «Վիվասել-ՄՏՍ» ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ