Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ անցած տարի ֆրանսիացի ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի եւ «Կադանս» անսամբլի համատեղ համերգով մեկնարկեց «Տանգո» փառատոնը Երեւանում: Փառատոնի շարունակությունը կկայանա ապրիլի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երեւանյան միջազգային «Տանգո» փառատոնի շրջանակներում կներկայացվի Ֆակունդո Ագուդինի (դիրիժոր), Մարսելո Նիսինմանի (բանդոնեոնահար) Արգենտինա, Արմեն Բաբախանյանի (դաշնակահար) եւ Շմավոն Գրիգորյանի (ֆագոտ) կատարումներըՙ նվագակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի: Ծրագրում կհնչեն Շոպենի դաշնամուրի կոնցերտ N1, Վեբերի Հունգարական անդանտե եւ ռոնդո ֆագոտի եւ նվագախմբի համարՙ Հայաստանում առաջին կատարում, Պիացոլլայի օբլիվիոն եւ Գինաստեռայի չորս պար «Էստանսիա» ստեղծագործությունները: Իսկ ապրիլի 30-ին «Մեցցո» ակումբում «Կադանս» անսամբլի հետ հանդես կգա Մարսելո Նիսինմանը իր ստեղծագործությունների կատարումով, որոնք նոր ձեւ ու հեղափոխական ոճի են, տեղեկացրեց «Կադանս» երաժշտական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանը , երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում:
Ասուլիսին բացի երաժիշտներից ներկա էր նաեւ ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Միգել Անխել Կունեոն : Դեսպանը շնորհակալություն հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, փառատոնին մասնակցող երաժիշտներին Հայաստան բերելու համար հոգածություն ցուցաբերելու խնդրում: «Ազգի» հարցին, թե հայ-արգենտինյան համագործակցության շրջանակներում ի՞նչ այլ ծրագրեր են նախատեսվում, դեսպանն ասաց. «Արգենտինայի արտաքին գործերի միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարության աջակցությամբ սկսվում է Հայաստանում Արգենտինայի դեսպանության մշակութային գործունեությունը, որը մեր երկու երկրների միջեւ կնքված համագործակցության պայմանագրի առաջին քայլերն են: Դեսպանատունը բացի մշակույթից այլ ոլորտներում էլ պատրաստվում է գործունեություն ծավալել եւ երկու շաբաթ առաջ արդեն Հայաստանում ներկայացրեցինք «Արգենտինական գինու օր» ծրագիրը»:
Արգենտինացի դիրիժոր Ֆակունդո Ագուդինը , որը երեք անգամ եղել է Հայաստանում, նշեց, որ դեռ Արգենտինայից ծանոթ է հայերին ու հայկական մշակույթին, քանի որ հայերը Արգենտինայում ունեն յուրահատուկ ներկայություն: Նա տեղեկացրեց, որ 2007-ից որոշվել է իրենց «Կոլոն» թատրոնում բեմադրել «Անուշը», որին շատ-շատ հայեր պետք է մասնակցեն: Թատրոնը փակվել է վերանորոգման պատճառով, եւ օպերայի բեմադրությունը հետաձգվել է: «Հույս ունեմ, որ 2012 թվին կբեմադրվի Արգենտինայում (մեկ այլ թատրոնում): «Անուշը» մի տեսակ ֆանտաստիկ ու բացառիկ երաժշտական երեւույթ է, որտեղ կա եւ ազգայինը, եւ դասականը, եւ այնպիսի մի յուրահատուկ համադրում, որը կունենա մեծագույն հաջողություն Լատինական Ամերիկայում», նշեց դիրիժորը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ