Ապրիլի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀԲԸՄ երեւանյան գրասենյակի կազմակերպած Ուրուգվայի «Կռունկ» համույթի «Դեպի Հայրենիք» խորագրով համերգը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի գործիչներ, բազմաթիվ սփյուռքահայեր:
1993 թ. հիմնադրված, 20-75 տարեկան 35 հոգուց բաղկացած երգչախումբը ղեկավարում է Ալվարո Հակոբյանը, որը նաեւ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարն է: «Կռունկ»-ը ելույթներ է ունեցել տարբեր երկրներում, սակայն առաջին անգամ է համերգներով հանդես գալիս մայր հայրենիքում: Երգչախմբի հյուրախաղերը մաս են կազմում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների:
«Սիրով եւ ջերմությամբ ողջունում եմ Ուրուգվայից եկած մեր հայրենակիցներին: Մենք բոլորս սրտի տրոփյունով արտասանում ենք` «Կռունկ, ուստի կուգաս, կարոտ ենք ձայնիդ»: Շնորհակալ ենք «Կռունկ»-ին, որ կարողացել է պահպանել հայ արմատը, հայ ինքնությունը եւ հայ մշակույթը, որն արդյունք է Լատինական Ամերիկայի հայ համայնքների համախմբման, հայ ժողովրդի միասնության: Խորհրդանշական է, որ Ուրուգվայն առաջինն աշխարհում ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանության փաստը, որում մեծ դերակատարում ունի Ուրուգվայի հայ համայնքը: Երկար տարիներ երգչախումբը երգում է հայի եւ Հայաստանի մասին, իսկ նրանց սիրտը Հայրենիքում է»,- իր խոսքում նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը :
Շնորհակալություն հայտնելով խմբի բոլոր անդամներին եւ ղեկավար Ալվարո Հակոբյանին ` հայ մշակույթի տարածման եւ զարգացման, հայապահպանության եւ ստեղծագործական բեղուն գործունեության համար, նախարար Հ.Հակոբյանը «Կռունկ» համույթին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
Նախարարը նշեց նաեւ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը համահայկական կազմակերպությունների հետ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 20-ամյակի կապակցությամբ նախատեսել է կազմակերպել 20 համերգ, որի բացումը փաստորեն կատարեց «Կռունկ» երգչախումբը: Ապրիլի 28-ին եւս մեկ համերգ տեղի կունենա Գյումրիի Արվեստների ակադեմիայի համերգասրահում:
Հայրենիքում իր առաջին համերգի ընթացքում համույթը կատարեց շուրջ երկու տասնյակ հայկական ժողովրդական եւ աշուղական երգեր (Կոմիտաս, Վ. Տիգրանյան, Ա. Հեքիմյան, Թ. Ալթունյան, գուսան Շերամ, գուսան Աշոտ, գուսան Շահեն եւ այլն): Հանդիսատեսի պահանջով եւ բուռն ծափողջյունների ներքո երգչախումբը ծրագրից դուրս կատարեց եւս մի քանի ստեղծագործություն: Առաջին հանդիպումից հուզված էին թե հանդիսատեսը եւ թե երգչախմբի անդամները:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ