«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2011-04-27 | #75, 2011-04-28 | #76, 2011-04-29


ՀԱՅ ԴՊՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԵՐԵՆ-ՊԱՐՍԿԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Երեկ Ազգային գրադարանում տեղի ունեցավ հայ դպրության 500-ամյակի առթիվ հրատարակված հայերեն-պարսկերեն բառարանի շնորհանդեսը: Իր տեսակի մեջ այս բառարանը առաջինն է Հայաստանում, պարունակում է շուրջ 20 000 բառ եւ արտահայտություն: Բառարանի հեղինակն է ՀՀ հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների պարսկերեն բաժնի ավագ խմբագիր Տիգրան Դավթյանը:

Իրանագիտությունը հայ իրականության մեջ հարուստ ավանդույթներ ունի: Դեռեւս Խորհրդային Միության տարիներին այն մեծ զարգացում է ապրել: Իսկ սփյուռքում` Թեհրանում, 1933թ. նոր-ջուղայեցի Տեր Գարեգին քահանա Կիրակոսյանը հրապարակել է պարսկերեն-հայերեն բառարան, որի նախաբանը գրել է հայ մեծանուն լեզվաբան Հր. Աճառյանը:

Ինչպես նշեց հեղինակը. «Մենք առաջին հերթին կանգ ենք առել հայերեն-պարսկերեն բառարանի կազմության վրա, քանի որ դրա պահանջարկն ավելի շատ է զգացվում Հայաստանի իրանագիտական շրջանակներում` ուսանողների, բանասերների, թարգմանիչների եւ գործարարների համար: Հայաստան-Իրան հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը զուգահեռ, մեզ անհրաժեշտ են գիտական եւ գրական կապերի ընդարձակում, պետական բազմալեզու քարոզչության ծավալում եւ թարգմանչական եռանդուն գործունեություն: Ապագայի համար մենք նախատեսում ենք նոր հրատարակություններ եւ տեխնիկական նորագույն հնարավորությունների կիրառում»:

Շնորհանդեսին ներկա էր Հայաստանում Իրանի դեսպանի մշակույթի գծով խորհրդական` Շաքիրան, որ իր ջերմ խոսքերով ողջունեց հեղինակին, շնորհավորեց ներկաներին բառարանի հրատարակման առթիվ:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4