Մարտեր առանց կանոնների Հայաստանի «Արմֆայթինգ» ֆեդերացիան 3 տարվա պայմանագիր է կնքել տարբեր երկրներում բնակվող հայազգի ուժեղագույն մարզիկների հետ, որոնք ընդգրկվելու են Հայաստանի հավաքականում ու այսուհետ հանդես են գալու հայկական եռագույնի ներքո: Այս մասին երեկ «Հենարան» ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսում տեղեկացրեց «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը : Ասուլիսին ներկա էին նաեւ Հոլանդիայից ժամանած մարտեր առանց կանոնների աշխարհի կրկնակի չեմպիոն Հրաչո Դարբինյանը եւ առաջատար մարզիկ Դավիթ Խաչատրյանը :
Հայկ Ղուկասյանը տեղեկացրեց, որ այս մարզաձեւում հայազգի մի շարք մարզիկներ ունենք ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հոլանդիայում, Իտալիայում: Նրանցից ուժեղագույնների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի հավաքականում ընդգրկվելու վերաբերյալ: Նրանց թվում է նաեւ Հոլանդիայում բնակվող Գեղարդ Մուսասին, որը հանդես է գալիս «Strikeforce» կազմակերպության մրցումներումՙ կրելով իր քաշային կարգում ուժեղագույնի տիտղոսը: Յուրաքանչյուր մրցամարտի համար նա մինչեւ 200 հազար դոլար պարգեւավճար է ստանում:
Ըստ Հայկ Ղուկասյանի, արտերկրում բնակվող հայ մարզիկների համար ՀՀ դրոշի ներքո հանդես գալը լավ հեռանկար է, քանի որ շատերն իրենց երկրներում հնարավորություն չունեն մասնակցելու մրցումների:
Այսօր Հայաստանի հավաքականներում ընդգրկված են մոտ 420 մարզիկներ, որոնց թվում կան նաեւ աղջիկներ: Նրանք նախկինում ձյուդոյիստուհիներ են եղել:
Մայիսի 6-ին Սիմֆերոպոլում Հայաստանի հավաքականը աշխարհի թիմային առաջնության վերջին փուլում կմրցի Ուկրաինայի հավաքականի հետ: Իսկ Դավիթ Խաչատրյանը Սիմֆերոպոլում աշխարհի չեմպիոնի կոչման համար կիսաեզրափակիչ գոտեմարտում մրցելու է ռուսաստանցի շատ ուժեղ մարզիկ Մագոմեդ Սադուլաեւի հետ: Եթե Դավիթին հաջողվի հաղթող ճանաչվել, ապա օգոստոսին աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի իռլանդացի մարզիկի հետ:
Հայկ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ ռուսաստանցի գործարար Ռաֆայել Աբրահամյանին, որոնք ֆինանսապես աջակցում են Հայաստանի «Արմֆայթինգ» ֆեդերացիային: Հրաչո Դարբինյանն ու Դավիթ Խաչատրյանը նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանի հավաքականում հանդես գալը: Նրանք խոստացան ներդնել բոլոր ուժերը Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար: