«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2011-04-27 | #75, 2011-04-28 | #76, 2011-04-29


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ 100 ԱՆՉԱՓԱՀԱՍ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ. ՆՐԱՆՑԻՑ 7-Ըՙ ԱՂՋԻԿՆԵՐ

2010 թ.-ին Հայաստանում հանցագործություն է կատարել 452 անչափահաս: Արդարադատության նախարարության (ԱՆ) Քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում հաշվառված է 100 անչափահաս դատապարտյալ. դրանցից 7-ը աղջիկներ են: Հանցագործությունների թվում գերակշռում են գողությունը, խուլիգանությունը, կողոպուտի դեպքերը, դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին վնաս հասցնելը:

2007-2010 թվականների ընթացքում 8 անչափահաս է դատապարտվել թմրամիջոց կամ հոգեմետ նյութ ապօրինի իրացնելու համար: 2009-ին 1 անչափահաս է դատապարտվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:

Անչափահաս դատապարտյալների տարիքը հիմնականում տատանվում է 16-18-ի սահմանում: 2009-ի համաներմամբ 73 անչափահաս է ազատվել պատժի հետագա կրումից:

«Անի պլազա» հյուրանոցում «Իրավախախտ անչափահասների կատարած հանցագործությունների կանխարգելմանը» նվիրված քննարկմանը ոստիկանության Վանաձորի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռուդիկ Վարոսյանի ներկայացմամբ` վերականգնողական արդարադատության շրջանակներում իրավախախտ անչափահասները որպես պատժի փոխհատուցում պետք է ներողամտություն հայցող բովանդակությամբ շարադրություններ գրեն, մարդասիրական արարքներ կատարեն: Վանաձորում Հրանտ Մաթեւոսյանի արձանը ներկած ու փչացրած անչափահասին «պատժել» ենՙ ստիպելով կարդալ Հրանտ Մաթեւոսյանի բոլոր պատմվածքները, գրել շարադրություններ, այցելել բրուտագործական արհեստանոց ու քանդակագործի հետ մասնակցել գրողի արձանի մակետի պատրաստման աշխատանքներին: Վարոսյանը համոզված է` անչափահասի ներքին աշխարհն է փոխվել. բացառվում է, որ նա հետագայում խուլիգանական որեւէ արարք կատարի: Վարոսյանը նշում է, որ անչափահասի հանցագործ դառնալու հիմնական մեղավորը ծնողն է, երբ զլանում է հետեւել երեխային, զերծ պահել չար նկրտումներից, հեռացնել վատ շրջապատի ազդեցությունից կամ լուծել նրա զբաղվածության հարցը: Դրանով նա անչափահասին մոտեցնում է մի եզրագծի, որից հետո դեռահասը կարող է դիմել հանցագործության:

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունում էլ համոզված են. երեխան հանցագործության է դիմում սոցիալական վատ պայմաններից դրդված: Դրանում ԱՆ ՔԿՀ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետի տեղակալ Լեւոն Ավետիսյանը համոզվել է` այցելելով իրավախախտ անչափահասների ընտանիքներ:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն էլ հակադրվում է.

«Կան սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքներ, որոնց երեխաները որեւէ հանցագործության չեն դիմում»: Դուրյանը համոզված է, որ գոյություն ունի երկու պայման` ընտանիքն ու անչափահասի զբաղվածության հարցի լուծումը. եւ դեռահասը չի դիմի հանցագործության:

Լեւոն Ավետիսյանի ներկայացմամբ` անչափահաս դատապարտյալների համար պարբերաբար կազմակերպում են այցելություններ մշակութային օջախներ: Դա օգնում է, որպեսզի դեռահասի մտածելակերպն ու աշխարհայացքը փոխվի:

Նելլի Դուրյանն էլ առաջարկում է 14-18 տարեկան անչափահասների համար, որոնք այսպես կոչված դաստիարակության պրոբլեմներ ունեն, ստեղծել հատուկ հիմնարկ, որտեղ նրանց նկատմամբ կդրսեւորվի հատուկ մոտեցում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4