ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՄՆ, Կոլորադո
Աշխարհում թիվ 1 ահաբեկիչ համարվող, մոտ երկու տասնամյակ «Ալ Ղայիդա» կազմակերպությունը ղեկավարած Ուսամա բեն Լադենի սպանության լուրի հետ CNN-ի «աղբյուրները», այլ մանրամասների մասին երբեւէ տեղեկանալու միակ հնարավորություն թողնելով ամերիկյանը, տեղեկացրին, որ բեն Լադենի դին սպանությունից անմիջապես հետո, «պահպանելով իսլամի ավանդույթները», հանձնվել է ծովին: Թեեւ պաշտոնապես արված հայտարարությամբ ամերիկյան ուժերը դիակը պահել են իրենց հսկողության տակ, վերոնշյալ աղբյուրները պարզաբանեցին, որ բեն Լադենի դին հանձնել են ծովին` նրա հետեւորդների ու գաղափարակիցների համար թաղման վայրը ուխտատեղի չդարձնելու նպատակով:
Մայիսի 1-ի ուշ երեկոյան, գրեթե կեսգիշերին Սպիտակ տան դիմաց մի քանի հարյուր մարդ հավաքվել ու ավելի շուտ մայիսմեկյան, քան ահաբեկչի սպանության լուրին արձագանք լինելու համատեքստում վանկարկում էին «ԱՄՆ, ԱՄՆ», ուրախության ու խնդության կոչերով, իսկ ամերիկյան հեռուստաալիքները ցուցադրում էին, քիչ անց, նմանատիպ հավաքներն արդեն Նյու Յորքում եւ այլուր:
Բեն Լադենի սպանության լուրը տարածվեց շատ արագ, եւ գրեթե մեկ ժամ որեւէ պաշտոնական արձագանք չկար: Այդուհետեւ ուղիղ եթերով հանդես եկավ ԱՄՆ նախագահը` տալով, ըստ էության, միակ պաշտոնական հայտարարությունը: Բարաք Օբաման հաստատեց Բեն Լադենի սպանության լուրը, նշելով, որ տասնամյա վաղեմության` 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պատասխանատու, «Ալ Ղայիդա» կազմակերպության առաջնորդ Օսամա բեն Լադենի սպանությունը կամ ձերբակալությունը, հենց նախագահ դառնալուց անմիջապես հետո, դարձել էր առաջնահերթություն «Ալ Ղաիդա»-ի դեմ ԱՄՆ պատերազմում»:
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից ոչ հեռու գտնվող Աբբոթաբադ քաղաքի իր թաքստոցում դիմադրություն ցուցաբերելուց հետո սպանված բեն Լադենի մահը, սակայն, ըստ Օբամայի, վերջ չի նշանակում, այն պատճառով, որ որեւէ կասկած չկա, որ «Ալ Ղաիդա»-ն կշարունակի ԱՄՆ-ի դեմ ուղղված հարձակումները:
Ընդ որում, Օբամայի խոսքերով, «ԱՄՆ-ը չէ ու երբեք էլ չի լինի իսլամի հետ պատերազմում: Բեն Լադենը մուսուլմանական առաջնորդ չէր, նա մուսուլմանների մարդասպան էր»: Պակիստանի հետ համագործակցությամբ իրականացված այդ գործողությունն ու Բեն Լադենի սպանությունը Օբաման «պատմական» որակեց, ընդ որում, որպես գործողության հիմնական դերակատարներ ներկայացնելով ամերիկյան հատուկջոկատայիններին, մինչդեռ Պակիստանից հնչող գնահատականների համաձայն` բեն Լադենի սպանությունը «պակիստանյան հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունքն է» :
Ամերիկյան հեռուստաեթերում բազմաթիվ փորձագետներ, մասնագետներ ներկայացնում էին այն ամենը, ինչ արդեն իսկ հայտնի էր Ուսամա բեն Լադենի մասին, հիշեցնելով, որ նրա պարագայում ԱՄՆ-ը գլխագին էր նշանակել 50 մլն դոլար: CNN-ի ազգային անվտանգության հարցերով վերլուծաբան Պետեր Բերգենը տասնչորս տարի առաջ հարցազրույց է վերցրել Օսամա Բեն Լադենից Աֆղանստանում ու երեկ աշխարհին հեռուստաեթերից ներկայացնում էր իր գնահատականները` նաեւ որպես անձ ներկայացնելով «Ալ Ղաիդայի» առաջնորդին:
Ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի իրականացրած գործողության մանրամասներ, բնականաբար, չհաղորդվեցին, միայն որոշ աղբյուրների համաձայն տարածվեց, որ սպանվել են եւս չորս մարդ, որոնցից մեկը` կին, ամերիկացի որեւէ զինվոր չի տուժել, իսկ «համար մեկ ահաբեկչին» սպանել են գլխին արձակած կրակոցով: Սպանության գործողություն սկսելու հրահանգը տվել է անձամբ Օբաման` դեռեւս անցյալ ուրբաթ:
«Չեմ կարծում, թե այս սպանությամբ ԱՄՆ-ը հաղթել է», ամերիկյան Կոլորադո նահանգի լիբերալ հայացքներ ունեցող փոքր քաղաքներից մեկում հեռուստացույցի առաջ հավաքված մի խումբ ամերիկացիներ այսպիսի մտքեր էին արտահայտում հենց այն պահին, երբ Բարաք Օբաման հայտարարություն էր անում Սպիտակ տնից: «Սա իրադարձություն է, բայց հիմա ինչպե՞ս է լինելու Աֆղանստանի հարցում, ի՞նչ պետք է անի ԱՄՆ-ը, ինչ է արվելու Իրաքում առկա ստորաբաժանումների հետ»:
«Ես երբեք չէի մտածի, թե այս օրը կգա, երբ կսպանվի կամ կձերբակալվի բեն Լադենը», իրենց ուրախությունն այսպես էին ներկայացնում Նյու Յորքում սեպտեմբեր 11-ի ժամանակ Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ շենքերի տեղում մնացած «Զրո մակարդակ» կոչվող վայրում հավաքվածները CNN-ի եթերում:
Բեն Լադենի սպանության համար վրեժխնդրությունից զգուշանալու պատճառով ԱՄՆ իշխանությունները արտերկրի ամերիկյան դիվանագիտական առաքելություններում մեծացրել են անվտանգության հանդեպ ուշադրությունը, հավանական է համարվում, որ որոշ երկրներում գործող ԱՄՆ դեսպանատները մի քանի օրով կփակվեն: