Կահիրեի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կիրակի օրըՙ ապրիլի 24-ին սուրբ Զատիկի պատարագի ընթացքում ձեռամբ եգիպտահայ թեմի առաջնորդ Տ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի «Սբ Սահակ-Սբ Մեսրոպ» մեդալ է շնորհվել Կահիրեի ՀԲԸՄ-ի Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի ատենապետ եւ ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի պատվո ատենապետ Պերճ Թերզյանին:
Թերզյանն այդ մեդալին եւ կաթողիկոսական կոնդակին արժանացել էր դեռ 2010 թվականի հոկտեմբերին: Նա 1964-ից անդամ է ՀԲԸՄ-ին եւ Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովում զանազան պաշտոններ վարելուց հետո 1988-ից դարձել է նրա ատենապետը, իսկ 1992-ից 2002-ըՙ ձեռնհասությամբ վարել է ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղի ատենապետությունը: 1975-1992 թվականներին եղել է անդամ Կահիրեի թեմական եւ քաղաքական ժողովների, իսկ 2003-06 թվերինՙ ատենապետ քաղաքական ժողովի:
1999-ին ստացել է Մաշտոցի անվան Մատենադարանի հատուկ վկայագիրը եւ Մեսրոպ Մաշտոցի հուշամեդալըՙ գիտահրատարակչական աշխատանքներին սատարելու համար: 2007-ին ստացել է նաեւ ՀՀ նախագահական շնորհակալագիրՙ Կահիրեում ՀՀ դեսպանատանը սատար կանգնելու համար: Թերզյանը մեծ ներդրում ունի արաբերեն լեզվով «Արեւ» եւ այժմ «Արեգ» պարբերականների հիմնադրման գործում: Նա մշտական հոդվածագիրներից է եւ պարբերականի հայկական թեմայով հոդվածների գլխավոր խորհրդատուն:
Շնորհավորում ենք:
Հ. Ծ.