Խոսքի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2011թ.ՙ «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը երեկ Ժուռնալիստների միությունում շնորհվեց «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին` հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման եւ խիզախության համար:
Մրցանակակրին ընտրել են Ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպությունն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:
«Մամուլը միշտ ազատ է ու պետք է օգտվել այդ ազատության հնարավորությունից: Ես միշտ ասում եմ` եթե լրագրողներն իրենց խմբագրություններում եւ հեռուստաընկերություններում պայքարեն խոսքի ազատության համար, այսօր մեր հեռուստաընկերությունների վիճակն այսպես չէր լինի: Պետք է ներսում պայքարել իրավունքների համար: Դուք էգոիստ եք (նկատի ունի հեռուստատեսության լրագրողներին- Հ.Հ.), հարվածը թողել եք դրսում, այդպես չի կարելի: Պետք է ազատության համար կրել հավասար պատասխանատվություն», ասաց Էդիկ Բաղդասարյանը` հավելելով, որ մի քանի օր առաջ զրուցել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողի հետ, որը դժգոհում էր, որ չի կարողանում ազատ ու անկաշկանդ ստեղծագործել:
Հ. Հ.