«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2011-05-03 | #79, 2011-05-04 | #80, 2011-05-05


ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՆԵՍԹ-Ի ՀԻՄՆԱԴԻՐ ՆԻՍՏԸ, ՈՐՏԵՂ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ

Մայիսի 3-ին մեկնարկած ԵՎՐՈՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին, ի թիվս արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգային պատվիրակությունների, նաեւ մասնակցում էր Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությունը` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության` ողջույնի խոսքով հանդես եկած Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի խոսքից հետո ելույթ են ունեցել ԵՎՐՈՆԵՍԹ-ի խորհրդարանների ղեկավարները, ընդ որում` առաջինը ելույթ ունենալու հնարավորություն ունեցել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նախ շնորհավորել է ներկաներին` նշանակալից իրադարձության առթիվ, նշելով ԵՎՐՈՆԵՍԹ-ի այն ինքնատիպությունը, որ արեւելյան գործընկերները ոչ թե անդամակցում են արդեն իսկ գոյություն ունեցող եվրոպական կառույցի, այլ իրենք են նման կառույցի հիմնադիրը դառնում. «ԵՎՐՈՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովը կլինի այն հարթակը, որը հնարավորություն կտա խորհրդարանական գնահատական տալ Արեւելյան գործընկերությանը եւ արտահայտել մեր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ հիմնարար արժեքներին, հասնել փոխվստահության մթնոլորտի ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատմանը: Այդ համատեքստում Եվրոպան իր բազմազանությամբ համերաշխության հաստատման լավագույն օրինակն է», ասել է Հ. Աբրահամյանը` հավելելով, թե Հայաստանը մեծ նշանակություն է տալիս նաեւ միջմշակութային երկխոսությանը տարածաշրջանում` տարբեր կրոնական ու էթնիկ համայնքների միջեւ վստահության եւ համագործակցության մթնոլորտի հաստատման միտումով. «Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը, մեր բոլորի համոզմամբ, այն ատյանն է, որի միջոցով մենք կարող ենք աջակցել Եվրոմիության Արեւելյան գործընկերության քաղաքականության իրականացմանը, արձանագրել առաջընթաց եւ կանխատեսել մարտահրավերները: Այն նաեւ յուրահատուկ ֆորում կդառնա տեղեկատվության եւ փորձի փոխանակման համար, կդյուրացնի փոխըմբռնումը, ընդհանուր դիրքորոշումների մշակումը Եվրոխորհրդարանի եւ գործընկեր պետությունների խորհրդարանների միջեւ»:

Հ. Աբրահամյանը նկատել է, որ Հայաստանի դավանած քրիստոնեական արժեքները, պատմական եւ լեզվամշակութային գործոններն ապահովում են մեր երկրի ներկայությունը Եվրոմիության հաստատությունում` կրկին վերահաստատելով Հայաստանի` եվրոպական մեծ ընտանիքի անբաժանելի մաս լինելու հանգամանքը, իսկ Եվրոմիության քաղաքացի մոտ մեկ միլիոն մեր հայրենակիցների ամբողջական ինտեգրումը Եվրոպայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին` դրա լավագույն ապացույցն է նկատել. «Այս առումով մենք կարեւորում ենք մեր քաղաքացիների համար Եվրոմիություն մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանն ուղղված գործընթացը», ասել է նա` շեշտելով, որ դեռեւս մեկ տարի չի անցել այն օրվանից, երբ Հայաստանը Եվրոմիության հետ սկսեց Ասոցացման համաձայնագրի կնքման գործընթացը, եւ այժմ հաջողությամբ ավարտվել է բանակցությունների արդյունքում մշակված տասնվեց բաժին. «Եկեք օգտագործենք այս եզակի հնարավորությունը, որպեսզի արագացնենք այս գործընթացը, այլ ոչ թե փորձենք ԵՎՐՈՆԵՍԹ-ը դարձնել անիմաստ վիճաբանությունների բեմ: Ազնվորեն հավատացած եմ, որ ԵՎՐՈՆԵՍԹ-ի խնդիրներից է` ներգրավել Բելառուսին այս գործընթացում եւ փորձել խրախուսել հետագա բարեփոխումներն այդ երկրում, որպեսզի Բելառուսի պատվիրակությունը մոտ ապագայում զբաղեցնի ազատ պահված տեղերը»:

Ապա Հայաստանի Ազգային ժողովի նախագահը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ մեր Ազգային ժողովն արդեն ավարտում է նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները` համապատասխանեցնելով այն Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ պարունակվող առաջարկություններին, մեր երկրում արդեն ուժի մեջ է մտել «Խոսքի եւ հավաքների ազատության մասին» նոր օրենքը. «Ավարտելով ելույթս` ցանկանում եմ հստակ ընդգծել, որ ես ԵՎՐՈՆԵՍԹ-ի խորհրդարանական ձեւաչափը դիտարկում եմ ոչ թե որպես ինքնանպատակ կառույց, այլ համագործակցության կամուրջ, որը անցնելու վճռականությունը Հայաստանն ունի»:

Խորհրդարանների ղեկավարների ելույթներից հետո ստորագրվել է ԵՎՐՈՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտը եւ ընդունվել է կանոնակարգը: ԵՎՐՈՆԵՍԹ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ընտրվել է ԵՎՐՈՆԵՍԹ-ի ԽՎ-ի փոխնախագահ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4