«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2011-05-05 | #81, 2011-05-06 | #82, 2011-05-07


Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՆՈՐ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կրպակավարները սկսել են բողոքել, թե այն թերթերը, որ «զանգվածաբար» վաճառվում էին, վերջին ամսվա ընթացքում մնում են կրպակներում: Նրանք բերում էին այս կամ այն թերթի մեկ ամիս առաջվա ու հիմիկվա վաճառքի թվերը, որոնք խոսուն են: Մի երկու կրպակից էլ հարցրի` նույն պատկերն էր : Սա ցուցիչ է: Իհարկե` թերթերի վաճառքի մշտական մոնիթորինգները քաղաքական իրադարձությունների վերեւ-ներքեւ կորերի ժամանակ վաճառքի ակտիվացում-նվազում միշտ էլ արձանագրել են: Սակայն այն պարագայում, երբ ՀԱԿ-ը դեռ մեկ միտինգ առաջ բավական բազմություն էր հավաքում, ՀԱԿ-ամետ թերթերը լավ վաճառվում էին, իսկ հիմա, երբ երկխոսում է իշխանության հետ` վաճառքի անկման մեծ ցուցիչ են ցույց տալիս: Սա խոսում է ակտիվ զանգվածի հիասթափության մասին` իշխանություն-ՀԱԿ երկխոսության ֆոնին, ինչը չնկատելն ուղղակի հնարավոր չէ: Շատերն այս առիթով բացատրում են, որ քաղաքական ուժերը սեփական խնդիրները լուծելով, զանգվածների խնդիրների լուծումը հերթական անգամ առանց լուծելու են թողնելու, ինչն էլ նվազեցրել է ոչ միայն նրանց, այլեւ նրանց մասին ամեն օր գրող մամուլի հանդեպ հետաքրքրությունը: Մի խոսքով` ՀԱԿ-ի տրանսֆորմացիան, ինչպես տերմինավորեց ոչ անհայտ մի «հեղափոխական», արդեն իսկ բացասաբար է ազդել ՀԱԿ-ի համակիրների վրա, որոնք հիմա թերթերից են հրաժարվում, վաղն էլ «Ազատության» հրապարակ ու ընտրությունների չեն գա:

Ասենք, որ մեր վերլուծաբանների հատվածական ոգորումները` Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչ միայն ներքաղաքական հարթության դերակատարներով ու միայն նրանց խաղացած շախմատով բացատրելու, արդեն հնացած կամ նվազագույնը` միակողմանի են, քանի որ ընդամենը եթե մի փոքր հեռավորությունից կամ բարձրությունից նայենք Հայաստանի քաղաքական զարգացումների մակետին, այդ բացատրությունները շատ թերի կթվան եւ շղթայի տարբեր մասերում գտնվող առանձին օղակների առկայծումների երեւույթը կունենան, քանի որ մոտիկ տարածությունից ողջ շղթան նկատելը շատ դժվար է, հատկապես կարճատեսության պարագայում: Մինչդեռ պատմության, աշխարհագրության եւ աշխարհաքաղաքականության համադրումն այլ հայացք ու այլ մոտիվացիա կգտնի կատարվողում:

Մեր տարածաշրջանի գլխավոր խաղացողների առումով երկու հանգամանք այս պահին ազդում են մնացած խաղացողների հետ կատարվողի վրա. առաջինՙ գլխավոր խաղացողները զբաղված են Մերձավոր Արեւելքով ու այնտեղ իրենց պատառին տեր կանգնելով, եւ երկրորդ` Ռուսաստանում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եկող տարի համապետական նշանակության ընտրություններ են, այս խաղացողների պահվածքն իրենց երկրների ներսում եւ արտաքին քաղաքական ոլորտներում նախընտրական է, ինչով պայմանավորված` նրանք իրերի ներկա դրությունն (եթե կուզեք` ստատուս քվոն) առանձնապես չեն ուզենա փոխել աշխարհի նոր մի հատվածում, դրա համար ոչ ժամանակ , ոչ էլ հավես ունեն: Բացի դրանից` Մերձավոր Արեւելքում աշխարհի վերաբաժանման փորձերը նրանց ժամանակավորապես կտրել են բոլոր մյուս խնդիրներում գործուն լինելուց, ահա եւ Հայաստանում եւս մի փոքրիկ, մի կես տարվա ժամանակ ենք ստացել ` կարգի գցելու մեր տունը: Այս իմաստով` մերոնց թվում է միայն, որ երկու հոգով ներքաղաքական դաշտում շախմատ են խաղում, իրականում, շախմատի տախտակի վրա թենիսի զուգա, ես կասեի, եռախաղ է` ամեն կողմից թաքնված մեծ խաղացողների կիսահարվածներով: Ուղղակի մեծ խաղացողները մի քիչ գլուխ են պահում` իրենց գործերով զբաղված, մերոնք էլ ձեւ են անում, որ ինտելեկտուալ խաղով` շախմատով են զբաղված: Զուգախաղացողները կակտիվանան` իրենց սեփական երկրներում եւ Մերձավոր Արեւելքում խնդիրները լուծելուց հետո: Այնպես որ շախմատիստներից մեկին` ՀԱԿ-ն բզբզող տիկին Յովանովիչն իր մաքսիմում ծրագիրը` ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը` առանց այս պահին ոչ հարմար սրացումների, կարող է կատարված համարել: Համմարբերգը կարող է հանգիստ շունչ քաշել, իրեն ոչ ոք չի դատափետի մայիսի 9-ին սպասվելիք զեկույցում «քաղբանտարկյալ» եզրույթը չօգտագործելու եւ առհասարակ` իշխանությունների հանդեպ հանդուրժողական ձեւակերպումներով խոսելու համար, իսկ իշխանությունն էլ թաքուն կարող է տոնել իր «իմաստուն» պահվածքի հաղթանակը, բացահայտ ասելով` ինչ հարմար է, քանզի լուծեց անլուծելի թվացող` դիմակայության խնդիրը: Նախ` տեւաբար դիմանալով ընդդիմության ճնշումներին եւ թուլացնելով նրան, այժմ էլ արդեն` իշխանությունից մաս հանելու խոստումով սանձելով արդեն թուլացածին, իր համար թողնելով միայն ներկոալիցիոն կնճիռների հարթումը: Վերադառնալով վերջին խնդրին` հեռվից գանք: Մի քանի անգամ ասել ենք, եւ նորից կրկնում ենք` Հայաստանի երեք նախագահները, լինելով երկրի ղեկի մոտ, այնքան տեղական եւ միջազգային գաղտնիքների են տիրապետում, որ դրանց օգտագործումը տեղական եւ միջազգային նշանակությամբ, տարբեր ժամանակներում նրանցից տարբեր անձերի վրա «ստավկա» անելով, տեխնիկայի հարց է: Իսկ թե ինչպես եւ ի՞նչ ճանապարհով եւ այս պահին ո՞ւմ վրա «ստավկա» կանեն ներսում ու դրսում` այ այս մի խնդիրն էլ կախված կլինի միշտ մեր հասարակությունից, նրա` խաբվելու կամ չխաբվելու պատրաստակամությունից կամ կարողությունից, ոնց կուզեք հասկացեք: Ներկա դեպքում պարզ է, որ մեր հասարակության` փոփոխությունների կարոտ զանգվածը սխալ խաղադրույք է արել: Բայց դրանում պետք է ինքն իրեն մեղադրի եւ ոչ մեկ ուրիշի, քանի որ երբ մարդ մի անգամ է խաբվում, ասում են` պատահեց, երկրորդ եւ երրորդ անգամ խաբվելու պարագայում շատ հայտնի բնորոշումներ կան, որն ուզում եք` օգտագործեք:

Իսկ թե կոալիցիան ընտրությունների գնալու է միասնակա՞ն, թե՞ առանձին ցուցակներով, ո՞վ է կազմելու նրա ցուցակները (պարզ չէ՞, թե ո՞վ- Մ.Խ.), սրանք մանր-մունր հարցեր են` Արամ Մանուկյանի ասած երկիր փրկելու համեմատ: Ավելի շատ պետք է մտածել այն մասին, թե ո՞վ է դառնալու արմատական ընդդիմության իրավահաջորդը, ո՞ւմ են մղում այդ դաշտ: Արդյո՞ք այդ ռոտացիան տեղի կունենա 2012 թվականին խորհրդարան չանցած ուժերի հաշվին, որովհետեւ նորմալ ընտրությունների դեպքում թերեւս կարելի կլիներ արմատական ընդդիմություն պատկերացնել խորհրդարանում: Սակայն Հայաստանում, անկախ նրանից Վենետիկի փորձագետների եզրակացությամբ ինչ սիրուն ընտրական օրենսգիրք կունենանք կամ չենք ունենա, հազիվ թե խորհրդարանում արմատական ընդդիմադիր հայացքներ ունեցողներ լինեն: ՀԱԿ-ն խորհրդարան անցնելով` կդառնա կառոցողակա~ն ընդդիմություն: Մինչդեռ այսօրվանից պետք է մտածել իշխանությանը հավասարակշռող ընդդիմություն ունենալու մասին, այլապես ՀԱԿ-ն արդեն տեղաշարժվում է դեպի կենտրոն, իսկ նրա տեղը բաց է մնում` Քոչարյանի ականջը կանչի: Մեր կարծիքով այդ բացը կլրանա այս տարվա աշնան ամիսներին, ինչպես, ի դեպ, ներքաղաքական շատ խնդիրների լուծումը կհետաձգվի արդեն հենց այդ ամիսներին, ընտրական տարին սկսելուց առաջ մի վերջին անգամ գույքագրելով մեր քաղաքական դաշտը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4