Օրերս լույս է տեսել (Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի» հր.) ճանաչված բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանի նոր` «Որպես մի դարձող բանազավր» խորագրով ժողովածուն, ուր ընդգրկված են հեղինակի նախորդ` «Բանի բարիտոնը: Երկրի բարիտոնը» գրքից (2007թ.) հետո գրված ստեղծագործությունները` բանաստեղծություններ, դրամատիկական չափածո ասք, թարգմանություններ ռուս եւ եվրոպա-ամերիկյան հեղինակներից:
Հ. Ալեքսանյանը ինտելեկտուալ պոեզիայի ակնառու ներկայացուցիչներից է, նրա չափածո բանախոհությունն ունի հայկական ցայտուն դրոշմ, բայց եւ իր շատ գծերով միտված է բանաստեղծության համընդհանրական նորակերտմանը: Իրական-հոգեւոր փաստերի գեղարվեստական վերացարկմամբ բանաստեղծն ուրվապատկերում է մի խոսուն ու հագեցած աշխարհ, ուր անհատն իրեն պաշտպանված է զգում ոգեկան-իմաստային վստահելի ուղենշաններով:
Մոտ ապագայում կհրատարակվեն Հ. Ալեքսանյանի անգլերեն եւ գերմաներեն թարգմանությամբ ժողովածուները այդ լեզուներին տիրապետող երկրներում: Մինչ օրս բանաստեղծի գործերը թարգմանաբար լույս են տեսել ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, ռումիներեն եւ բոսնիերեն:
Բանաստեղծի նոր գիրքը հրատարակվել է պետական աջակցությամբ:
ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ