«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2011-05-06 | #82, 2011-05-07 | #83, 2011-05-10


«ՀԱՅԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԻՆ, ԻՍԿ ՔՐԴԵՐԸ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ԵՆ»

Մինչ ապրիլի 24-ին «Ռասիզմին եւ ազգայնականությանը ո՛չ» նախաձեռնությունը Ստամբուլում, Անկարայում, Բոդրումում եւ Դիարբեքիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ էր կազմակերպում, նույն օրը Սկյուտարի «Բուրհան Ֆելեքի» անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին ցուցադրվում են լուսապատկերներ:

Լուսապատկերների ցուցադրությունը համարելով սկանդալային, «Էթքին» լրատվական գործակալությունը նշում է, որ աշակերտներին այդ օրը հանել են դասից եւ դպրոցի դահլիճում «ազգային անվտանգության» առարկայի շրջանակում ցուցադրել իբր հայերի եւ քրդերի զոհը դարձած դիակների պատկերները: Աշակերտներից շատերը սարսափահար աչքերն են փակել, հրաժարվելով դիտել լուսապատկերների ցուցադրությունը, սակայն ուսուցիչը սաստել է նրանց, թե բացակա են համարվելու: Ավելին, նա լուսապատկերների ցուցադրմանը զուգընթաց պարզաբանումներ է արել, ասելով, որ «հայերը սպանել են թուրքերին, իսկ քրդերը դավաճաններ են»:

Ուսուցիչը, որի անունը չի նշվում, անմիջապես լռեցրել է այն աշակերտներին, որոնք հարց են տվել. «Հրանտ Դինքը հայ լրագրող էր: Նրան ովքե՞ր եւ ինչո՞ւ են սպանել»: Նշելով այս ամենի մասին, նշված գործակալությունը հիշեցնում է մեկ այլ սկանդալի մասինՙ կապված «Սարի աղջիկ. Հայկական հարցի ներքին ծալքերը» տեսասկավառակի հետ, որը 2009-ին նույնպես ցուցադրվել է դպրոցներում, ընդ որումՙ Ստամբուլի նահանգապետարանի ազգային կրթության վարչության կարգադրությամբ:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4