Թուրքական ժխտողականության մարտնչող բնույթը Թուրքիայի սեւեռուն ուշադրության առարկան է դարձնում Հայոց ցեղասպանության ճանչման նախաձեռնությունները, որոնց իսկույն արձագանքում են թուրքական լրատվամիջոցները: Երեկ «Ցեղասպանության բանաձեւը վերստին կներկայացվի» վերնագրով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությանն է անդրադարձել «Հաբեր 7» հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի կայքէջի, Ադամ Շիֆը, մասնակցելով Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում կազմակերպված միջոցառմանը, խոսել է Կոնգրեսի առաջիկա նստաշրջանում նախատեսվող ձեռնարկումների մասին: Դրանք ենթադրում են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վերստին Ներկայացուցիչների պալատի օրակարգ մտցնելը, Հայաստանի դեմ Թուրքիայի կիրառած շրջափակման վերացումը, թուրքահայ համայնքին պատկանող կալվածքներին եւ փոքրամասնությունների իրավունքներին առնչվող խնդիրների հաղթահարումը:
Հ. Չ.