«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2011-05-06 | #82, 2011-05-07 | #83, 2011-05-10


ՀՀ-ՈՒՄ ԱՌԵՎՏՈՒՐԸ` ՇԱՀԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶ

Չգիտեմՙ ՀՀ-ում առեւտուր իրականացնող որեւէ մեկը կվրդովվի՞ արդյոք նման գնահատականից եւ տողերիս հեղինակին մեզանում արդեն սովորական դարձող դատական կարգով պատժի որեւէ միջոցի կներկայացնի՞, այսուհանդերձ, անկարող լինելով զսպել վրդովմունքս, հոգումս կուտակվածը վերապատմելու եմ:

Շաբաթներ առաջ «Ազգ» -ում տպագրածս «Թալանի ու ողջախոհության արանքում» հոդվածում անդրադարձել էի ՌԴ-ից ներմուծված վարսակի շիլայի մրգային տարբերակի գնին: Սուպերմարկետներից մեկից գնումներ կատարելիս նկատելով համապատասխան շիլայի փաթեթըՙ վերցրի: Տանն արդեն ինչ-որ կասկած առաջացավ հսկիչի գանձումից. նայելով կտրոնի տվյալները նկատեցի, որ վարսակի 35-գրամանոց 10 փաթեթներից բաղկացած տուփի դիմաց վճարել եմ 1690 դրամ, 1 կգ-ի արժեքը ստացվում էր 5000 դրամից ավելի: Եղա սուպերմարկետում եւ բաժնի մենեջերին խնդրեցի կանոնավորել գնապիտակը, քանի որ տուփի տակ նշված էր 169 դրամ գին: Հասա միայն նրան, որ տուփի ներսի 10 փաթեթներից մեկն առանձնացվեց. ավելին անել չհաջողվեց: 1 կիլոգրամի առումով քաղաքացուս կողմից տարօրինակ որակվող 5000 դրամ գնին ի պատասխան մենեջերն ասաց, որ շուկայական հարաբերություններ են, կարող եմ այլ առեւտրի կետերից օգտվել, այլ ապրանքատեսակ գնել, որի դեմ ոչինչ ասել չես կարող. բակլան իմն է, խաշած եմ ցանում հանրահայտ արտահայտությունը որոշակի հիմք ունի:

Խնդրեմՙ դիտեք Ավստրիայի Գրաց քաղաքի «Շպար» սուպերմարկետից կատարածս նույնատիպ ապրանքի նկարը: 1 կգ կշռող մրգային հարուստ վարսակի դյուրաեփ շիլայի դիմաց վճարել եմ 1 եվրո 49 ցենտ, ՀՀ արժույթի վերածած մոտ 800 դրամ: Սա մանրածախ առեւտրի ցանցում, ուր եւ հարկեր են վճարում, եւ աշխատողներին եվրոպական մակարդակով աշխատավարձ տալիս, եւ շահույթ ապահովում: Նեղություն քաշեք եւ ինքներդ հաշվեք, թե ինչ գնով կարելի է այս մթերքը ձեռք բերել եվրոպական արտադրողից եւ այն ՀՀ հասցնելով շահույթով վաճառել: Տողերիս հեղինակն իր մոտավոր պատկերացումները ներկայացրեց առնվազն 10 ծանոթ ընկերների, ովքեր 1 կիլոգրամի դիմաց 1000 դրամը որոշակի շահույթ ապահովող գին համարեցին: Եվ հարցը, թե ինչո՞ւ են մեր ներմուծողները ապրանքներ ձեռք բերում բարձր գներ պահանջող երկրներից, հնչում է ինքնաբերաբար: Հակառակ պարագայում ճիշտ են նրանք, ովքեր համոզված են, որ ներմուծումներն իրականացվում են էապես ցածր գներով, վաճառվում աստղաբաշխական շահույթներով: Առավել տարօրինակ է, թե ինչու այս պարզ շիլայի արտադրությունը մեզանում չի կազմակերպվում: Գուցե դա ազդի իրոք աննորմալ գնագոյացման վրա:

Համանման պատկեր է անցած աշնանից հայաստանյան շուկայում արձանագրվող խնձորի վաճառքի հարցում: Ինչ-ինչ պատճառներով, որտեղ շրջանառվում է նաեւ կարկտաբեր ամպերը ընդամենը մի 15 րոպե ուշացումով ցրելու զրույցը, խնձորի հիմնական այգետերերը զրկվեցին բերքից: Բնական էՙ պակասը լրացնել էր պետք, եւ ՀՀ առեւտրային ցանցում հայտնվեցին արտերկրների գեղեցիկ ու հյութալի խնձորի տեսականիները, 1 կգ-ն առաջարկելով 1400-1800 դրամով: Հանրության որոշ հատվածը օգտվում է այս պտղից, որոշակի մասը նայում է գնին ու լավագույնը բավարարում երեխայի կամ հիվանդի ցանկությունը, մնացյալն իրեն սփոփումՙ թե խնձորն առաջին անհրաժեշտության սնունդ չէ: Նայելով Գրաց քաղաքի սուպերմարկետներում այս ապրանքի գնին, դարձյալ գալիս եմ այն եզրակացության, որ ՀՀ ներմուծումներ իրականացնողները խնձորի առաջարկվող տեսականին ձեռք են բերել դրանց դիմաց բարձր գներ պահանջող երկրներում: Իսկ ահա Գրացի «Շպար» մարկետում օրեր առաջ ընտիր խնձորի կիլոգրամի դիմաց վճարեցի 62 ցենտ, «Բիլլա» սուպերմարկետի մրգերի բաժնի մի հատվածում մեծ արկղով խնձոր էր լցված, կողքին պլաստմասսայե 10 լիտր տարողության դույլեր: Հայտարարագրից պարզվեց, որ այն կարելի է լեփլեցուն լցնելՙ վճարելով 4,99 եվրո: Դույլը լցնելուց ու փորձնական կշռում իրականացնելուց հետո քաշը կազմեց 6 կգ 700 գրամ, 1 կգ-ի արժեքըՙ մոտ 80 ցենտ, դույլն էլ գնորդին նվեր: «Պեննի» սուպերմարկետում խնձորը մի փոքր թանկ արժեր. կանաչ կեղեւով ջրալի ու քաղցր տեսակի այս պտուղը գնահատված է 99 ցենտ: Հիշատակված գներից մատչելի խնձոր կարելի է ձեռք բերել շաբաթվա որոշակի օրերի քաղաքի տարբեր մասերում գործող բացօթյա շուկաներում, ուր վաճառք իրականացնողներն ընդգծված նշում են, որ իրենց վիրավորված կզգան, եթե երկիր այս մրգի տեսանելի ծավալի ներկրում իրականացվի: Հիշենք, որ Ավստրիան մի երկիր է, ուր 1 բնակչի հաշվով 1 հա տարածք կա, որի 1700 քառակուսի մետրը վարելահող, ճիշտ նույնքան, ինչքան մեր շատ ավելի արեւաշող ու ոչ պակաս ջրառատ Հայաստանում: Մի փաստ նշեմ. հյուրնկալողներս իրենց այգու 40-ամյա 2 խնձորենիները կտրեցին, այդ տարածքում դնելով խնձորենու 4 նոր տնկիներ:

Տրամադրությունս ընկնում է ՀՀ-ում արձանագրվող գներից: Գրացում տեսածս մեկնաբանելու ցանկություն անգամ չեք թողնում, ՀՀ տնտեսության պատասխանատու պարոնայք պաշտոնյաներ: Ասպարեզը ներմուծողներին թողնելովՙ 100-հազարավորների տխուր առօրյան մի օր էլ ձեր առջեւ է հայտնվելու: Այսօրվա ձեր պահվածքով այդ օրը մոտեցնելը երկիրը անցանկալի վիճակի առջեւ կկանգնեցնի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4