«Եկեղեցին իմ կյանքի անբաժան մասն է եղել մանկությունից սկսած: Մենք մեծացել ենք հավատի եւ մշակութային ավանդույթները պահպանելու ոգով», նշել է Ուայկոֆի (Նյու Ջերսի) իր տանը կայացած հանդիպման ժամանակ Երուսաղեմի հայկական թաղամասում հասակ առած բարերար Սարգիս Պետեւյանը, ում Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան թեմը հռչակել է «Տարվա հայ»: Քեմբրիջի Սբ Երրորդություն հայկական եկեղեցին ապրիլի 29-ին Բոստոնի «Պարկ պլազա» հյուրանոցում կայանալիք գալա-խրախճանքի ժամանակ նրան շնորհվել է այդ մրցանակը:
Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց վարժարանն ու ֆրանսիական քոլեջն ավարտելուց հետո Պետեւյանը 1959-ին տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, որտեղ ուսումը շարունակում է Նյու Յորքի համալսարանում: Այնուհետեւ Հյուսիսային Նյու Ջերսի մեկնելով, Ֆեր Լոունի (Նյու Ջերսի) Սբ Լեւոն եկեղեցու ծխական խորհրդի գանձապահն է դառնում եւ մասնակցում եկեղեցու գործունեության ընդարձակման ծրագրերին:
Հայաստան առաջին այցելության ժամանակ 1985-ինՙ մասնակցելու երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի ձեռնադրման 30-ամյակի տոնակատարություններին, ծանոթանում է Գարեգին եպս. Ներսիսյանի հետ, որը հետագայում դառնալու էր Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոսը: Գարեգին Բ կաթողիկոսի հետ հետագա համագործակցության արդյունքում Պետեւյանը մեծապես օժանդակել է Սեւանի Վազգենյան ճեմարանի ընդարձակման ծրագրերին: Այնուհետեւ ստանձնել է Գյումրիում դպրոց կառուցելու ծրագիրը, որը «Վարդանանց ասպետների» նախաձեռնությունն էր: Հայաստանում կատարած 3-րդ մեծ բարերարությունը Վանաձորում Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու կառուցումն էր, որն օծվեց 2005-ին: Երիտասարդների դաստիարակությանը նպաստելու նպատակով նա նաեւ Վանաձորում հիմնել է Հայորդաց տունը, որը ծառայում է ավելի քան 600 պատանի-պատանուհիներին:
Նման բարեգործությունների համար 2002-ին Պետեւյանն արժանացել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ 2005-ինՙ «Սբ Ներսես» եկեղեցական բարձրագույն մեդալներինՙ ձեռամբ Գարեգին Բ կաթողիկոսի: Բայց ամենամեծ պատիվը Պետեւյանը համարում է 2008-ին սբ մյուռոնի օրհնության կնքահայրը դառնալու հնարավորությունը, որն իրեն վերապահված էր դարձյալ Գարեգին Բ կաթողիկոսի կարգադրությամբ: Պետեւյանը հայ հավատացյալի իսկական տիպար է:
Հ. Ծ.