Կան անհատներ, որոնց ինքնությանը ծանոթանալիս հարգանքն ու պատկառանքն են համակում քեզ: Դրանց շարքում իր տեղն ունի վաստակաշատ մատենագետ, լրագրող, պատմաբան, Արցախյան հերոսամարտի մասնակից Տիգրան Հայազնը (Տիգրան Պետրոսյանց): Մայիսի 6-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի լեփ-լեցուն դահլիճում հավաքվել էին Տիգրան Պետրոսյանցի դասընկերները, աշխատանքային ու մարտական ընկերները, գրչընկերներն ու բարեկամները, նշելու Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի 60-ամյակը եւ մասնակցելու նրա վերջին երեքՙ «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ», «200 հայ զորավարներ» եւ «Վարդենիս» գրքերի շնորհանդեսին: 37 գրքերի ու գրքույկների, 100-ից ավելի գիտական հոդվածների, 1000-ից ավելի այլ հոդվածների հեղինակ Տիգրան Հայազնը հատիկ առ հատիկ հավաքել եւ թղթին է հանձնել հայազգի 1295 գեներալների, զորավարների, ծովակալների կենսագրականները տարբեր ոլորտներից: «Այդ գրքերից երկուսը, ինչպես «Ազգի» հետ զրույցում ասաց Պետրոսյանցը, «իմ նվիրումն է Հայկական բանակին, իսկ մեկըՙ իմ հարազատ ծննդավայր Վարդենիս գյուղին: Երեքն էլ հանրագիտարանային տիպի գրքեր են եւ իրենց մեջ կրում են գիտելիք եւ տեղեկություններ 34 երկրում 1000-ից ավելի գեներալական աստիճան ստացած հայազգի մարդկանց մասին: Իսկ «200 հայ զորավարներ» շարքը իր մեջ ընդգրկում է Հայկ Նահապետից առ մեր օրերը հայ զորավարների մասին տեղեկություններ:
Այդ օրը հոբելյարին շատերը շնորհավորեցին, ուղերձներ, պատվոգրեր ու նվերներ հանձնեցին: Իսկ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթյանը բարձր գնահատանքի խոսքեր հնչեցրեց Պետրոսյանցի անցած մարտական ուղու համար եւ հույս հայտնեց, որ հոբելյարից շատ բան ունեն սովորելու մեր երիտասարդները ե՛ւ բանակում ե՛ւ կյանքում: Մեկ տասնյակ հուշամեդալներից, պատվոգրերից ամենաարժեքավորը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրովՙ բանակ-հասարակություն կապն ամրապնդելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաեւ ծննդյան 60-ամյակի առթիվ, պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Մնացականի Պետրոսյանցը պարգեւատրվեց «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Պետրոսյանցի գրական ու ստեղծագործական ուղին ներկայացրեց պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:
«Ազգը» միանում է շնորհավորանքներին:
Մ. Մ.